Logo

Արմեն Բաբալարյան. «Դեռևս կան շտկման կարիք ունեցող թերություններ»

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:39 / 01.03.2023Ըմբշամարտ
Բացառիկ
null

Հունահռոմեական ոճի ըմբիշները շարունակում են սահմանված ծրագրով պատրաստվել մինչև 23 տարեկանների և մեծահասակների Եվրոպայի առաջնություններին, որոնք տեղի են ունենալու համապատասխանաբար մարտի 13-19-ը Ռումինիայում և ապրիլի 17-23-ը Խորվաթիայում։ Փետրվարի 28-ի գիշերը Հայաստանի հավաքականը մեկնել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա՝ մասնակցելու Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի ավանդական հուշամրցաշարին: Մինչև այդ Մ23 Եվրոպայի առաջնության հավանական մասնակիցներն ուժերը փորձել էին Ռուսաստանի Ռյազան քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում՝ նվաճելով 6 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը VNews-ի թղթակցի հետ զրույցում ամփոփել է Ռյազանի մրցաշարը։

«Մեր հիմնական նպատակն էր մրցակցային պայմաններում ստուգել մարզիկների ունակությունները, որպեսզի իրենք էլ տեսնեին, թե ինչպիսի մարզավիճակում են։ Մասնակցում էին հիմնականում այն ըմբիշները, որոնք պատրաստվում են մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։ Գնահատականս միանշանակ չէ։ Բոլոր տղաների մոտ էլ նկատվեցին տարբեր բնույթի թերություններ։ Դրանցից զերծ չէին նաև մրցաշարի հաղթող դարձած ըմբիշները, որոնց վարած գոտեմարտերն ամենևին էլ իդեալական չէին։ Նկատվեցին մանր-մունր սխալներ, որոնք պետք է ձգտենք շտկել հետագա երկու ուսումնամարզական հավաքների ընթացքում։ Մ23 եվրոպական ստուգատեսի մասնակիցների անունները կհրապարակեմ հաջորդ շաբաթ։ Բուլղարիայից վերադառնալուց հետո շարունակելու ենք նախապատրաստությունը»,- նշեց մարզիչը։

Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը մրցաշարին մասնակցել էր 11 ըմբիշով։ Մրցաշարի հաղթող էին դարձել Կարապետ Մանվելյանը (55կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ): Աշոտ Խաչատրյանն (67 կգ) արժանացել էր արծաթե մեդալի, իսկ Աշոտ Կիրակոսյանը (77 կգ) և Հովհաննես Հարությունյանը (87 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր:

Մարտի 2-5-ը Սոֆիայում կայանալիք մրցաշարին Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ կմասնակցեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը և Սամվել Գրիգորյանը (երկուսն էլ՝ 82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ