Logo

Արման Փաշիկյան. «Նեպոմնյաշչիի ու Լիժենի մրցախաղը տարբերվում է նախորդներից»

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:09 / 27.04.2023Շախմատ
Բացառիկ
null

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի և չինացի Դին Լիժենի միջև ծավալված շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը մոտենում է հանգուցալուծմանը։ Ապրիլի 26-ին կայացած 12-րդ պարտիայում Լիժենը, օգտվելով մրցակցի կոպիտ սխալից, 38-րդ քայլին հաղթեց սպիտակ խաղաքարերով՝ հավասարեցնելով դիմակայության հաշիվը (6։6)։ Մրցամարտի ընթացքի և նախորդ պարտիայի մանրամասների մասին VNews-ի թղթակիցը զրուցել է շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Արման Փաշիկյանի հետ։

- Ինչպե՞ս եք գնահատում չեմպիոնական մրցամարտի ընթացքը։

- Տպավորություններս միանշանակ չեն։ Մի կողմից ակնհայտ է, որ ծավալվել է հետաքրքիր, դիտարժան, հաղթանակներով հագեցած պայքար, բայց մյուս կողմից էլ մրցակիցները, կարծես, մի փոքր թերանում են պաշտպանությունում։ Հաղթական դիրքերում կարողանում են լավ խաղալ, բայց վատ դիրքերում այնպիսի տպավորություն է, որ երկուստեք լավ չեն պաշտպանվում։ Ընդհանուր առմամբ, սկզբնախաղերի և այլ գործոնների առումով Նեպոմնյաշչին, կարծում եմ, ավելի լավ տպավորություն է թողնում։

Իհարկե, մինչև այս հանդիպումը Դինը որոշ խնդիրների էր բախվել։ Հավանաբար, տեղյակ եք, որ նախապատրաստական փուլում նա ստուգողական պարտիաներ էր անցկացրել Ռումինիան ներկայացնող հունգարացի գրոսմայստեր Ռիչարդ Ռապորտի հետ, որոնց մանրամասները վատ քողարկված լինելու պատճառով հասանելի էին դարձել հանրությանը։ Հավանաբար, այդ հանգամանքը մի փոքր խանգարեց չինացի գրոսմայստերին։ Նրա պարտիաներին հետևելիս կարելի է նկատել, որ սպիտակ խաղաքարերով մրցելիս Լիժենը հիմնականում ձգտում է խաղային դիրքերի և ավելի քիչ է կենտրոնանում բուն սկզբնախաղերին։ Ընդհանուր առմամբ, մրցախաղի որակը կարող էր ավելի լավը լինել։

12-րդ պարտիայում նույնպես շատ սխալներ եղան։ Սովորաբար սխալներն առաջանում են այն պատճառով, որ մրցակիցները շատ չեն կարևորում հուսալիության գործոնը և խաղում են հանուն հաղթանակի։ Մինչդեռ, աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղի մասնակիցները որպես կանոն զգուշություն են դրսևորում, փորձում են մրցակցին չտալ հնարավորություն և, հակառակը, օգտագործեն իրենց ընձեռված հնարավորությունը։ Այդ առումով այս մրցախաղը տարբերվում է մյուսներից։

- Գուցե սխալները պայմանավորված են նաև շախմատիստների լարվածությա՞մբ։

- Դա միանշանակ այդպես է։ Լիժենն ինքն էլ մրցախաղի սկզբում խոստովանել էր, որ չէր կարողանում կենտրոնանալ խաղին, անընդհատ մտածում էր այլ բաների մասին և այդ պատճառով էր վատ խաղում։ Մինչև 12-րդ պարտիան Նեպոմնյաշչին հոգեբանորեն ավելի կայուն էր։ Պարտվեց այն պատճառով, որ ստանալով հաղթած դրություն՝ սկսեց արագ քայլեր կատարել և զիջեց դիրքերը։ Հաղթած դրությունում արագ քայլեր անելը վկայում է այն մասին, որ ռուսաստանցի շախմատիստի նյարդերն արդեն տեղի են տալիս։

- Կարծիք կա, որ Նեպոմնյաշչին սիրում է տարվել խաղով և դա նրան խանգարում է գտնել ավելի արդյունավետ լուծումներ։

- Առայժմ նրա խաղում չեմ նկատել ազարտին տրվելու հատկանիշներ, նորմալ է խաղացել։ Այլ հարց է, որ իրեն միշտ բնորոշ է եղել արագ քայլերով շրխկացնելը։ Սակայն, աշխարհի առաջնության խաղերում, նույն Մագնուս Կարլսենի հետ մրցավեճում, կարողանում էր վերահսկել իրեն...

12-րդ պարտիայում հաղթելու դեպքում Յանը գործնականում կապահովեր աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Մրցամարտի ավարտին մնացել է երկու պարտիա, որոնցից մեկում գրանցված ոչ-ոքին Լիժենին կզրկեր դրությունը փրկելու հնարավորությունից։ Սակայն, Նեպոմնյաշչին չդիմացավ պայքարի լարվածությանը։ Դասական շախմատի պարտիաներում հաղթողին չպարզելու դեպքում կողմերը հարաբերությունները պարզելու են արագ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև կայծակնային մրցակարգով խաղում։ Մասնագետների մեծամասնության գնահատմամբ՝ այդ փուլում Նեպոմնյաշչիի հաղթելու հնարավորություններն ավելի մեծ են, որովհետև արագ շախմատում և բլիցում նրա դիրքերն ավելի նախապատվելի են։

- Այսինքն, նույնիսկ անհնա՞ր է կանխատեսել, թե ինչպես կավարտվեն հաջորդ երկու պարտիաները։

- Միանգամայն դժվար է, որովհետև վերջին պարտությունից հետո Նեպոմնյաշչին հնարավոր է չկարողանա կառավարել իր հույզերը։ Իսկ, եթե սառնասրտություն դրսևորի և այս փուլն ավարտի ոչ-ոքի, ապա հետո աշխարհի չեմպիոն դառնալու ավելի մեծ հնարավորություն կունենա։ Բայց պետք է հիշել, որ սա սովորական մրցաշար չէ, այստեղ մեծ են պատասխանատվության զգացումը և հույզերը։ Այսինքն, արագ շախմատին ավելի լավ տիրապետելը դեռ հաղթանակի երաշխիք չէ։ Կհաղթի նա, ով ավելի զուսպ կլինի։

- Եվ կխուսափի կոպիտ սխալի՞ց։

- Միանշանակ։ Տեսեք, 12-րդ պարտիայում երկու շախմատիստներն էլ կոպիտ սխալներ թույլ տվեցին։ Իհարկե, Դինն ընտրել էր այնպիսի սկզբնախաղ, որ առանձնապես չէր էլ պայքարում առավելության համար, հետո ստացավ բավականին լավ դիրք, որը շուտով փչացրեց և հայտնվեց պարտված դիրքում, բայց հետո բառացիորեն մի քանի քայլով արդեն Նեպոմնյաշչին վատնեց հաղթած դիրքը և պարտվեց։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա