ԱՄՆ-ում շարունակվող Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին մասնակիցը մրցաշարի գործող հաղթող Արգենտինայի հավաքականն է:
Լիոնել Սկալոնիի թիմը կիսաեզրափակիչում 2 անպատասխան գնդակ է ուղարկել Կանադայի հավաքականի դարպասը: «Ալբիսելեստեի» կազմում աչքի են ընկել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսն ու թիմի ավագ Լիոնել Մեսին։ Ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվողն առաջին գոլն է խփել Ամերիկայի գավաթի այս խաղարկությունում ու ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Մեսին պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը գոլի հեղինակ է դառնում Ամերիկայի գավաթի 6 խաղարկություններում:
Արգենտինայի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ հանդես կգա Կոպա Ամերիկայի եզրափակիչում: 2021 թվականին արգենտինացիները վճռորոշ խաղում նվազագույն հաշվով առավելության էին հասել Բրազիլիայի հավաքականի նկատմամբ:
Աշխարհի չեմպիոնը եզրափակիչում կմրցի Ուրուգվայ - Կոլումբիա զույգի հաղթողի հետ:
Կոպա Ամերիկա, կիսաեզրափակիչ
Արգենտինա - Կանադա` 2-0
Խուլիան Ալվարես, 22, Լեո Մեսի, 51


