Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը սեպտեմբերի 13-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին, ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու ընտրական փուլի երկրորդ տուրում կհյուրընկալվի Բոլիվիայի թիմին:
Խաղը կկայանա Լա Պաս քաղաքի «Էռնանդո Սիլես» ստադիոնում, որը գտնվում է ծովի մակարդակից 3650 մետր բարձրության վրա: Այստեղ թթվածնային քաղց հաճախ զգում են ոչ միայն նրանք, ովքեր ֆուտբոլ են խաղում, այլև մարդիկ, որոնք պարզապես այնտեղ են ու ֆիզիկական ծանրաբեռնվածություն չունեն:
Լուսանկարը Բրազիլիայի հավաքականի հանդերձարանից է. յուրաքանչյուր խաղացողի տրամադրվել է թթվածնի անհատական փաթեթ: Այդ խաղում բրազիլացիները կարողացան հաղթել 4-0 հաշվով:
Իսկ ահա Անխել Դի Մարիան թթվածին էր ընդունում հենց խաղի ժամանակ:
El Ciudadano-ի համաձայն՝ սեպտեմբերի 11-ին՝ հյուրանոց ժամանելիս, Արգենտինայի հավաքականի որոշ խաղացողներ նկատվել են թթվածնային տարաները ձեռքերում: TyC Sports-ի հաղորդմամբ՝ արգենտինացիների յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար նախատեսված է թթվածնի անհատական չափաբաժին, որպեսզի նրանք խուսափեն շնչառական խոչընդոտներից: