Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակման գծի երբեմնի առաջատարներ Արման և Արտավազդ Քարամյան եղբայրները այժմ մասնագիտական գործունեություն են ծավալում ԱՄՆ-ում։ Նրանք մարզում են Հայաստանի հավաքականի պատմության մեջ լավագույն հարձակվողներից Յուրա Մովսիսյանի հիմնած «Լայոնս Յունայթեդ» նորաստեղծ ակումբը, որը ելույթ է ունենում կիսապրոֆեսիոնալ մրցաշարի կարգավիճակ ունեցող Ազգային Պրեմիեր լիգայի Հարավարևմտյան կոնֆերենցիայում։ Արմանը գլխավորում է հայաշատ Գլենդել քաղաքը ներկայացնող այդ թիմը, իսկ Արտավազդը երկրորդ մարզիչն է։ Մայիսի 20-ին՝ առաջնության 5-րդ տուրում, «Լայոնս Յունայթեդը», սեփական դաշտում 3։1 հաշվով պարտության մատնելով «Լաս Վեգաս Լեգենդզին», տարավ առաջին հաղթանակը։
«Լայոնս Յունայթեդի» նպատակների և ծրագրերի մասին VNews-ը հարցազրույց է անցկացրել Հայաստանի հավաքականում 48 խաղում 5 գոլ խփած, 43-ամյա Արման Քարամյանի հետ։
- Ի՞նչ ակումբ է «Լայոնս Յունայթեդը» և ի՞նչ ներուժ ունի։
- Ակումբի ստեղծումը նախաձեռնել է Յուրա Մովսիսյանը, որը նաև զբաղեցնում է նախագահի պաշտոնը։ Ամեն ինչ շատ լուրջ է, պետք է առաջ շարժվենք։ Հեռանկարները պայմանավորված են Յուրայի և մեր աշխատանքով։ Ակումբում յուրաքանչյուր մարդ նվիրված կատարում է իր աշխատանքը՝ նպաստելով մեր ընդհանուր նպատակի իրագործմանը։ Աշխատանքային պայմանների վերաբերյալ որևէ խնդիր չունենք. մարզվում ենք շաբաթական հինգ օր, ինչը, կարելի է ասել, ռեկորդային ցուցանիշ է այս լիգայում։ Խաղերը սովորաբար տեղի են ունենում շաբաթ օրերին։
Ես «Լայոնս Յունայթեդի» գլխավոր մարզիչն եմ, եղբայրս՝ Արտյոմը, օգնականս է, իսկ Ռայմոնդ Զադուրյանը դարպասապահների մարզիչն է։ Ունենք ադմինիստրատոր, որը զբաղվում է կազմակերպչական տարաբնույթ հարցերով և մենեջմենթով, նաև բժիշկ, օպերատոր, լուսանկարիչ։ Թիմը համալրված է գերազանցապես երիտասարդ ֆուտբոլիստներով, թեպետ ունենք նաև 30 տարեկանից մեծ մի քանի խաղացող։ Սահմանված է աշխատավարձ և պարգևավճարներ։ Մի խոսքով՝ ձևավորվել են միանգամայն պրոֆեսիոնալ մոտեցում և մթնոլորտ։
- Ընթացիկ մրցաշրջանում ո՞րն է «Լայոնս Յունայթեդի» նպատակը։
- Մրցակարգի համաձայն՝ ամեն մի կոնֆերենցիայում առաջին երկրորդ տեղերը գրաված թիմերը պայքարը շարունակելու են փլեյ-օֆֆում։ Ձգտելու ենք հասնել այդ նպատակին։ Հասկանալի է, որ դա լուրջ և դժվար խնդիր է երիտասարդ ֆուտբոլիստներով համալրված, նորաստեղծ թիմի համար, բայց ամեն ինչ անելու ենք, որպեսզի առաջընթաց գրանցենք։ Մեր հիմնական նպատակն է պատրաստել լավ խաղացողներ, որոնք հետագայում կկարողանան տեղափոխվել ավելի ուժեղ ակումբներ։
Մեր թիմում խաղում է չորս հայ ֆուտբոլիստ՝ Հայաստանից ժամանած Էրիկ Ամիրխանյանը, Միհրան Պետրոսյանը, և որդիներս՝ 18-ամյա Մհերն ու 19-ամյա Սուրենը։ Բոլորն էլ իրապես լավ ֆուտբոլիստներ են, որոնք ունակ են համալրել նաև Հայաստանի հավաքականները։ Այդ հարցում լուրջ խոչընդոտ է բանակի խնդիրը։ Ես մեկ տարի ծառայել եմ բանակում, ինչից հետո կարիերաս շարունակելու լուրջ խնդիրների եմ բախվել։ Կարծում եմ՝ պրոֆեսիոնալ մարզիկը չպետք է զորակոչվի, քանի որ երկամյա ընդմիջումից հետո գրեթե անհնար է վերադառնալ մեծ սպորտ, մասնավորապես՝ ֆուտբոլ։
- Ինչպե՞ս եք գնահատում ձեր կոնֆերենցիայի առաջնության մակարդակը։
- Դասակարգմամբ սա ԱՄՆ-ի 4-րդ լիգան է, որը մասնակից թիմերի ուժի առումով թերևս կարելի է համեմատել Հայաստանի առաջին խմբի առաջնության հետ։ Կոչվում է NPSL, որը հայերեն թարգմանվում է Ազգային Պրեմիեր Սոքեր Լիգա։ Թիմերն անցկացնում են տնային և արտագնա հանդիպումներ։ Առաջնությունը նոր է մեկնարկել. անցկացրել ենք հինգ խաղ, որոնցում գրանցել ենք 1 հաղթանակ, 2-ական ոչ-ոքի և պարտություն։ Հարկ է նշել, որ մեր թիմն ունի շուրջ 2 ամսվա պատմություն, մինչդեռ մյուս ակումբներն արդեն մի քանի տարի իրար հետ մրցելու փորձ ունեն։
- Ինչո՞վ է առանձնանում ֆուտբոլն ԱՄՆ-ում։
- Ի տարբերություն, օրինակ, հայկական ֆուտբոլի՝ այստեղ մեծ տեղ է հատկացվում մարզիկների ֆիզիկական պատրաստականությանը։ Առանց դրա շատ դժվար է խաղալ։ Հենց դրանից ելնելով ենք անցկացնում բավականին հագեցած մարզումներ, այդ թվում՝ վարժասարքերի միջոցով։ Ես և Արտյոմն ունենք ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի մարզչական հավաստագրեր, արդեն շուրջ 10 տարի մարզչական աշխատանք ենք կատարում, մինչև այդ էլ եղել ենք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ և շատ լավ ենք պատկերացնում, թե ինչպես պետք է արդյունավետ կազմակերպել ուսումնամարզական գործընթացը։ Մնացածի համար պահանջվում է որոշակի ժամանակ։
- Ունե՞ք մարտավարական նախասիրություններ։
- Նախընտրում եմ խաղը կառուցել ցածրից փոխանցումների միջոցով։ Սակայն մարտավարության ընտրությունը պայմանավորված է նաև մրցակցի խաղաոճով և նրա ֆուտբոլիստների որակներով։ Իհարկե, երբեմն անհրաժեշտ է լինում ապավինել երկար փոխանցումներին կամ առջևի գծում գնդակի խաղարկմանը, կիսապաշտպանների ավելի ակտիվ ներգրավմանը հարձակողական գործողություններին և այլ լուծումների։
- Ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում տեղափոխվեցիք ԱՄՆ։
- Արդեն երեք տարի է, որ Միացյալ Նահանգներում եմ։ Մինչև ժամանելս այստեղ արդեն հաստատվել էին ավագ եղբայրս՝ Արթուրը և Արտյոմը, որոնք ԱՄՆ-ում բնակվում են համապատասխանաբար 14 և ավելի քան 7 տարի։ Ինչո՞ւ տեղափոխվեցի. պարզապես ցանկանում էի միանալ ընտանիքիս ու հարազատներիս։ Փաստաթղթերի ձևակերպման վերաբերյալ խնդիրներ չեղան։ Ժամանելուց հետո՝ որպես «էքստրաօրդինար քոուչ», միանգամից դիմեցի «գրին քարտ» ստանալու համար, որը շատ արագ տրամադրեցին։


