Logo

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզումը, Արմեն Բաբալարյանի մեկնաբանությունը (ֆոտո)

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:30 / 02.09.2022• Ըմբշամարտ
Արմեն Բաբալարյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը շարունակում է պատրաստվել սեպտեմբերի 10-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկող աշխարհի առաջնությանը։ Սեպտեմբերի 2-ին թիմը բաց մարզում է անցկացրել Օլիմպավանում։

Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը լրագրողների հետ զրույցում պատմել է նախապատրաստական փուլի մասին, հաղորդում է VNews-ի թղթակիցը։

«Սա պաշտոնապես առաջին հավաքն է իմ ղեկավարությամբ, բայց նախորդ բոլոր հավաքներին մասնակցել եմ, քանի որ ազգային և երիտասարդական հավաքականների մարզումները գրեթե միշտ համատեղել ենք։ Երբեմն, ինչպես հիմա, նաև առավել հեռանկարային պատանիներին ենք ներգրավել։ Տարբերությունը նրանում է, որ նախկինում պատասխանատու չեմ եղել ազգային հավաքականի ըմբիշների արդյունքների համար, իսկ հիմա՝ լինելու եմ։ Տարեսկզբից հավաքականը հավաքներ է անցկացրել Խորվաթիայում, Ծաղկաձորում, արտասահմանյան 4-5 թիմերի մասնակցությամբ՝ համատեղ հավաք Երևանում։

Մրցումներից առաջ չեմ սիրում կանխատեսումներ անել։ Մարզումները դեռ շարունակվում են. նման տեմպով կարող ենք հասնել պահանջվող մարզավիճակի: Իսկ արդյունքները կերևան մրցագորգում։ Ողղակի կարող եմ ասել, որ այս կարճ ժամանակում արվել է հնարավորինս ամեն ինչ ըմբիշների ֆիզիկական և տակտիկա-տեխնիկական պատրաստվածությունը պահպանելու և բարելավելու համար։ Բոլոր տղաները վաղուց ծանոթ են իմ աշխատաոճին, ես էլ գիտեմ, թե ինչ հնարավորություններ և ունակություններ ունի նրանցից յուրաքանչյուրը ու ինչպես տվյալ պահին նրանց հասցնել լավագույն մարզավիճակին»,- նշել է մարզիչը։    
 wrestling training

Արմեն Բաբալարյանը հայտնել է, որ աշխարհի առաջնության մասնակիցներից վնասվածք ունեն Սլավիկ Գալստյանը, Գևորգ Ղարիբյանը և Արթուր Ալեքսանյանը, որոնք մարզումներին զուգահեռ նաև բուժվում են։

«Համագործակցում ենք բժշկական կենտրոնի հետ և կարծում եմ՝ տղաները նորմալ վիճակում են։ Հավանաբար, աշխարհում չկա որևէ ըմբիշ, որ առանց փոքր վնասվածքի մասնակցի աշխարհի առաջնությանը. բոլորն էլ ունենում են խնդիրներ: Համարում ենք, որ, եթե տվյալ վնասվածքը չի խանգարում մարզիկին, ապա նա պետք է մասնակցի աշխարհի առաջնությանը»,- հայտնել է Բաբալարյանը։

Անդրադառնալով օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի վնասվածքի և մարզավիճակի մասին հարցին՝ գլխավոր մարզիչը հորդորեց թեմային վերադառնալ մրցումից հետո։

Արմեն Բաբալարյանը նշեց նաև, որ հավաքականը գլխավորելիս ոչ թե ժառանգություն է ստացել գործընկերներից, այլ տվել է ժառանգություն: Նա հայտարարեց, որ ինչպես միշտ տրամադրված է ապահովելու առավելագույնս լավ արդյունք։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Կարապետ Չալյան (82 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ), Դավիթ Օվասափյան (130 կգ) կազմով մրցավայր է մեկնելու սեպտեմբերի 8-ին։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ