Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ընդամենը 6,5 տարվա պատմություն ունի, սակայն կարճ ժամանակահատվածում հասցրել է նոր երանգներ հաղորդել հայկական ֆուտբոլին: Այդ գործում մեծ դերակատարում ունեն ակումբում ելույթ ունեցած ֆուտբոլիստները:
FastNews-ը ներկայացնում է «Արարատ-Արմենիայում» ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստների տասնյակը:
10. Դմիտրի Աբակումով, 86 խաղ
Ռուս Դարպասապահն այն ֆուտբոլիստների թվում էր, որոնք սկսեցին ելույթները Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում: Աբակումովը տևական ժամանակ հուսալի խաղ էր ցուցադրում և կարողացավ ակումբի հետ նվաճել 3 տիտղոս: 35-ամյա դարպասապահն այժմ ունի ազատ գործակալի կարգավիճակ:

9. Զաքարիա Սանոգո, 92 խաղ
Բուրկինա Ֆասոն ներկայացնող ֆուտբոլիստն ավստրիական «Հարթբերգից» «Արարատ-Արմենիա» տեղափոխվեց 2019 թվականի ամռանը: Եզրային հարձակվողը հայկական ակումբում 92 խաղում խփել է 7 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում: Ժամանակ առ ժամանակ Սանոգոն խաղում էր նաև եզրային պաշտպանի դիրքում: Ընթացիկ մրցաշրջանում Սանոգոն խաղում էր «Ալաշկերտում», իսկ այժմ ունի ազատ գործակալի կարգավիճակ:

8. Տենտոն Յենե, 98 խաղ
Նիգերիացի եզրային հարձակվողը այժմ համարվում է «Արարատ-Արմենիայի» հարձակման գծի առաջատարներից: 98 խաղում Տենտոնը խփել է 37 գոլ, կատարել 23 գոլային փոխանցում: Ակումբի պատմության մեջ գլխավոր ռմբարկուների ցուցակում 24-ամյա ֆուտբոլիստը երկրորդ տեղում է ու ևս 5 գոլ խփելու դեպքում կբարձրանա առաջին տեղ:

7. Խուլիո Բուենո, 108 խաղ
Ակումբի ներկայիս կազմի ևս մեկ առանցքային ֆուտբոլիստ, որն «Արարատ-Արմենիա» է տեղափոխվել 2021 թվականի հունվարին: Բուենոն հայկական ակումբում խփել է 3 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում, ինչպես նաև դարձել է Հայաստանի գավաթակիր:

6. Ալվին Թերա, 119 խաղ
Քենիացին 2021 թվականի հուլիսին «Արարատ-Արմենիա» տեղափոխվեց վրացական «Սաբուրթալոյից» և միանգամից դարձավ կիսապաշտպանության կարևոր մասնիկներից: Թերան «Արարատ-Արմենիայում» խփել է 7 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում:

5. Արտյոմ Ավանեսյան, 119 խաղ
Ավանեսյանը ևս այն ֆուտբոլիստների շարքում է, որոնք ակումբի կազմում էին Հայաստանի առաջնությունում նորամուտի պահից: «Արարատ-Արմենիայում» Արտյոմն ամենահաջող ժամանակահատվածն անցկացրել է Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ, քանի որ ռուս մասնագետը կիսապաշտպանին շատ էր վստահում և նորովի բացահայտեց նրա որակները: Ավանեսյանն «Արարատ-Արմենիայում» խփել է 13 գոլ, կատարել 18 գոլային փոխանցում:

4. Ալեմաո, 119 խաղ
Բրազիլացի պաշտպանն այժմ խաղում է «Արարատ-Արմենիայի» սկզբունքային մրցակիցներից մեկի՝ «Փյունիկի» կազմում, սակայն Հայաստանի կրկնակի չեմպիոնի կազմում մի քանի մրցաշրջան անընդմեջ բարձրակարգ խաղ է ցուցադրել և եղել է առաջնության լավագույն աջ պաշտպաններից: Ալեմաոն «Արարատ-Արմենիայում» խփել է 10 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում:

3. Կարեն Մուրադյան, 125 խաղ
Առաջին հայացքից զարմանալի է թվում, բայց հենակետային կիսապաշտպանն արդեն խաղերի քանակով ակումբի պատմության մեջ առաջատարների եռյակում է: Մուրադյանը 2021 թվականից է խաղում «Արարատ-Արմենիայում» և այս ընթացքում խփել է 1 գոլ, կատարել 6 ասիստ:

2. Մաիլսոն Լիմա, 125 խաղ
«Արարատ-Արմենիայում» ամենավառ խաղով աչքի ընկած ֆուտբոլիստներից, որն ակումբի պատմության գլխավոր ռմբարկուն է և ամենաշատ ասիստ կատարած ֆուտբոլիստը: Լիմայի ակտիվում գրանցված է 41 գոլ և 30 գոլային փոխանցում:

1. Արմեն Համբարձումյան, 201 խաղ
Արմենն իրավամբ «Արարատ-Արմենիայի» լեգենդ է, որը տևական ժամանակ կրում է ավագի թևկապը: Համբարձումյանը միակն է, որ Հայաստանի առաջնությունում նորամուտի խաղից մինչև այժմ պաշտպանում է «Արարատ-Արմենիայի» գույները: 201 խաղում կիսապաշտպանը խփել է 13 գոլ, կատարել 22 գոլային փոխանցում:


