Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջատար մարզիկներից Արման Դարչինյանը Փարիզում կայանալիք վարկանիշային մրցաշարից առաջ VNews-ի հետ զրույցում խոսեց մարզավիճակից, պատմեց, թե մեկ տարվա ընթացքում ինչ փորձությունների միջով է անցել ու ինչպես է դրանք հաղթահարել, անդրարձավ Օլիմպիական խաղերին ու պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելուն: Նա իր նորամուտը պրոֆեսիոնալ ռինգում նշել էր 2019-ի հոկտեմբերին՝ նոկաուտի ենթարկելով ամերիկացի Քենդալ Մեյս-Թեյլորին:
Դեռ անցած տարի սկսած ու կիսատ մնացած վարկանիշային մրցաշարում Դարչինյանը հաղթանակ էր տարել իտալացի Սալվադորե Կավալարոյի հետ մենամարտում ու դուրս եկել հաջորդ փուլ, որտեղ արդեն մեկ տարի է պետք է հանդիպի Իռլանդիան ներկայացնող մարզիկին: Հունիսի 4-ից վերսկսվող մրցաշարում Արմանին ևս երկու հաղթանակ է պետք Օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու համար:
Ի՞նչ մարզավիճակում եք վարկանիշային մրցաշարից առաջ:
Կարծում եմ՝ բավականին լավ: Մարզիչներն էլ գոհ են, ես՝ նույնպես: Մրցաշարը ամեն ինչ ցույց կտա:
Իրավիճակը անսովոր է, քանի որ մեկ տարի է՝ գիտեք վարկանիշային մրցաշարի վիճակահանությունը ու առաջիկա մրցակցին: Հավանաբար այս ընթացքում ուսումնասիրել եք մրցակիցներին:
Այո, երբեք այսպես չի եղել, կոնկրետ գիտեմ՝ ում հետ եմ մենամարտելու: Իհարկե, նայել ենք, ուսումնասիրել ենք, իրենք էլ ինձ՝ կարծում եմ: Պատրաստվում ենք հաղթանակի մրցաշարին:

Մեկ տարի է անցել՝ վարկանիշային մրցաշարի դադարեցումից հետո: Այս ընթացքում ի՞նչ է տեղի ունեցել Ձեր կարիերայում:
Վարկանիշային մրցաշարից հետո՝ երկար դադարից հետո մասնակցել եմ Հայաստանի առաջնությանը, այնուհետև մրցել եմ երկու մրցաշարերում: Որոշ չափով հետ եմ բերել կորոնավիրուսի ու պատերազմի շրջանում կորցրածը: Հիմա պատրաստ եմ նոր փուլի:
Այդ բարդ շրջանում ինչպե՞ս էիք ինքներդ Ձեզ մոտիվացնում:
Լինում էին պահեր, որ տրամադրությունը, հոգեբանական վիճակը թույլ չէր տալիս մտածել մարզումների մասին: Առաջինը եղավ Հայաստանի առաջնությունը, ու ինքս իմ առաջ նպատակ դրեցի, որ պետք է դրան պատրաստվեմ, այդպես, փոքր քայլերով, փոքր նպատակներ դնելով, առաջ էի շարժվում:
Վերջինը մասնակցել եք Ուկրաինայի մրցաշարին, որտեղ հաղթող եք դարձել: Ինչպե՞ս էիք Ձեզ զգում ռինգում ու ի՞նչ տվեց այդ մրցաշարը:
Անկեղծ ասած՝ Ուկրաինայի մրցաշարին լիարժեք պատրաստ չէի: Բայց ամեն ինչ ստացվեց, հաղթանակ տարա: Դադարից հետո ինձ համար կարևոր էր որքան հնարավոր է շատ մենամարտեր անցկացնելը: Այս տարվա ընթացքում արդեն 5 մենամարտ եմ ունեցել, ու այդ ամենը ինձ նախապատրաստել է Փարիզի մրցաշարին:
Մեկ տարի առաջ Լոնդոնում էիք ավելի լա՞վ մարզավիճակում, թե՞ հիմա:
Մարզումներով չեմ կարող ասել: Կրկին լավ մարզավիճակում եմ: Այդ պահին պետք է ճիշտ կողմնորոշվեմ, որպեսզի հաղթանակի հասնեմ:

Իրադարձություններից առաջ ընկնելով՝ ենթադրենք Ձեզ հաջողվում է ուղեգիր նվաճել: Ի՞նչ են նշանակում Ձեզ համար Օլիմպիական խաղերը:
Սիրողական սպորտի գագաթնակետն է: Ճիշտ է՝ ոսկին է գագաթնակետը, սակայն մասնակցությունը…դեռ դա էլ է բարձր հնչում, քանի որ դեռ չկա: Եթե ստացվի, պատրաստվում եմ լավ ելույթ ունենալ Տոկիոյում, փորձել մեդալ նվաճել:
Արդեն մտածե՞լ եք՝ ինչ եք անելու Օլիմպիական տարվանից հետո, կշարունակե՞ք պրոֆեսիոնալ ռինգում:
Չեմ ցանկանում առաջ ընկնել իրադարձություններից: Թող Օլիմպիական խաղերը կայանան, լավ ելույթ ունենամ, այս տարի Սերբիայում աշխարհի առաջնություն էլ կա:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատրաստ է Օլիմպիական վարկանիշային մրցաշարին (տեսանյութ)

