Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը լիովին պատրաստ է ապրիլի 17-23-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։
Ապրիլի 14-ին Երևանի «Օլիմպավանում» տեղի ունեցած բաց մարզման ավարտին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց ԵԱ-ի կազմը և խոսեց ըմբիշների մարզավիճակի մասին։ Զագրեբում ապրիլի 21-ից մեդալների համար կպայքարեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):
«Եվրոպայի առաջնությանը մասնակցելու ենք լրիվ կազմով: Մասնակիցներին ընտրելիս հիմնվել ենք Հայաստանի առաջնությունում և միջազգային մրցաշարերում նրանց գրանցած արդյունքներին։ Անցկացրել ենք չորս հավաք (Ծաղկաձորում և Երևանում), մասնակցել՝ 2-3 միջազգային մրցաշարի: Կարծում եմ՝ տղաները նորմալ վիճակում են. հոգեբանական, ֆիզիկական և տակտիկական պատրաստականության առումով պատրաստ են։ Կան թեթև վնասվածք ունեցող ըմբիշներ, բայց դա անխուսափելի է մեր մարզաձևում։ Չեմ հիշում որևէ բարձրակարգ ըմբիշի, որն առանց մանր վնասվածքների ներկայացած լինի մրցումներին»,- նշեց Արմեն Բաբալարյանը։
Անդրադառնալով թիմի նորեկներին՝ նա ասաց. «Երկու մարզիկ առաջին անգամ է մասնակցելու մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, սակայն նրանց վերապահումով կարելի է նորեկ համարել։ Վիգեն Նազարյանը երիտասարդների աշխարհի չեմպիոն է, Հայաստանի այս տարվա առաջնության հաղթողն է։ Հանդես է գալիս օլիմպիական քաշային կարգում։ Առհասարակ, պետք է ձգտենք 2-3 լավ ըմբիշ ունենալ այդ քաշային կարգերում: Իսկ Սամվել Գրիգորյանը Հայաստանի առաջնության մրցանակակիր է, պարտվել է միայն Կարեն Խաչատրյանին: Վերջինս անհաջող մասնակցեց վերջերս կայացած Մ23 Եվրոպայի առաջնությանը։ Մինչդեռ, Գրիգորյանը Բուլղարիայի մրցաշարի առաջին փուլում հաղթեց Կարապետ Չալյանին և կմեկնի Եվրոպայի առաջնությանը»։
Գլխավոր մարզիչը գոհացնող համարեց օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանի մարզավիճակը։ «Նորմալ վիճակում է, պատրաստ է Եվրոպայի առաջնությանը: Ունի թեթև վնասվածք, բայց դրանից նա երբեք էլ չի խուսափել։ Պետք չէ Արթուրին առանձնացնել թիմից, նա թիմի մի մասնիկն է»,- նշեց Արմեն Բաբալարյանը:
Նա խուսափեց սպասելիքների մասին խոսելուց՝ նշելով, որ չի սիրում կանխատեսումներ անել, հատկապես՝ ըմբշամարտի պես անկանխատեսելի մարզաձևում, որում մարզիկի արդյունքին անդրադառնում են տարբեր գործոններ։
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը երեք տարվա ընդմիջումից հետո է մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, որտեղ ոսկե մեդալ է նվաճել 2012, 2013, 2014, 2018 և 2020 թվակններին։ ԵԱ-ում գյումրեցի ըմբիշը նվաճել է նաև երկու արծաթե (2011, 2016) և մեկ բրոնզե (2017) մեդալ։