Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը պաշտոնապես հաստատել է, որ չի մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: «Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի կարողացել լիարժեք ապաքինվել ոտնաթաթի վնասվածքից, որը ստացել է ապրիլին կայացած Էլ Կլասիկոյում Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի հարվածի հետևանքով:
«Հիասթափված եմ ու տխուր, որ չեմ մասնակցի Եվրոյին: Նախորդ շաբաթներին արեցինք հնարավոր ամեն ինչ, բայց իմ ոտնաթաթին ավելի շատ ժամանակ է հարկավոր:
Ներկայացնել իմ երկիրը եզրափակիչ փուլում, հագնել նարնջագույն խաղաշապիկը, երգել օրհներգը և զգալ երկրպագուների աջակցությունը... այդ ամենը երազանք է և մեծ պատիվ: Բայց հիմա ես մյուսների պես դառնալու եմ երկրպագու: Առաջ, տղաներ»,- ինստագրամյան էջում գրել է կիսապաշտպանը:
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ը Գերմանիայում մեկնարկելու է հունիսի 14-ին։ Նիդերլանդների հավաքականը D խմբում կմրցի Ֆրանսիայի, Լեհաստանի ու Ավստրիայի հետ։