Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն արդեն վերադարձել է Հայաստան Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունից հետո։
Եվրոպայի նորընծա չեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ) իր դափնեպսակը խոնարհել է եղբոր` հերոս Տարոն Անդրեասյանի հուշարձանին։ Տարոն Անդրեասյանը զոհվել է 44-օրյա պատերազմում։

Հիշեցնենք, որ 24-ամյա Անդրեասյանը Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 3-1 հաշվով ուժեղ էր գտնվել գերմանացի Ալեքսանդր Սեմիսորուից։ Հաջորդ գոտեմարտում նա 6-5 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Սեյֆուլա Իտաևին, իսկ կիսաեզրափակիչում 8-5 հաշվով տպավորիչ կամային հաղթանակ էր տարել աշխարհի գործող չեմպիոն, Հունգարիան ներկայացնող Իսմայիլ Մուսուկաևի նկատմամբ: Եզրափակիչում էլ հայ ըմբիշը վերջին վայրկյաններին 7-3 հաշվով կամային հաղթանակի էր հասել վրացի Ակակի Կեմերտելիձեի նկատմամբ:


