Ազատ ոճի ըմբիշ Արման Անդրեասյանը (70 կգ) Ռումինիայի մայրքաղաք Բուխարեստում Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է կատարել սոցցանցերում:
«Շատ ուրախ եմ, որ ինձ մոտ ստացվեց դառնալ Եվրոպայի առաջնության հաղթող: Ունեի արծաթե և բրոնզե մեդալները և ցանկությունս շատ մեծ եր նվաճել նաև ոսկին: Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ տվեց հնարավորությու հասնելու նպատակիս:
Եվ իհարկե շատ մեծ է և կարևոր մարզիչներիս, հատկապես՝ իմ անձնական մարզիչի՝ Ռաֆիկ Գոլեցյանի, դերը և կատարած աշխատանքը, նաև հավաքականի մարզիչների դերը:
Շնորհակալ եմ իմ թիմից և ընկերներից ուրախ եմ որ ունեմ ինձ համար սրտացավ և ոգեշնչող թիմ, այս հաղթանակն իրական թիմային աշխատանքի արդյունք է:
Շնորհակալ եմ բոլորիցդ շնորհավորանքների և ջերմ խոսքերի համար»,- գրել է Անդրեասյանը:
Հիշեցնենք, որ հայ ըմբիշը եզրափակիչ գոտեմարտում վերջին վայրկյաններին 7-3 հաշվով կամային հաղթանակի էր հասել վրացի Ակակի Կեմերտելիձեի նկատմամբ:
24-ամյա Անդրեասյանը փետրվարի 16-ին Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 3-1 հաշվով ուժեղ էր գտնվել գերմանացի Ալեքսանդր Սեմիսորուից։ Հաջորդ գոտեմարտում նա 6-5 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Սեյֆուլա Իտաևին, իսկ կիսաեզրափակիչում 8-5 հաշվով տպավորիչ կամային հաղթանակի էր հասել աշխարհի գործող չեմպիոն, Հունգարիան ներկայացնող Իսմայիլ Մուսուկաևի նկատմամբ:
Հայ ըմբիշը 2021 թվականին Եվրոպայի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ, իսկ հաջորդ տարի՝ արծաթե մեդալ: Անդրեասյանը նախորդ տարի բրոնզե մեդալակիր էր դարձել աշխարհի առաջնությունում:
Բուխարեստում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհամասի առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել նաև Արսեն Հարությունյանը (57 կգ), որը կարիերայում չորրորդ անգամ է դարձել Եվրոպայի չեմպիոն:


