Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել է արագ շախմատի Champions Showdown - Chess9LX մրցաշարը, որի 10 մասնակիցների թվում է աշխարհի 13-րդ չեմպիոն, Խորվաթիան ներկայացնող Գարրի Կասպարովը: Հենց նրա նկատմամբ սպիտակներով 36-րդ քայլին տարած հաղթանակով մրցաշարը սկսեց Լևոն Արոնյանը:
Մրցակարգի համաձայն, յուրաքանչյուր օր մասնակիցները 3-ական մրցախաղ են անցկացնում: 2-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը սևերով 35-րդ քայլին պարտվեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչնուն, որին զիջել էր նաև Սինկֆիլդի գավաթի խաղարկությունում:
3-րդ տուրը հաղթական էր Լևոնի համար, որը սպիտակներով 24-րդ քայլին պարտության մատնեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լերնիեր Դոմինգեսին:
3 տուրից հետո Արոնյանը 2 միավորով ընթանում է 4-րդ տեղում: Առաջատարը 3 միավոր վաստակած Յան Նեպոմնյաշչնին է: 2,5 միավորով նրան հետապնդում է ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան:
Սեպտեմբերի 15-ին կայանալիք 4-6-րդ տուրերում Արոնյանը հաջորդաբար կմրցի ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Ուեսլի Սոյի ու Հիկարու Նակամուրայի հետ:
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է, որից 37,5 հազարը կստանա հաղթողը:


