Logo

«Արարատն» ընդհատեց պարտությունների շարքը, Նուբիսիի 4-րդ հեթ-տրիկը. Fastex Պրեմիեր լիգայի 9-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:21 / 06.10.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

5 հանդիպումներով ավարտվեց Fastex Պրեմիեր լիգայի 34-րդ առաջնության առաջին շրջանը, որի հաղթող ճանաչվեց 19 միավոր վաստակած «Ալաշկերտը»:

FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տարան 2 հաղթանակ, 3 խաղ ավարտեցին ոչ-ոքի: Առաջնությունում անցկացված 43 հանդիպումներում դաշտի տերերը 19 հաղթանակ են տարել, 12 խաղում գրանցվել է ոչ-ոքի, նույնքան անգամ հաջողության են հասել հյուրերը:

Խփվեց 13 գոլ, որից 9-ի հեղինակները դաշտի տերերն էին: Առաջնության 43 հանդիպումներում 113 գոլ է գրանցվել (միջինը մեկ խաղում՝ 2,62 գոլ):

2. «Փյունիկն» ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով առաջին հաղթանակը տարավ: «Վանի» հետ առաջնության հանդիպումներում դա փյունիկցիների նման կարգի 6-րդ հաղթանակն էր: Ամենախոշոր հաշվով հաղթանակը «Վանի» նկատմամբ գրանցվել է 2023թ. նոյեմբերի 2-ին կայացած խաղում՝ 6-0:

3. «Արարատին» վերջապես հաջողվեց ընդհատել 7 անընդմեջ պարտությունների շարքն ու առաջնությունում 2-րդ միավորը վաստակել՝ մարտական ոչ-ոքի (2-2) գրանցելով ԲԿՄԱ-ի հետ: Հետաքրքիր է, որ բանակայինների հետ անցկացրած առաջնության վերջին 4 խաղերն էլ ոչ-ոքի ավարտ են ունեցել:

4. «Նոան» և «Ուրարտուն» ընթացիկ առաջնությունում առաջին անգամ իրենց հանդիպումներն ավարտեցին գոլազուրկ ոչ-ոքի: Հետաքրքիր է, որ երկու թիմերն էլ առաջնությունում երկրորդ անգամ չկարողացան գոլ խփել: Առաջին անգամ դա տեղի էր ունեցել «Ալաշկերտի» հետ մրցավեճում: «Նոան» պարտվել էր 2 գնդակի տարբերությամբ, «Ուրարտուն» մրցակցին զիջել էր նվազագույն հաշվով:

5. Մարիուս Նուբիսին դարձավ ընթացիկ առաջնությունում գրանցված առաջին հեթ-տրիկի հեղինակը՝ բացելով գոլերի հաշիվը «Փյունիկում» Fastex Պրեմիեր լիգայում: Հայաստանի առաջնություններում Նուբիսին 4-րդ հեթ-տրիկը ձևակերպեց: Նախորդ մրցաշրջանում նա «Արարատ-Արմենիայի» կազմում 2 անգամ նման հաջողության էր հասել «Արարատի» հետ հանդիպումներում, մեկ անգամ էլ 3 գոլ էր խփել «Ուրարտուի» դարպասը:

Իսկ մեկ խաղի արդյունավետության ռեկորդը պատկանում է Բրունո Միշելին, որը 4 գոլ էր խփել «Արարատի» դարպասը՝ դառնալով ընթացիկ առաջնությունում գրանցված ֆուտբոլային առաջին պոկերի հեղինակը:

6. Կարեն Նալբանդյանը վերջին 5 խաղերում խաղադաշտից առանց գոլի չի հեռանում՝ մեկական անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Ընդ որում վերջին 3 խաղերում նա դիպուկ է իրացրել 11մ հարվածները: Ընթացիկ առաջնությունում նրա կատարած բոլոր 4 11մ հարվածներն էլ ավարտվել են դարպասի գրավմամբ:
Նալբանդյանը կրկնեց արդյունավետության անձնական ռեկորդը, որը սահմանել էր նախորդ առաջնությունում «Վանում»՝ խփելով 7 գոլ:

7. Արարատցի Յայա Սոգոդոգոն բացեց գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում:

8. Բրունո Միշելի արդյունավետ 3 խաղերի շարքն ընդհատվեց: «Ուրարտուի» բրազիլացի ֆուտբոլիստը չիրացրեց 11մ հարվածը, որը հետ մղեց Օգնյեն Չանչարևիչը: Դա ընթացիկ առաջնությունում Միշելի կատարած 3-րդ 11մ հարվածն էր: «Արարատ-Արմենիայի» հետ խաղում նա դիպուկ էր իրացրել երկու հարվածներն էլ:

9. Արգիշտի Պետրոսյանը ԲԿՄԱ-ի կազմում Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: Փորձառու ֆուտբոլիստը հայկական 7 թիմերում ընդհանուր առմամբ 268 հանդիպման է մասնակցել: Առավել շատ խաղեր նա անցկացրել է հենց ԲԿՄԱ-ում, որում 4-րդ մրցաշրջանն է խաղում:

10. «Ուրարտուի» դարպասապահ Ալեքսանդր Միշիևն առաջնությունում անցկացրած 3 խաղերում էլ դարպասն անառիկ է պահել: Առաջնությունում գոլ բաց չթողած մյուս դարպասապահն Արման Ներսեսյանն է, որն «Արարատ-Արմենիայում» անցկացրած 2-րդ խաղում էլ դարպասն անառիկ պահեց:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ