Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել է շախմատի Grand Chess Tour-ի վերջին՝ 5-րդ փուլի մրցաշար Սինկֆիլդի գավաթի խաղարկությունը:
Դասական շախմատի մրցաշարը Լևոն Արոնյանը սկսեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հանս Նիմանի հետ սևերով 50-րդ քայլին գրանցած ոչ-ոքիով: Սեպտեմբերի 3-ին կայանալիք 2-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով կմրցի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Վերջինս մեկնարկային տուրում միակ հաղթանակը տարավ՝ առավելության հասնելով ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչնու նկատմամբ:
Ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը հաշտություն կնքեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոյի հետ: Նույնպիսի արդյունք գրանցվեց նաև Ֆրանսիան ներկայացնող Ալիռեզա Ֆիրուջայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանայի, ամերիկացի Լերնիեր Դոմինգեսի ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի մրցախաղերում:
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 350 հազար դոլար է, որից 100 հազարը կստանա հաղթողը: