Logo

Արմեն Բաբալարյան․ «Մաքսիմ Մանուկյանը գերազանցում է իրենից ավելի երիտասարդ ըմբիշներին»

18:05 / 12.09.2023Ըմբշամարտ
null

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք աշխարհի առաջնությանը պատրաստվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում Երևանում։ Թիմի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյան լրագրողների հետ զրույցում պատմել է նախապատրաստական փուլի մասին, հաղորդում է VNews-ի թղթակիցը:

«Աշխարհի առաջնության նախապատրաստական փուլում անցկացրել ենք 4 հավաք, նաև մասնակցել ենք միջազգային մրցաշարերի։ Այժմ ընթանում է վերջին հավաքը, որից հետո կմեկնենք մրցավայր։ Տղաները դեռևս իրենց առավելագույն մարզավիճակում չեն, քանի որ դեռ ժամանակ ունենք։ Կան մանր վնասվածքներ, բայց դա չի խանգարում հասնել հաղթանակների։ Կփորձենք տղաներին հասցնել լավագույն մարզավիճակի, որպեսզի նվաճենք առավելագույն քանակի օլիմպիական ուղեգրեր ու մեդալներ։

Մաքսիմ Մանուկյանի հոգեբանական պատրաստվածության մասին բացարձակ խոսք չկա, քանի որ բոլորը ճանաչում են նրան։ Նա ցանկություն է հայտնել մասնակցել աշխարհի առաջնությանը, և մարզիչներով որոշեցինք թույլ տալ։ Այդ քաշային կարգում ունենք ավելի երիտասարդ տղաներ, բայց նա ապացուցեց, որ միջազգային մրցումներում մյուսներն իրենից հետ են։

Աշխարհի առաջնությունում թեժ պայքար է լինելու, քանի որ օլիմպիական ուղեգրեր են խաղարկվելու։ Ինչ վերաբերում է հաջորդ երկու վարկանիշային մրցաշարերին, մենք իրավունք չունենք չմասնակցելու՝ լինի դա Բաքվում, թե այլ վայրում։ Եթե մենք չմասնակցենք Բաքվում, չենք կարող ուղեգրերի համար պայքարել նաև Թուրքիայում։ Պետք է փորձենք աշխարհի առաջնությունում առավելագույն ուղեգրեր նվաճել։

Արթուր Ալեքսանյանը միշտ էլ ունենում է թեթև վնասվածքներ։ Եթե նրա ինչ-որ տեղը չցավի, կարող է զարմանանք»,- նշել է մարզիչը։

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի ամբողջական կազմով՝ Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Շանթ Խաչատրյան (72 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Մաքսիմ Մանուկյան (82 կգ), Գևորգ Թադևոսյան (87 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ) և Դավիթ Օվասապյան (130 կգ)։

Բելգրադն աշխարհի առաջնությունը կընդունի սեպտեմբերի 16-24-ին։ ԱԱ-ն վարկանիշային է լինելու Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր: Ուղեգիր կնվաճեն 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:

Հաբեթնակ Կուրղինյան․ «Ըմբիշները լավ մարզավիճակում են մոտենում աշխարհի առաջնությանը»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա