Logo

«Արարատն» արդյունավետությամբ 2-րդն էր, Սերժ Դեբլեն՝ լավագույն ռմբարկուն

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 10.01.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
Ararat team 2021

VNews.am-ը շարունակում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Արարատին»:

1. «Արարատը» Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ հաջող հանդես եկավ 30-րդ առաջնության աշնանային հատվածում՝ 15 հանդիպումներում վաստակած 30 միավորով (+9=3-3, 31-17) զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը: «Սևանի» հետ չեղարկված 2 հանդիպումներից մեկում արարատցիները պարտվել էին (0-2), մյուսում հաղթել էին 3-1 հաշվով:

«Արարատի»  ներկայիս արդյունքը 5 միավորով գերազանցում է նախորդ առաջնության մեկնարկային 15 հանդիպումներում թիմի գրանցած ցուցանիշը (+7=4-4, 19-10):

vardan - «Արարատն» արդյունավետությամբ 2-րդն էր, Սերժ Դեբլեն՝ լավագույն ռմբարկուն

2. «Արարատը» սեփական դաշտում անցկացրած 8 հանդիպումներում վաստակեց 18 միավոր (+6=0-2, 18-10), ինչը հնարավոր միավորների 75 տոկոսն է: Առայժմ միայն «Փյունիկին» (1-0) և «Արարատ-Արմենիային» (3-0) է հաջողվել հյուրընկալվելիս հաղթել «Արարատին»:

Մրցակցի հարկի տակ անցկացրած 7 հանդիպումներում արարատցիները վաստակեցին 12 միավոր (+3=3-1, 13-7), ինչը հնարավոր միավորների 57,1 տոկոսն է: Մրցակցի հարկի տակ արարատցիները հաղթել են «Վանին» (1-0), ԲԿՄԱ-ին (2-0) և «Փյունիկին» (6-2):

ar 1 - «Արարատն» արդյունավետությամբ 2-րդն էր, Սերժ Դեբլեն՝ լավագույն ռմբարկուն

3. «Արարատն» առաջնությունում 2 անգամ 3 անընդմեջ հաղթանակ տոնեց, 4 խաղ մնաց անպարտելի:

15 հանդիպումներից միայն 3-ում («Փյունիկ»՝  0-1, «Արարատ-Արմենիա»՝  0-3, «Ալաշկերտ»՝ 0-1) «Արարատը»  չկարողացավ գրավել մրցակիցների դարպասը: Սեփական դարպասն «Արարատն» անառիկ պահեց ընդամենը 4 խաղում:

«Արարատի»  ֆուտբոլիստները խոշոր հաշվով 2 հաղթանակ տոնեցին՝  առավելության հասնելով «Նոայի» (7-1) և  «Փյունիկի» (6-2) նկատմամբ:

4. «Արարատի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 3 հարված, որից իրացվել է 2-ը: «Արարատի» օգտին նշանակված 11մ միակ հարվածը, որը կատարել է Սերժ Դեբլեն, հետ է մղել ալաշկերտցի Օգնեն Չանչարևիչը:

«Արարատի»  դարպասին նշանակված 11մ 2 հարվածներն էլ դիպուկ են իրացրել ալաշկերտցի Ժոզե Էմբալուն և փյունիկցի Ուգո Ֆիրմինոն:

ar3 960x640 - «Արարատն» արդյունավետությամբ 2-րդն էր, Սերժ Դեբլեն՝ լավագույն ռմբարկուն

5. «Արարատն» արդյունավետությամբ 2-րդն է «Արարատ-Արմենիայից» հետո՝ 15 հանդիպումներում խփելով 31 գնդակ: Գոլերի հեղինակներ դարձան թիմի 8 ֆուտբոլիստներ, որոնցից Սերժ Դեբլեն, Հովհաննես Նազարյանը, Ալիկ Առաքելյանը, Դոնիմանի Յակուբա Սիլուեն և Իսահ Ալիյուն բացեցին գոլերի հաշիվն «Արարատում»:

Առավել արդյունավետ գործեց Սերժ Դեբլեն՝ 13 գնդակով գլխավորելով առաջնության աշնանային հատվածի լավագույն ռմբարկուների ցանկը: Մեկ գնդակ էլ նա խփել է «Սևանի» հետ չեղարկված խաղում: Այնպես որ նա 14 գնդակով «Արարատի» ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

«Արարատի»  32-ամյա հարձակվողը տարիքային ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով «Ուլիսի» նախկին լեգեոնական Գեորգի Կրասովսկու արդյունավետության ցուցանիշը: Վերջինս այդ տարիքում ՀՀ առաջնություններում հանդես եկած լեգեոնականներից բոլորից արդյունավետ էր գործել՝ խփելով 8 գնդակ: «Արարատի» ֆուտբոլիստներից այդ տարիքի ռեկորդը պատկանում էր 4 գոլ խփած Արա Նիգոյանին և Դենիս Դեդեչկոյին:

deble1 960x640 - «Արարատն» արդյունավետությամբ 2-րդն էր, Սերժ Դեբլեն՝ լավագույն ռմբարկուն

Դեբլեն ընդգրկվեց VBET ՀՊԼ-ում «Արարատում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: «Փյունիկի» հետ առաջնության աշնանային հատվածի վերջին խաղում, որում Դեբլեն հեթ-տրիկի հեղինակ էր դարձել, իվուարցի ֆուտբոլիստը 32 տարեկան 71 օրական էր: Նա տասնյակից դուրս մղեց Արա Հակոբյանին, որն աչքի էր ընկել 31 տարեկան 149 օրականում:

6. Արդյունավետության տարիքային նոր ռեկորդի հեղինակ դարձավ նաև 19-ամյա Դոնիմանի Յակուբա Սիլուեն: Նա 2021թ. օրացուցային տարում ՀՀ առաջնությունների հանդիպումներում ընդհանուր առմամբ 7 գոլ խփեց (1-ը՝ «Շիրակում», 6-ը՝ «Արարատում») և գերազանցեց նախկին փյունիկցի Մամադու Դիավարայի տարիքային ռեկորդը: Վերջինս 2001թ. այդ տարիքում 5 գոլի հեղինակ էր դարձել:

Սիլուեն ընդգրկվեց «Արարատում» գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ լեգեոնականների տասնյակում: «Նոայի» հետ կայացած առաջնության մեկնարկային խաղում Սիլուեն հեթ-տրիկ ձևակերպեց 19 տարեկան 213 օրականում: Նա տասնյակից դուրս թողեց Մարկոս Պիզելիին, որն իր առաջին գոլն «Արարատում» խփել էր 21 տարեկան 256 օրականում: Սիլուեն ընդգրկվեց նաև «Արարատում» հանդես եկած ամենաերիտասարդ լեգեոնականների տասնյակում:

silue - «Արարատն» արդյունավետությամբ 2-րդն էր, Սերժ Դեբլեն՝ լավագույն ռմբարկուն

7. «Փյունիկի» հետ առաջնության աշնանային հատվածի վերջին խաղում Դմիտրիե Պոբուլիչի խփած 2-րդ գնդակը ՀՀ առաջնություններում «Արարատի» հոբելյանական՝ 1250-րդ գոլն էր: Իսկ Պոբուլիչը թիմի կազմում խփած 7 գոլով ընդգրկվեց ամենաարդյունավետ լեգեոնականների տասնյակում, որը 44 գնդակով գլխավորում է Մարկոս Պիզելին:

Իգոր Ստանոևիչն ընդգրկվեց VBET ՀՊԼ-ում «Արարատում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականների տասնյակում՝ «Ուրարտուի» դարպասը գրավելով 29 տարեկան 295 օրականում: Իսկ Խուան Բրավոն (31 տարեկան 254 օրական) ընդգրկվեց «Արարատում»  հանդես եկած ամենատարեց լեգեոնականների տասնյակում:

Ալիկ Առաքելյանը, Էդգար Մալաքյանն ու Դավիթ Մանոյանն առաջնության ընթացքում Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 200-րդ հանդիպումներն անցկացրին: Առաքելյանը դարձավ ՀՀ առաջնություններում 200 խաղի սահմանագիծն ամենաերիտասարդ տարիքում (25 տարեկան 154 օրական) հատած ֆուտբոլիստը:

alik - «Արարատն» արդյունավետությամբ 2-րդն էր, Սերժ Դեբլեն՝ լավագույն ռմբարկուն

8. Վսևոլոդ Երմակովն առանց փոխարինման «Արարատի» դարպասը պաշտպանեց անցկացրած բոլոր 15 հանդիպումներում՝ բաց թողնելով 17 գոլ (միջինը մեկ խաղում՝ 1,13 գոլ): 4 խաղում նա դարպասն անառիկ պահեց: ՀՀ առաջնություններում «Արարատում» անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (39) Երմակովն ընդգրկվեց թիմի ամենափորձառու լեգեոնականների տասնյակում՝ ցանկից դուրս թողնելով Իվան Սպիչկային (34 խաղ): Այդ ցանկը գլխավորում է բրազիլացի Ռենատո դե Մորայեսը, որն «Արարատում» 92 խաղ է անցկացրել:

ermakov - «Արարատն» արդյունավետությամբ 2-րդն էր, Սերժ Դեբլեն՝ լավագույն ռմբարկուն

25-ամյա Երմակովն «Արարատում» անցկացրած խաղերի ընդհանուր քանակով նաև գերազանցեց Սերգեյ Ռևյակինի տարիքային տեկորդը, որն այդ տարիքում թիմի կազմում հանդես եկած լեգեոնականներից բոլորից շատ՝ 24 խաղ էր անցկացրել:

9. Առաջնության աշնանային հատվածում «Արարատում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը թիմի 35-ամյա ավագ Հրայր Մկոյանն էր: Օգոստոսի 24-ին «Նորավանքի» հետ մրցավեճում նա հայկական ակումբներում և ՀՀ ազգային ու երիտասարդական հավաքականներում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 400-րդ խաղն անցկացրեց: Մկոյանը  նաև ինչպես «Արարատում» (80), այնպես էլ Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի ընդհանուր  քանակով (285) թիմի ներկայիս կազմի ամենափորձառու ֆուտբոլիստն էր:

mkoyan - «Արարատն» արդյունավետությամբ 2-րդն էր, Սերժ Դեբլեն՝ լավագույն ռմբարկուն

Իսկ 19-ամյա Դոնիմանի Յակուբա Սիլուեն արարատցիներից ամենաերիտասարդն էր:

10. Առաջնության աշնանային հատվածում «Արարատի» կազմում խաղադաշտ դուրս եկան 22 ֆուտբոլիստներ, որոնցից 10-ը լեգեոնականներ էին: 11 ֆուտբոլիստներ՝ Սերժ Դեբլեն, Հովհաննես Նազարյանը, Ալիկ Առաքելյանը, Դոնիմանի Յակուբա Սիլուեն, Գոռ Մալաքյանը, Իվան Սանտիագո Դիազը, Ռոբերտ Դարբինյանը, Ռոբերտ Հակոբյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Իսահ Ալիյուն և Ամարա Տրաորեն նորամուտը նշեցին «Արարատում»:

Արարատցիները 26 անգամ զգուշացվել են, Սերժ Դեբլեն  հեռացվել է խաղադաշտից: Առավել հաճախ՝ 5 անգամ դեղին քարտի է արժանացել Խուան Բրավոն:

VNews.am-ը ներկայացնում է «Արարատի» ֆուտբոլիստների ցուցանիշներն ընթացիկ առաջնության աշնանային հատվածում (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված 2 խաղերը):

Ֆուտբոլիստներ Խաղ Գոլ Զ (Հ)
1. Վսևոլոդ Երմակով 17 -20 1
2. Դմիտրիե Պոբուլիչ 17 4 2
3. Էդգար Մալաքյան 17 3 1
4. Ժիրայր Մարգարյան 17
5. Դավիթ Մանոյան 17 2
6. Գոռ Մալաքյան 17 3
7. Խուան Բրավո 17 5
8. Ալիկ Առաքելյան 16 4
9. Իսահ Ալիյու 16 1 2
10. Դոնիմանի Յակուբա Սիլուե 15 6 2
11. Սերժ Դեբլե 14 14 -(1)
12. Հրայր Մկոյան 14 1
13. Իվան Սանտյագո Դիազ 14
14. Հովհաննես Նազարյան 11 1 1
15. Մարկո Պրլևիչ 11 2
16. Ռազմիկ Հակոբյան 8 1
17. Ռուդիկ  Մկրտչյան 8 2
18. Ռոբերտ Դարբինյան 8 1
19. Իգոր Ստանոևիչ 4 1
20. Ռոբերտ Հակոբյան 4
21. Էրիկ Վարդանյան 1
22. Ամարա Տրաորե 1

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա