Logo

Արմեն Մելիքբեկյան․ «ՀՖՖ-ն աջակցում է ՈւԵՖԱ-ին Սուպերլիգայի դեմ պայքարի հարցում»

14:13 / 23.12.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ հերթական 24-րդ ժողովի ընթացքում խոսել է եվրոպական Սուպերլիգայի մասին։

«Ցանկանում եմ այսօր ուղերձի հատվածում օգտվել առթից ու խոսել մի շատ կարևոր իրադարձության մասին։ ՀՖՖ-ի թիմը վերջին 4 տարիների ընթացքում աշխատել է հայկական ֆուտբոլի զարգացման համար և վստահ եմ, որ իր շահառուների ու գործընկերների հետ բազմաթիվ դրական քայլեր է կատարել։ Բնականաբար, եղել են նաև սխալներ, սակայն մի կարևոր բանի մենք հավատարիմ ենք մնացել մեր գործունեության մեջ, և այդ ամենակարևոր սկզբունքներից մեկը ֆուտբոլի եվրոպական մոդելի զարգացումն է։ Ինչու եմ հիմա նշում սա, որովհետև այժմ կան գործընթացներ տարբեր երկրներում, գուցե նաև՝ Հայաստանում, երբ փորձում են հարցականի տակ դնել ֆուտբոլի եվրոպական մոդելը։ 2 օր առաջ Արդարադատության եվրոպական դատարանը կայացրեց տխրահռչակ Սուպերլիգայի վերաբերյալ որոշում, որին հետևեցին բազմաթիվ ակումբների հրաժարական նամակներ։ Այսինքն՝ մարդիկ հրաժարվում են մասնակցել այդ նախաձեռնությանը, բացառությամբ՝ 2-3 ակումբի։ Այս պահին կարող ենք ասել, որ խոշոր ու հարուստ ակումբիների միավորման և փակ լիգա ստեղծելու փորձը ձախողվել է, սակայն վստահաբար համաշխարհային ֆուտբոլում պայքարն այս առումով շարունակվելու է։

Պատահաբար, թե՝ ոչ, Հայաստանում միևնույն՝ էլիտար բունտ ձևավորելու միտում կա, ձայներ են հնչում առ այն, որ մեր անդամները չպետք է ունենան միևնույն թվով ձայներ։ Մյուս բոլոր քննադատությունները, եթե դրանք հիմնված չեն զրպարտանքի ու կեղծիքի վրա, քննելի են և դրանցից միշտ կարելի է հետևություններ անել։ Սակայն ես կարծում եմ, որ մեր դիրքորոշումը պետք է լինի հետևյալը՝ այս առաջարկությունը միանշանակ մերժելի է։ Սա խախտում է իրավահավասարության սկզբունքը և դեմ է միջազգային ֆուտբոլային կառույցների հիմնական սկզբունքին։ Սա նույնն է, ինչպես օրինակ ՈւԵՖԱ-ում Գերմանիայի, Սան Մարինոյի կամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաներն ունենան տարբեր թվով ձայներ, կամ օրինակ խորհրդարանական ընտրություններում մարզերում ապրող բնակիչները մայրաքաղաքում ապրող բնակիչներից քիչ ձայներ ունենան։ Մենք բոլորս մի ֆուտբոլային ընտանիքի մաս ենք կազմում, և յուրաքանչյուրն իր չափով կարևորագույն ներդրում է անում հայկական ֆուտբոլի զարգացման մեջ։ Բոլորին կոչ եմ անում պայքարել իրավահավասարությունը խախտող գաղափարների դեմ։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությունն ՈւԵՖԱ-ին Սուպերլիգայի դեմ պայքարի հարցում։ Մենք դեմ ենք ֆուտբոլի էլիտիզացմանը ցանկացած մակարդակում, որովհետև ֆուտբոլը բոլորի համար է»,- նշել է Արմեն Մելիքբեկյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա