UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանն Ամանորի կապակցությամբ հակիրճ գրառում է կատարել սոցցանցերում և հրապարակել մարզումային լուսանկար:
«2024թ. առաքելությունը կատարված է. 2025թ. չեմպիոնական տարին մեկնարկեց: Պատմություն ենք կերտելու»,- գրել է 28-ամյա մարտիկը:
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 19-ին Լոս Անջելեսում կկայանա Արման Ծառուկյանի և թեթև քաշային կարգի գործող չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևի տիտղոսային մենամարտը:
2019 թվականին Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և դիտարժան պայքարում պարտվել միավորներով:
Ծառուկյանն օկտագոնում անցկացրել է 25 մենամարտ, ունի 22 հաղթանակ և երեք պարտություն: Մախաչևը 27 մենամարտում տարել է 26 հաղթանակ և պարտվել մեկ դիմակայությունում: