Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Պոետի սերը» խորագրով համերգ։
Կհնչեն Ռոբերտ Շումանի «Պոետի սերը» երգաշարն՝ ըստ Հայնրիխ Հայնեի պոեմի, Կլարա Շումանի թ․ 17 Էքսպրոմտը, ինչպես նաև Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռոմանոս Մելիքյանի և Նիկոլ Գալանտերյանի ստեղծագործությունները։ Որպես մենակատար հանդես կգա Ասատուր Բալջյան (բարիտոն), կոնցերտմայստեր՝ Կատարինե Հովսեփյան (դաշնամուր)։
Նշենք, որ համերգը յուրահատուկ է նրանով, որ «Պոետի սերը» երգաշարն ամբողջական տարբերակով հազվադեպ է հնչում Հայաստանում։
Ասատուր Բալջյանը 2008 թվականին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի տարվա լավագույն երգիչ անվանակարգում։ 2012-ին ճանաչվել է Ամենամյա Վիտենբերգյան երաժշտական խաղերի հաղթող (Գերմանիա): Վարպետության դասեր է անցել Շվեյցարիայում, Իսրայելում, Հայաստանում և այլ երկրներում։ Եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբի և Ազգային օպերային թատրոնի մենակատար։