Առաջնության 13-րդ տուրի հանդիպումներից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն հաստատվեց: 28-ական միավորով առաջատարներն «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտն» են:
FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տարան 2 հաղթանակ, նույնքան խաղ ավարտեցին ոչ-ոքի: Առաջնությունում անցկացված 62 հանդիպումներում դաշտի տերերը 28 հաղթանակ են տարել, 15 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 19 անգամ հաջողության են հասել հյուրերը:
4 խաղում խփվեց ընդամենը 7 գոլ (միջինը մեկ խաղում՝ 1,7 գոլ), որից 5-ի հեղինակները դաշտի տերերն էին: Առաջնության 62 հանդիպումներում 158 գոլ է գրանցվել (միջինը մեկ խաղում՝ 2,54 գոլ):
2. «Արարատ-Արմենիայի» 4 անընդմեջ հաղթանակների շարքն ընդհատվեց: Հայաստանի կրկնակի չեմպիոնը թիմային նոր ռեկորդ սահմանեց՝ մեկնարկային 12 հանդիպումներում մնալով անպարտելի: «Արարատ-Արմենիան» գերազանցեց 2021/22թթ. առաջնությունում Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ ցույց տված ռեկորդային ցուցանիշը:
Այդ մրցաշրջանում թիմը մեկնարկային 11 հանդիպումներում անպարտելի էր՝ տոնելով 10 հաղթանակ, միակ ոչ-ոքին գրանցելով «Սևանի» հետ 8-րդ տուրում կայացած խաղում: Իսկ 12-րդ տուրում «Արարատ-Արմենիան» 1-2 հաշվով պարտվել էր «Փյունիկին»:
3. ԲԿՄԱ-ն 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ զիջելով «Ալաշկերտին»:

4. «Շիրակն» ընդհատեց 3 անընդմեջ պարտությունների շարքը՝ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Արարատի» հետ, որի նկատմամբ առաջին շրջանում տարած հաղթանակն առայժմ միակն է ընթացիկ առաջնությունում:
5. «Արարատի» 3 անընդմեջ պարտությունների շարքն էլ ընդհատվեց, իսկ ահա գոլային երաշտը շարունակվեց՝ հասնելով 375 րոպեի: Վերջին գոլն առաջնությունում արարատցիները խփել են հոկտեմբերի 4-ին ԲԿՄԱ-ի հետ հանդիպման 75-րդ րոպեին: Աչքի էր ընկել Յայա Սոգոդոգոն:
6. Տուրում նշանակված 11մ 3 հարվածներից դիպուկ իրացվեցին երկուսը (Ժոաո Լիմա, Բրունո Միշել), իսկ Պետրոս Ավետիսյանի հարվածը շեղ ստացվեց: Հետաքրքիր է, որ «Արարատ-Արմենիայի» դարպասը 4 անգամ գրաված Միշելը բոլոր գոլերն էլ խփել է 11մ հարվածով: Նա Fastex Պրեմիեր լիգայում գոլերի հաշիվը բացել էր հենց «Արարատ-Արմենիայի» հետ նախորդ առաջնության իր նորամուտի խաղում, իսկ ընթացիկ առաջնության առաջին շրջանի մրցավեճում դուբլ էր ձևակերպել:

7. Կաջալի Դրամեն բացեց գոլերի հաշիվն «Ալաշկերտում»՝ դառնալով Fastex Պրեմիեր լիգայում Վահե Գևորգյանի գլխավորությամբ թիմի խփած հոբելյանական՝ 100-րդ գոլի հեղինակը:
8. «Ուրարտուի» դարպասապահ Ալեքսանդր Միշիևին ընդամենը մեկ րոպե չբավականացրեց դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով թիմի պատմության լավագույն դարպասապահը ճանաչվելու համար: «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպման 37-րդ րոպեին մրցակցի ֆուտբոլիստ Ժոաո Լիման 11մ հարվածով գրավեց Միշիևի պաշտպանած դարպասը՝ ընդհատելով 6 անընդմեջ «չոր» խաղերի շարքը: Միշիևն ընթացիկ առաջնությունում առաջին գոլը բաց թողեց:
Այսպիսով, Միշիևը 576 րոպե շարունակ դարպասն անառիկ պահեց ու կրկնեց թիմի նախկին դարպասապահ Գարեգին Նաջարյանի ռեկորդային ցուցանիշը, որը 1992թ. առաջնությունում «Բանանցում» նույնքան ժամանակահատված շարունակ գոլ բաց չէր թողել:

9. Պետրոս Ավետիսյանն առաջին գոլը խփեց «Գանձասարի» կազմում: Նա դարձավ Fastex Պրեմիեր լիգայում «Գանձասարում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը՝ «Վանի» դարպասը գրավելով 29 տարեկան 306 օրականում: Նա գերազանցեց Բերտրան Մանիի ցուցանիշը, որն իր վերջին գոլը գանձասարցիների կազմում խփել է 27 տարեկան 357 օրականում:
10. Fastex Պրեմիեր լիգայում իրենց գոլերի հաշիվը բացեցին «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Ժոաո Լիման և «Վանի» լեգեոնական Ժոտան:
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


