Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի և ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ՀՖՖ մամուլի ծառայության հետ հարցազրույցում խոսել է իր՝ ֆուտբոլ վերադառնալու, մանկապատանեկան ֆուտբոլի, ԲԿՄԱ-ի ու տարբեր հարցերի մասին:
«Ինձ համար շատ կարևոր է ԲԿՄԱ-ի նախագիծը, այն նպաստում է նաև երիտասարդական հավաքականի զարգացմանը: ԲԿՄԱ-ում ներգրավված են նաև 21-ից բարձր տարիք ունեցող ֆուտբոլիստներ, բայց նրանք այնպիսի խաղացողներ են, որ օրինակ են ծառայում ավելի երիտասարդների համար: Օրինակ՝ Արգիշտ Պետրոսյանն իր փորձով ու մյուս որակներով կօգնի թիմակիցներին զարգանալ:
Երիտասարդական հավաքականը ֆուտբոլիստներ է մատակարարում ազգային հավաքականին: Իմ նպատակն է երիտասարդ ֆուտբոլիստներին կրթելը: Արդյունքից բացի՝ ինձ համար ամենակարևորն այն է, որ ֆուտբոլիստն իր խաղում առաջընթաց զգա: Հուսով եմ՝ ապագայում թե՛ մեր թիմերը, թե՛ ֆուտբոլիստներն ավելի ուժեղ կլինեն և մենք կհասնենք մեզ համար ցանկալի արդյունքների:
Հայկական ֆուտբոլի ապագան կախված է մանկապատանեկան ֆուտբոլից: Ես ինչ-որ չափով պատասխանատվություն եմ կրում նաև մյուս տարիքային հավաքականների համար»,- ասել է մարզիչը։


