Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու որակավորման մրցաշարի 7-րդ տուրում 3 անպատասխան գնդակ է ուղարկել Չիլիի դարպասը:
Տանտերերը բոլոր գոլերը խփել են երկրորդ խաղակեսում։ Մեկական անգամ աչքի են ընկել անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մակալիստերը, Մադրիդի «Աթլետիկոյի» նորեկ Խուլիան Ալվարեսն ու տևական ընդմիջումից հետո Արգենտինայի հավաքական հրավիրված Պաուլո Դիբալան։ Իտալական «Ռոմայի» 30-ամյա հարձակվողը նախորդ անգամ ազգային թիմից հրավեր ստացել էր 2023թ․ մարտին։
Վնասվածքի պատճառով հանդիպումը բաց է թողել Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսին։ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը չի ընդգրկվել «Ալբիսելեստեի» հայտացուցակում:
Արգենտինայի հավաքականը 7 խաղից հետո 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Չիլին 5 միավորով նախավերջին՝ 9-րդ տեղում է։
Աշխարհի առաջնության ընտրական փուլ, 7-րդ տուր
Արգենտինա - Չիլի՝ 3-0
Ալեքսիս Մակալիստեր, 48, Խուլիան Ալվարես, 84, Պաուլո Դիբալա, 90+1