Logo

Արման Ծառուկյան․ Պարտություններից ավելի ուժեղ դարձած հայ մարտիկը՝ չեմպիոնական ռևանշի ճանապարհին

Հեղինակ
Արմեն Մանուկյան
19:25 / 08.12.2023Խառը մենամարտեր
null

Կան մարդիկ, որոնք արհամարհում են աշխարհի նյութական արժեքները, կյանքի այլ ճանապարհ են ընտրում և այն վերածում են մարտիկի ուղու, մարտիկ, ով օժտված է բնածին ուժով, ունի գրեփլինիգի հրաշալի հմտություններ և ձգտում է կատարելության:

Արման Ծառուկյանը ծնվել է 1996 թվականի հոկտեմբերի 11-ին Վրաստանի Ախալքալաք քաղաքում, որտեղ մեծ թվով հայեր են ապրում։ Վրաստանում 90-ականներին դժվար ժամանակներ էին: Ինչպես հազարավոր հայեր, այնպես էլ Ծառուկյանի հայրը գումար վաստակելու նպատակով տեղափոխվեց Ռուսաստան և բնակություն հաստատեց Խաբարովսկի երկրամասում։ Տարիներ անց այնտեղ տեղափոխվեց Ծառուկյանների ամբողջ ընտանիքը, իսկ Արմանը սկսեց զբաղվել ազատ ոճի ըմբշամարտով, արագորեն հասավ հաջողությունների և կանոնավոր կերպով սկսեց հայտնվել Խաբարովսկի ըմբշամարտի տարբեր տարիքային թիմերում:

Արմանը տարված էր ըմբշամարտով, բայց, ոգեշնչված հայտնի հոկեյիստ Իլյա Կովալչուկի խաղով, որոշել էր գնալ նրա ճանապարհով ու դառնալ հոկեյիստ: Ծառուկյանի դասընկերներից շատերն արդեն զբաղվում էին այդ մարզաձևով: Խաբարովսկի երկրամասում գլխավոր սպորտաձևը հենց հոկեյն է, իսկ երիտասարդների մեծամասնության երազանքը՝ «Ամուրի» կազմում խաղալը: Արմանը մանկուց ապրել է ապահով ընտանիքում, որտեղ երբեք ֆինանսական խնդիրներ չեն եղել: Նրա հայրը՝ գործարար Նաիրի Ծառուկյանը, զբաղվում էր կառուցապատման աշխատանքներով և ընտանիքին ապահովել էր բարեկեցիկ կյանքով: Հոկեյով զբաղվելու թերևս առաջին ու գլխավոր նախապայմանը՝ ֆինանսների առկայությունն արդեն կար: Արդյունքում 12-ամյա Արմանը սկսեց հաճախել «Ամուրի» ակադեմիա՝ զուգահեռ շարունակելով զբաղվել ըմբշամարտով:

Չնայած հոկեյիստ դառնալու ցանկությանը, ուշ մեկնարկն ազդեց Ծառուկյանի կարիերայի վրա և «Ամուրում» խաղալը մնաց երազանք։ Ժամանակն էր կենտրոնանալ ըմբշմարտի վրա և կատարելագործել հմտությունները: Մի առիթով Արմանը ասել է, որ իր համադասարանցիներից  ոչ ոք այդպես էլ հոկեյիստ չդարձավ, և ինքը սպորտաձևի վերջնական ընտրության հարցում չի սխալվել:

Ծառուկյանը MMA-ում սկսեց ելույթ ունենալ 18 տարեկանում: 2015 թվականի սեպտեմբերի 25-ին Սպասկ-Դալնիում 3 րոպեում տեխնիկական նոկաուտով հաղթեց Շամիլ Օլոխանովին, բայց վստահ մեկնարկից հետո ընդամենը 3 ամիս անց ծանրագույն ապտակ ստացավ փորձառու Ալեքսանդր Բելիխից, որն ընդամենը 28 վայրկյանում նոկաուտի ենթարկեց հայ մարտիկին ու ստիպեց փոխել և՛ կյանքի, և՛ կարիերայի նկատմամբ վերաբերմունքը:

Ծառուկյանը հաջորդ մենամարտին մոտեցավ կերպարանափոխված: 6 ամիս տևած տքնաջան աշխատանքից հետո նպատակը մեկն էր՝ հաղթել բոլորին, ռևանշի հասնել Բելիխի նկատմամբ և թեթև քաշային կարգում դառնալ լավագույն մարտիկը: Վերադարձի մենամարտում Արմանից 33 վայրկյան պահանջվեց Ալի Խայբուլաևին փանչով նոկաուտի ենթարկելու համար: Ալեքսանդր Մորոժկոյին հաղթելու համար անհրաժեշտ էր 1 րոպե 28 վայրկյան, Դմիտրի Շկրաբին դիմացավ 2 րոպե 21 վայրկյան, իսկ հաղթական շարքի վերջում Ծառուկյանը վերջապես մրցակից ստացավ Ալեքսանդր Բելիխին: Արմանի դեմքին դեռ դրոշմված էր Բելիխի փանչը, բայց պատասխանը չուշացավ: Խաբարովսկում՝ սեփական երկրպագուների առջև, Արման Ծառուկյանը 2 րոպե 51 վայրկյանում խեղդող հնարքով հաղթեց մրցակցին և ոչ միայն լուծեց ռևանշի հարցը, այլև իրականացրեց նպատակն ու նոր մարտահրավերներ ստեղծեց իր համար: MFP, OFS, League S-70, Road FC... 2019-ի սկզբին Արմանն ահռելի քանակությամբ հաղթանակներ էր կուտակել, որպեսզի արժանանար ամերիակցի պրոմոութերների ուշադրությանը: 12 անընդմեջ հաղթանակ, ինչից հետո UFC-ում լինել չլինելու հարցը փակված էր։ Սկաուտները գործի անցան, իսկ Ծառուկյանը հայտնվեց աշխարհի լավագույն մարտիկների լիգայում:

Ոչ ոք չէր էլ պատկերացնում, թե ճակատագիրը ինչ փորձություն է նախապատրաստել հայ մարտիկի համար: Մի կողմից առաջին մենամարտը հայրենիքում, մյուս կողմից Խաբիբ Նուրմագոմեդովի մտերիմ ընկերը՝ Իսլամ Մախաչևը: Ավելի բարդ մենամարտ անհնար էր պատկերացնել: Արմանը չվախեցավ մարտահրավերից և գերազանցեց բոլորի սպասելիքները։ Առաջին ռաունդում նա ընդունեց խաղի կանոններն ու կարողանալով գիլյոտինի փորձ կատարել՝ հայտնվեց մարտական ​​սամբոյի աշխարհի չեմպիոն Մախաչևի թիկունքում: Հետո Իսլամն ավելի զգույշ սկսեց գործել՝ թույլ չտալով Ծառուկյանին հարվածներ անցկացնել։ Մախաչևն անցավ գործի, սկսեց ըմբշամարտով ճնշել UFC-ի նորեկին ու ստիպեց սխալներ թույլ տալ: Արմանը պարտվեց մրցավարների միաձայն որոշմամբ, սակայն մարտիկների աշխարհում բոլորը տեսան, որ թեթև քաշայինների պայքարում հայտնվել է մեկը, որի հետ անգամ Իսլամ Մախաևը պետք է հաշվի նստի:

UFC-ի նախագահ Դանա Ուայթը գնահատեց Արման Ծառուկյանի ուժեղ կողմերը և կազմակերպեց մենարմարտ Օլիվյե Օբին-Մերսիեի հետ: Կանադացին հայտնի էր որպես լավ ձյուդոիստ, սակայն չկարողացավ ոչինչ անել և պարտվեց մրցավարների միաձայն որոշմամբ: Հաջորդիվ Արմանը պարտության մատնեց Դեյվի Ռամոսին, Մեթ Ֆրևոլային: Հայտնվելով թոփ-15-ում՝ Ծառուկյանը դեռ հետաքրքիր մրցակիցներ չէր ստանում: Խրիստոս Գիագոսի հետ մենամարտում Արմանը UFC-ում վերջապես գրանցեց նոկաուտով առաջին հաղթանակը: Հետո Յոել Ալվարեսին նույն ոճով տապալեց 2-րդ ռաունդում: Եկել էր Մաթեուշ Գամրոտի հետ մենամարտը և վերջապես քայլ առաջ կատարելու ժամանակը:

2022 թվականի հունիսի 25-ին կայացած UFC ESPN 38-ում Արման Ծառուկյանն ու  Մաթեուշ Գամրոտը պետք է որոշեին, թե ո՞վ է տեղ ունենալու թեթև քաշային կարգի լավագույն 10-յակում: Երեկոյի մարտական քարտում հայ մարտիկը ամենաերիտասարդն էր: Ո՛չ տաքարյունությունը, ոչ էլ հմտությունները չօգնեցին հաղթել։ Գամրոտն առավելության հասավ մրցավարների որոշմամբ, բայց UFC-ի մասնագետները մրցավարական վճիռը վիճահարույց համարեցին:

Ծառուկյանի հեղինակությունը սասանված էր: Նորից պետք էր ամեն ինչ սկսել ելման կետից: Հաջորդ շանսը Դամիր Իսմագուլովի հետ մենամարտն էր: Արմանը հաջող հանձնեց քննությունը: Օգնության եկավ թաիլանդական կլինչը։ Մրցակցին տապալելով՝ Արմանը հաղթանակի նոր ճանապարհ բացեց: Իսմագուլովից հետո UFC-ին երիտասարդ մարտիկին մրցակից տվեց բրազիլացի Ռենատո Մոյկանուին, սակայն վերջինս վնասվածք ստացավ՝ շանս ընձեռելով Խոակիմ Սիլվային։ Արմանի փանչին Սիլվան չդիմացավ 3-րդ ռաունդում: Ծառուկյանը լիարժեք վերադարձել էր ու ձեռնոց էր նետում թոփ 5-ի ցանկացած մարտիկի: Հրավերները լսում էին բոլորը, իսկ Դանա Ուայթը լռում էր: Լռում էին նաև ուժեղագույնները, որոնց շարքում բացառություն էր ԱՄՆ-ում ապրող իրանցի Բենեյլ Դարիուշը՝ Ծառուկյանի քաշային կարգում 5 լավագույններից ու ամենահարգված մարտիկներից մեկը: Ընդամենը մեկ ռաունդ, 1 րոպե 4 տասնորդական վայրկյան և Դարիուշը ծնկի եկավ: Ազդրով ու արմնկով փանչ, որից հետո Արմանին օգտագոնում գտնելը անհնարին դարձավ։ Հայ մարտիկը հաղթեց, գնահատեց մրցակցի տղամարդկությունը և առանց երկար մտածելու հայտարարեց, որ պատրաստ է ռևանշ մենամարտ անցկացնել Իսլամ Մախաչևի հետ․

«Ես այստեղ եմ չեմպիոն դառնալու համար, անկախ նրանից չեմպիոնական կլինի հաջորդ մենամարտը, թե դրան հաջորդողը։ Ես չեմպիոն եմ լինելու և ցանկանում եմ մենամարտել Իսլամ Մախաչևի հետ»։

null

Արման Ծառուկյանի ճանապարհը UFC-ում հարթ չէ։ Նա ընկավ երկու անգամ, բայց բարձրացավ ավելի ուժեղ։ Նա պարտվեց Մաթեուշ Գամրոտին, բայց դարձավ ավելի ուժեղ։ Արմանի նպատակն Իսլամ Մախաչևի հետ ռևանշ մենամարտն է: Իսլամի անկյունում դեռ լռություն է, Դանա Ուայթը ևս չի շտապում թեժացնել իրավիճակը, բայց մի բան ակնհայտ է․ Մախաչևի գլխավերևում հայկական սև ամպեր են կուտակվել։

UFC-ի լավագույն մարտիկներից շատերը կարծում են, որ Մախաչևն ավելի շուտ կնախընտրի ավարտել կարիերան, քան նույն օգտագոնում հայտնվել ախալքալաքցու հետ։ Արմանը Բենեյլ Դարիուշին ծնկի բերելուց հետո համեստորեն ակնարկեց, որ Մախաչևին ևս նույն ճակատագիրն է սպասվում և ընդգծեց, որ 22 տարեկանում Մախաչևին պարտված տղան 27 տարեկանում հաղթանակի հասունություն ունի։ Ո՛չ փողը, ո՛չ բարեկեցիկ կյանքը, ո՛չ անձնական երջանկությունը չեն հանգստացնի Ծառուկյանին, քանի դեռ Իսլամը UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնն է։ Առաջիկա նպատակը դաղստանցուն գահընկեց անելն է։ Եվ նա կանի դա՝ վաղը, մեկ տարուց, թե ավելի ուշ, ամենևին էլ կարևոր չէ։                                                            

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա