Հունահռոմեական ոճի անվանի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի և ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, «Բարեկամություն-84» միջազգային մարզական խաղերի հաղթող Բենուր Փաշայանի հուշամրցաշարն այս տարի առաջին անգամ անցկացվեց տարբեր երկրների ազգային հավաքականների մարզիկների մասնակցությամբ։ Թիմերի համար այն նախապատրաստական փուլ էր սեպտեմբերի 15-24-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք աշխարհի առաջնության համար։
Երևանի «Դինամո» մարզադահլիճում կայացած մրցաշարը նշանավորվեց նաև աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանի հաղթական վերադարձով։ Հուշամրցաշարի հաղթող դարձան Վիտալի Կաբալոևը (55 կգ, Ռուսաստան), Դինիսլամ Բամատովը (60 կգ, Ռուսաստան), Արթուր Մելքոնյանը (63 կգ, Ռուսաստան), Սլավիկ Գալստյանը (67 կգ, Հայաստան), Շանթ Խաչատրյանը (72 կգ, Հայաստան), Սերգեյ Ստեպանովը (77 կգ, Ռուսաստան), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ, Հայաստան), Միլադ Ալիրզաևը (87 կգ, Ռուսաստան), Արթուր Սարգսյանը (97 կգ, Ռուսաստան) և Հեդայատի Ֆարդինը (130 կգ, Իրան)։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հուշամրցաշարը հիմնականում ծառայեց նպատակին։
«Մեր թիմի առաջատարներից հարգելի պատճառներով բացակայում էին Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը և Հրաչյա Պողոսյանը։ 63 կգ քաշային կարգում Եվրոպայի այս տարվա առաջնության մրցանակակիր Պողոսյանը ծնկի վնասվածք էր ստացել և այդ պատճառով որոշեցինք նրան ազատել մասնակցությունից, որպեսզի չծանրաբեռնենք և լիարժեք ապաքինվելու հնարավորություն տանք։ Հուշամրցաշարին մասնակցում էին 6 երկրի ըմբիշներ։ Իհարկե, որակը պայմանավորված է քանակով։ Ճիշտ է, այս մրցաշարում մասնակիցների թիվը շատ չէր, բայց նրանց շարքերում էին տիտղոսակիր ըմբիշներ։ Մեր տղաները վատ չդրսևորեցին իրենց, սակայն դեռ աշխատելու շատ տեղ ունենք»,- նշեց Արմեն Բաբալարյանը։
Անդրադառնալով 82 կգ քաշային կարգում հաղթած Մաքսիմ Մանուկյանի ելույթներին՝ Արմեն Բաբալարյանն ասաց. «Մաքսիմ Մանուկյանը սպորտից չէր հեռացել։ Տեսաք, որ վարպետությունը չի խամրում և նա հիանալի կամային հաղթանակ տարավ եզրափակիչում։ Ամեն դեպքում՝ նա ապացուցեց, որ դեռ ունի մրցելու և հաղթելու հնարավորություն։ Մաքսիմի ներկայիս քաշային կարգն օլիմպիական չէ։ Եթե նա ցանկություն հայտնի հանդես գալ օլիմպիական քաշային կարգում, անշուշտ կմտածենք այդ ուղղությամբ։ Այդ հարցը դեռ բաց է մնում։ Միանշանակ է միայն, որ Մաքսիմը Հայաստանի քաղաքացի է, եղել է մեր երկրի հավաքականի առաջատարներից»։
Եզրափակիչում 35-ամյա Մաքսիմ Մանուկյանը տուշեով (5-3) հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Այես Գասինովին, որը երկրորդ մրցափուլի ընթացքում հաղթում էր 3-0 հաշվով։
Հիշեցնենք, որ Մաքսիմ Մանուկյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում էր 2021 թվականից։ Վերջին շրջանում նա մարզվում էր ԱՄՆ-ում, որտեղ անցկացրել է խառը մենամարտերի մի քանի հանդիպում և տարել երեք հաղթանակ։