UFC-ի թեթև քաշային կարգի մարտիկ Արման Ծառուկյանի` մեջքի վնասվածքից ապաքինումը կարող է տևել մի քանի ամիս, հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։
«Ծառուկյանի ապաքինումը կտևի մի քանի ամիս»,- լրատվական գործակալությանը հայտնել է հայ մարտիկի ներկայացուցիչը։
28-ամյա Ծառուկյանը UFC-311-ում պետք է չեմպիոնական մենամարտ անցկացներ Իսլամ Մախաչևի դեմ, սակայն վնասվածքի պատճառով մրցաշարից մեկ օր առաջ հրաժարվեց օկտագոն դուրս գալուց։ FastNews-ին հայտնի էր դարձել, որ նա վնասվածքն ստացել էր պարանով ցատկելու ժամանակ։ Ծառուկյանի փոխարեն մենամարտեց բրազիլացի Ռենատո Մոյկանոն, որին դաղստանցի Մախաչևն առաջին ռաունդում հաղթեց խեղդող հնարքով՝ պաշտպանելով չեմպիոնական գոտին։
UFC 311-ը հեռարձակվում էր Fast TV հավելվածում (iOS, Android):