ԲԿՄԱ-ի հետ Fastex Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խաղում «Ալաշկերտի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը Հայաստանի առաջնություններում իր հոբելյանական՝ 250-րդ հանդիպումը նշեց պատմական նվաճմամբ: Նա Հայաստանի առաջնություններում 100-րդ անգամ դարպասը պահեց անառիկ: Բեգլարյանը դարձավ Հայաստանի առաջնությունների պատմության մեջ նման ցուցանիշ գրանցած ընդամենը 3-րդ դարպասապահը:
Ռեկորդակիրը Հայաստանի առաջնությունների ամենատարեց դարպասապահ Գևորգ Կասպարովն է, որն անցկացրած 348 հանդիպումներից 123-ում գոլ բաց չի թողել: Երկրորդ ցուցանիշն ունի Հարություն Աբրահամյանը, որն առաջնությունում անցկացրած 214 հանդիպումներից 103-ում է դարպասն անառիկ պահել: Ի դեպ, հենց նա էլ Հայաստանի առաջնություններում առաջինն է 100-րդ «չոր» խաղն անցկացրել:
Դա տեղի է ունեցել 2001թ. նոյեմբերի 17-ին կայացած «Դինամո» - «Սպարտակ» խաղում (0-5), որում Հարություն Աբրահամյանը պաշտպանում էր սպարտակցիների դարպասը: Հետաքրքիր է, որ այդ օրը փորձառու դարպասապահը Հայաստանի առաջնություններում հոբելյանական՝ 200-րդ խաղն էր անցկացրել:
2016թ. ապրիլի 6-ին «Արարատի» հետ խաղում «Ալաշկերտի» 35-ամյա դարպասապահ Գևորգ Կասպարովը Բարձրագույն խմբում 100-րդ անգամ դարպասն անառիկ պահեց: Նման ցուցանիշի հասնելու համար Կասպարովից 280 խաղ պահանջվեց:

Եվ արդեն հաջորդ մրցաշրջանի սկզբում՝ 2016թ. օգոստոսի 21-ին «Բանանցի» հետ մրցավեճում «Ալաշկերտի» դարպասապահը ՀՀ առաջնություններում 104-րդ անգամ դարպասը պահելով անառիկ, անխոցելիության նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Հարություն Աբրահամյանի ցուցանիշը:
Կրասնոդարում ծնված և ֆուտբոլային առաջին քայլերը տեղի «Կուբանի» և «Կրասնոդարի» երիտասարդական թիմերում կատարած Արսեն Բեգլարյանը Հայաստանում հայտնվեց 2012թ. ամռանը: Ելնելով ազգային հավաքականի շահերից, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ 2012/13թթ. մրցաշրջանից սկսած առաջնության մասնակից թիմերին արգելվել էր հայտավորել այլազգի դարպասապահների:
Ուստի «Գանձասարը», որի դարպասը նախորդ մի քանի մրցաշրջաններում հաջողությամբ պաշտպանել էր վրացի Լևան Բուբուտեիշվիլին՝ ընդհանուր առմամբ առաջնությունում անցկացնելով 92 խաղ, թիմ էր հրավիրել 19-ամյա Արսեն Բեգլարյանին:
Երիտասարդ դարպասապահը նորամուտը նշեց 2012թ. հուլիսի 29-ին «Ուլիսի» հետ կայացած առաջնության խաղում: Հանդիպումը հաջող դասավորվեց Բեգլարյանի համար, որը դարպասն անառիկ պահելով, նպաստեց գանձասարցիների հաղթանակին՝ 2-0:

Բեգլարյանը միանգամից դարձավ թիմի հիմնական դարպասապահը: Առաջնության 25 հանդիպումներում նա նույնքան գոլ բաց թողեց, 11 անգամ դարպասն անառիկ պահեց: Բարձրագույն խմբում իր առաջին իսկ մրցաշրջանում Արսեն Բեգլարյանը թիմակիցների հետ արժանացավ բրոնզե մեդալի:
Հաջորդ մրցաշրջանում Բեգլարյանը կրկին գանձասարցիների հիմնական դարպասապահն էր: Նա առաջնության 28 հանդիպումներից 24-ում պաշտպանեց դարպասը՝ բաց թողնելով 29 գոլ, 7 անգամ դարպասը պահելով անառիկ:
Առաջնության ավարտից հետո Բեգլարյանը կարճ ժամանակով տեղափոխվեց «Շիրակ»՝ թիմի դարպասը պաշտպանելով Կարագանդայի «Շախտյորի» հետ Գյումրիում կայացած Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի խաղում: Իսկ նոր մրցաշրջանը նա դիմավորեց «Ուլիսում»՝ ընդունելով ակումբի նախագահ Վալերի Հովհաննիսյանի հրավերը:
Նոր ակումբում 21-ամյա Բեգլարյանի նորամուտը փառահեղ ստացվեց: Առաջնության մեկնարկային 5 հանդիպումներում նա դարպասն անառիկ պահեց և միայն «Միկայի հետ խաղի ավելացված ժամանակում առաջին գոլը բաց թողեց՝ ընդհանուր առմամբ դարպասն անառիկ պահելով 539 րոպե շարունակ:

Այդ ցուցանիշը ռեկորդային էր «Ուլիսում» հանդես եկած դարպասապահների համար, որն այդպես էլ անգերազանցելի մնաց: Դա նաև տարիքային նոր ռեկորդ էր ՀՀ առաջնություններում այդ տարիքում հանդես եկած դարպասապահների մեջ, որն ընթացիկ առաջնության նախորդ տուրում գերազանցեց «Ուրարտուի» դարպասապահ Ալեքսանդր Միշիևը՝ 540 րոպե շարունակ դարպասն անառիկ պահելով: «Ուլիսում» Բեգլարյանն իր երկրորդ մեդալը նվաճեց՝ դառնալով արծաթե մրցանակակիր:
2015/16թթ. առաջնությունում Բեգլարյանը պաշտպանեց «Միկայի» դարպասը, որի լուծարումից հետո տեղափոխվեց «Ալաշկերտ»: Այստեղ արդեն զգալի փորձ ունեցող դարպասապահը հասավ ֆուտբոլային կարիերայի առայժմ իր ամենամեծ նվաճումներին՝ դառնալով Հայաստանի կրկնակի չեմպիոն, մեկ անգամ պատվո շրջան կատարելով Սուպերգավաթով:

«Ալաշկերտում» անցկացրած իր առաջին մրցաշրջանում Արսեն Բեգլարյանը թիմի դարպասապահների մեջ նոր ռեկորդ սահմանեց՝ 536 րոպե շարունակ դարպասն անառիկ պահելով: Միայն հետագայում Օգնյեն Չանչարևիչին հաջողվեց գերազանցել Բեգլարյանի ցուցանիշը՝ գոլ բաց չթողնելով 594 րոպե շարունակ:
2017/18թթ. մրցաշրջանի ավարտից հետո Բեգլարյանը մեկնեց արտերկիր, որտեղ պաշտպանեց լատվիական «Լիեպայայի» և բելառուսական «Դնեպրի» դարպասները:
Վերադառնալով Հայաստան, 2020թ. փետրվարի սկզբին Բեգլարյանն ընդունեց «Ուրարտուի» հրավերը, որի կազմում նորամուտը նշեց մայիսի 25-ին «Արարատի» հետ կայացած առաջնության խաղում: 2022/23թթ. մրցաշրջանում նա «Ուրարտուի» կազմում դարձավ Հայաստանի չեմպիոն և գավաթակիր:
Հաջորդ մրցաշրջանում պաշտպանելով «Արարատ-Արմենիայի» դարպասը, Բեգլարյանը 2-րդ անգամ վայելեց Հայաստանի գավաթը նվաճելու բերկրանքը՝ իր մեծ ներդրումն ունենալով եզրափակիչ խաղում «Ուրարտուի» նկատմամբ հետխաղյա 11մ հարվածաշարում տարած հաղթանակում: Նա հետ մղեց Ժիրայր Մարգարյանի 11մ հարվածը, ինչն էլ վճռեց մրցակցության ելքը:

2024/25թթ. մրցաշրջանի առաջին կեսն անցկացնելով «Արարատ-Արմենիայում», Բեգլարյանն առաջնության գարնանային հատվածում պաշտպանեց «Վանի» դարպասը, իսկ ամռանն իր թիմակիցների հետ տեղափոխվեց «Ալաշկերտ»:
FastNews-ը ներկայացնում է Հայաստանի առաջնություններում դարպասն անառիկ պահած խաղերի քանակով դարպասապահների լավագույն տասնյակը՝ նշելով անցկացրած խաղերի ընդհանուր քանակը:
|
1. Գևորգ Կասպարով |
123 |
348 |
|
2. Հարություն Աբրահամյան |
103 |
214 |
|
3. Արսեն Բեգլարյան |
100 |
250 |
|
4. Ռայմոնդ Զադուրյան |
89 |
261 |
|
5. Արթուր Հովհաննիսյան |
85 |
163 |
|
6. Օգնյեն Չանչարևիչ |
76 |
199 |
|
7. Էդիկ Երիցյան |
74 |
247 |
|
8. Գառնիկ Հովհաննիսյան |
69 |
177 |
|
9. Ստեփան Ղազարյան |
65 |
194 |
|
10. Վսևոլոդ Երմակով |
63 |
171 |


