Logo

Արեգ Վաթյան. «Լավ արդյունքի համար ներդրել էինք ամբողջ ուժերը»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:42 / 21.07.2022• Բասկետբոլ
null

Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում անդրադարձել է 2022 թվականի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոն դառնալուն և կիսվել տպավորություններով:

«Առաջին հերթին նշեմ՝ լավ արդյունքի համար ներդրել էինք ամբողջ ուժերը: Բոլորը ոսկե մեդալներ էին ակնկալում, բայց այս տարի չհաջողվեց: Կարճ ժամանակահատվածում կարողացանք թիմի խաղամակարդակը բարձրացնել, և կարող եմ ասել, որ այս դեպքում արծաթե մեդալները հավասար են ոսկուն:

Մինչև առաջնության մեկնարկը ուսումնասիրել էինք մրցակիցներին. միայն Կիպրոսի հավաքականի խաղի մասին շատ տեղեկատվություն չունեինք, և հենց այդ թիմի հետ խաղերում պարտվեցինք: Մյուս հավաքականների հետ թիմային էինք գործում, իսկ Կիպրոսի հետ հանդիպումներում գերակշռում էին մեր անհատական գործողությունները: Նաև հաշվի առնենք, որ Կիպրոսը խմբային փուլում առաջին հորիզոնականն էր զբաղեցրել և մեկ օր հանգստի հնարավորություն ունեցավ՝ ի տարբերություն մեզ: Կարծում եմ՝ եզրափակիչ խաղում հոգնածությունը նույնպես իր դերն ունեցավ:

Մեր աղջիկները փայլում էին երեք միավորանոց նետումներով և տպավորվել էին շատերին: Հատկապես կարևորում եմ այն, որ այս ընթացքում լավ և միասնական թիմ ձևավորեցինք ու պատվով ներկայացրինք Հայաստանը:

Առաջնության լավագույն խաղացող ճանաչվեց Սեդա Գաբրիելյանը: Մեր կազմից ևս երկու բասկետբոլիստուհի ընդգկվեց առաջնության լավագույն խաղացողների հնգյակում: Անխոս՝ հրաշալի արդյունք է:

Այժմ առաջ նայելու և հետևություններ անելու ժամանակն է: Կանանց բասկետբոլի զարգացման ուղղությամբ աշխատանքները պետք է լինեն շարունակական, քանի որ ունենք բոլոր հնարավորությունները լավ ելույթ ունենալու և Հայաստանի պատիվը բարձր պահելու միջազգային ասպարեզում»,- նշել է Արեգ Վաթյանը:

Հիշեցնենք, որ Ալբանիայում կայացած կանանց մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի եզրափակիչ խաղում Հայաստանի թիմը 42:58 հաշվով պարտվել էր Կիպրոսին ու դարձել փոխչեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ