ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցերում հրապարակում է արել՝ հայտնելով, որ ընտրվել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ։
«Սիրելի հայրենակիցներ, այսօր ընտրվել եմ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ:
Այս որոշմանը հասել եմ՝ ծանրամարտի համայնքի հետ երկարատև աշխատանքի արդյունքում. սպորտի համար պատասխանատու նախարարից մինչև Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ (առաջնություն, որի կազմակերպումը համարվում է աշխարհում լավագույներից մեկը), Աշխարհի 2027 առաջնությունը ստանալու արշավի առաջնորդությունից մինչև սպորտի շարքային սիրահար:
Նպատակս է ցույց տալ, թե ինչպիսին է ֆեդերացիայի՝ իմ պատկերացրած ղեկավարման/կազմակերպման մոդելը, որը կարող է ապագայում վարակիչ դառնալ մյուս ֆեդերացիաներում:
Հ.Գ. Առաջադրվելուս նպաստել է այն, որ մտադրությանս մասին իմանալուց հետո ինձ աջակցելու մասին հայտնեցին և Երևան եկան Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը, գլխավոր քարտուղարը, Ասիական ֆեդերացիայի նախագահը, Բահրեյնի ֆեդերացիայի նախագահը: Այսօր իմ լավ բարեկամ, ԾՄՖ նախագահ Մուհամադ Ջալուդը նշեց, որ սա աննախադեպ է, երբեք ազգային ֆեդերացիայի ընտրություններին այսպիսի պատվիրակություն որևէ երկիր չի գնացել»,- գրել է Հարությունյանը։
Արայիկ Հարությունյանը եղել է միակ թեկնածուն, ընտրվել է չորս տարով և պաշտոնում փոխարինել է Հրաչյա Ռոստոմյանին։


