Logo

Արսեն Բեգլարյանը պատմական նվաճման հասավ (ֆոտո)

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
13:02 / 17.03.2023Fastex Պրեմիեր լիգա
Բացառիկ
null

«Ուրարտուի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը, դարպասն անառիկ պահելով ԲԿՄԱ-ի հետ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի խաղում, պատմական նվաճման հասավ: Դա հայկական ակումբներում, Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում անցկացրած պաշտոնական մրցումներում Բեգլարյանի 100-րդ «չոր» հանդիպումն էր, որի շնորհիվ նա ընդգրկվեց Սերգեյ Զատիկյանի անվան ակումբում՝ դառնալով 5-րդ անդամը: Այդ ցուցանիշին հասնելու համար 30-ամյա դարպասապահից պահանջվեց պաշտոնական 230 խաղ:

«Չոր» խաղերից 80-ը Բեգլարյանն անցկացրել է Fastex ՀՊԼ-ում, 9 անգամ դարպասն անառիկ է պահել Fastex Հայաստանի գավաթի հանդիպումներում, 3 անգամ գոլ բաց չի թողել եվրագավաթների մրցաշարերում, 4-ական-անգամ էլ դարպասն ամուր փակի տակ է պահել Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների խաղերում:

Հայկական ֆուտբոլի անվանի դարպասապահներից մեկի՝ Սերգեյ Զատիկյանի անունը կրող ակումբը հիմնադրվել է 1999թ.: Առաջինն այդ ակումբում ընդգրկվել է «Արարատի» և Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Հարություն Աբրահամյանը՝ 1999թ. հուլիսի 30-ին «Հրազդան» մարզադաշտում «Կիլիկիայի» հետ կայացած առաջնության խաղում պաշտոնական մրցումներում 100-րդ անգամ դարպասը պահելով անառիկ:

Հետագայում ակումբի շարքերը համալրեցին «Շիրակի» նախկին դարպասապահներ Արթուր Հովհաննիսյանն ու Ռայմոնդ Զադուրյանը և հայկական 9 ակումբների դարպասը պաշտպանած, Հայաստանի առաջնությունների պատմության ամենատարեց դարպասապահ Գևորգ Կասպարովը:

Կրասնոդարում ծնված և ֆուտբոլային առաջին քայլերը տեղի «Կուբանի» և «Կրասնոդարի» երիտասարդական թիմերում կատարած Արսեն Բեգլարյանը Հայաստանում հայտնվեց 2012թ. ամռանը: Ելնելով  ազգային հավաքականի շահերից, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ 2012/13թթ. մրցաշրջանից սկսած առաջնության մասնակից թիմերին արգելվել էր հայտավորել այլազգի դարպասապահների: 

Ուստի «Գանձասարը», որի դարպասը նախորդ մի քանի մրցաշրջաններում հաջողությամբ պաշտպանել էր վրացի Լևան Բուբուտեիշվիլին՝ ընդհանուր առմամբ առաջնությունում անցկացնելով 92 խաղ, թիմ էր հրավիրել 19-ամյա Արսեն Բեգլարյանին:

Երիտասարդ դարպասապահը նորամուտը նշեց 2012թ. հուլիսի 29-ին «Ուլիսի» հետ կայացած առաջնության խաղում: Հանդիպումը հաջող դասավորվեց Բեգլարյանի համար, որը դարպասն անառիկ պահելով, նպաստեց գանձասարցիների հաղթանակին՝ 2-0:

Բեգլարյանը միանգամից դարձավ թիմի հիմնական դարպասապահը: Առաջնության 25 հանդիպումներում նա նույնքան գոլ բաց թողեց, 11 անգամ դարպասն անառիկ պահեց: Բարձրագույն խմբում իր առաջին իսկ մրցաշրջանում Արսեն Բեգլարյանը թիմակիցների հետ արժանացավ բրոնզե մեդալի:

Հաջորդ մրցաշրջանում Բեգլարյանը կրկին գանձասարցիների հիմնական դարպասապահն էր: Նա առաջնության 28 հանդիպումներից 24-ում պաշտպանեց դարպասը՝ բաց թողնելով 29 գոլ, 7 անգամ դարպասը պահելով անառիկ:  

Առաջնության ավարտից հետո Բեգլարյանը կարճ ժամանակով տեղափոխվեց «Շիրակ»՝ թիմի դարպասը պաշտպանելով Կարագանդայի «Շախտյորի» հետ Գյումրիում կայացած Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի խաղում: Իսկ նոր մրցաշրջանը նա դիմավորեց «Ուլիսում»՝ ընդունելով ակումբի նախագահ Վալերի Հովհաննիսյանի հրավերը:

Նոր ակումբում Բեգլարյանի նորամուտը փառահեղ ստացվեց: Առաջնության մեկնարկային 5 հանդիպումներում նա դարպասն անառիկ պահեց և միայն «Միկայի հետ խաղի ավելացված ժամանակում առաջին գոլը բաց թողեց՝ ընդհանուր առմամբ դարպասն անառիկ պահելով 539 րոպե շարունակ: Այդ ցուցանիշը ռեկորդային էր «Ուլիսում» հանդես եկած դարպասապահների համար, որն այդպես էլ անգերազանցելի մնաց: «Ուլիսում» Բեգլարյանն իր երկրորդ մեդալը նվաճեց՝ դառնալով արծաթե մրցանակակիր:

2015/16թթ. առաջնությունում Բեգլարյանը պաշտպանեց «Միկայի» դարպասը, որի լուծարումից հետո տեղափոխվեց «Ալաշկերտ»: Այստեղ արդեն զգալի փորձ ունեցող դարպասապահը հասավ ֆուտբոլային կարիերայի առայժմ իր ամենամեծ նվաճումներին՝ դառնալով Հայաստանի կրկնակի չեմպիոն, մեկ անգամ պատվո շրջան կատարելով Սուպերգավաթով:

«Ալաշկերտում» անցկացրած իր առաջին մրցաշրջանում Արսեն Բեգլարյանը թիմի դարպասապահների մեջ նոր ռեկորդ սահմանեց՝  536 րոպե շարունակ դարպասն անառիկ պահելով: Միայն հետագայում Օգնեն Չանչարևիչին հաջողվեց գերազանցել Բեգլարյանի ցուցանիշը՝ գոլ բաց չթողնելով 594 րոպե շարունակ:

2017/18թթ. մրցաշրջանի ավարտից հետո Բեգլարյանը մեկնեց արտերկիր, որտեղ պաշտպանեց լատվիական «Լիեպայայի» և բելառուսական «Դնեպրի» դարպասները:

Վերադառնալով Հայաստան, 2020թ. փետրվարի սկզբին Բեգլարյանն ընդունեց «Ուրարտուի» հրավերը, որի կազմում նորամուտը նշեց մայիսի 25-ին «Արարատի» հետ կայացած առաջնության խաղում: 

Հաջորդ երկու մրցաշրջաններում Բեգլարյանն «Ուրարտուի» հիմնական դարպասապահն էր՝ հաղթող դուրս գալով Անատոլի Այվազովի հետ մրցակցությունում: 

Ընթացիկ առաջնության մեկնարկային 7 հանդիպումներում թիմի դարպասի պաշտպանությունը կրկին վստահվել էր Արսեն Բեգլարյանին, որը 6 գոլ էր բաց թողել, 3 անգամ դարպասն անառիկ էր պահել: Իսկ 8-րդ տուրից սկսած մինչև առաջնության աշնանային հատվածի ավարտը դարպասում 24-ամյա ռուս դարպասապահ Ալեքսանդր Մելիխովն էր, որն իրեն վատ չդրսևորեց: Նա անցկացրած 13 հանդիպումներում 9 գոլ բաց թողեց, 7 անգամ դարպասը պահեց անառիկ:

Բարեբախտաբար, առաջնության գարնանային հատվածում Բեգլարյանը կրկին իր տեղը զբաղեցրեց «Ուրարտուի» դարպասում՝ հիանալի կատարելով դարպասապահի պարտականությունները: Փորձառու դարպասապահն անցկացրած 4 հանդիպումներում էլ դարպասն անառիկ պահեց: Բեգլարյանը միակ դարպասապահն է, որ առաջնության գարնանային հատվածում դեռ գոլ բաց չի թողել:

Արսեն Բեգլարյանն ընթացիկ առաջնության մասնակից դարպասապահներից ամենափորձառուն է: Նա Fastex ՀՊԼ-ում 195 խաղ է անցկացրել, որոնցում 185 գոլ է բաց թողել: «Ուրարտուի» կազմում անցկացրած 58 հանդիպումներում Բեգլարյանն ընդամենը 43 գոլ է բաց թողել, 27 անգամ դարպասն անառիկ է պահել:

VNews-ը ներկայացնում է Սերգեյ Զատիկյանի անվան ակումբի անդամների ցուցանիշները Հայաստանի առաջնություններում (Ա), գավաթի (Գ), Սուպերգավաթի (Ս), եվրագավաթների (Ե) մրցաշարերում, Հայաստանի ազգային (ԱՀ) ու երիտասարդական (ԵՀ) հավաքականների հանդիպումներում և ԱՊՀ երկրների «Համագործակցության գավաթի» (ԱՊՀ) խաղարկություններում դարպասն անառիկ պահած խաղերի քանակով:

Դ             Դարպասապահներ

Ա

Գ

Ս

Ե

ԱՀ

ԵՀ

ԱՊՀ

ԸՆԴ

1.                 1. Գևորգ Կասպարով

123

20

2

8

9

-

1

163

2.              2. Հարություն Աբրահամյան

103

14

-

5

6

-

1

129

                 3. Ռայմոնդ Զադուրյան

89

27

-

-

-

-

1

117

4               4. Արթուր Հովհաննիսյան

85

14

1

2

-

-

-

102

5               5. Արսեն Բեգլարյան

80

9

-

3

4

4

-

100

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ