Ավանդույթի համաձայն, VNews.am-ը սկսում է VBET ՀՊԼ-ի հոբելյանական՝ 30-րդ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք առաջատար «Արարատ-Արմենիային»:
1. VBET ՀՊԼ-ում 4-րդ մրցաշրջանն անցկացնող «Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ դարձավ 30-րդ առաջնության աշնանային հատվածի հաղթող՝ 15 հանդիպումներում վաստակելով 40 միավոր (+13=1-1, 35-11), ինչը հնարավոր միավորների 88,8 տոկոսն է: «Սևանի» հետ չեղարկված խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի:
Նախորդ առաջնության մեկնարկային 15 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» 14 միավոր պակաս էր վաստակել (+7=5-3, 22-9), ինչը հնարավոր միավորների 57,7 տոկոսն էր:
2. «Արարատ-Արմենիան» առաջնության մեկնարկից 7 անընդմեջ հաղթանակ տոնեց, 11 խաղ ընթացավ առանց պարտության: Այդ ցուցանիշները ռեկորդային են թիմի պատմության մեջ: Մինչ այդ թիմի լավագույն մեկնարկը գրանցվել էր 2019/20թթ. առաջնությունում, երբ «Արարատ-Արմենիան» տոնել էր 3 անընդմեջ հաղթանակ ու 5 խաղ շարունակ անպարտելի էր:
«Արարատ-Արմենիան» առաջնության աշնանային հատվածի ամենաարդյունավետ թիմն է, որը 35 գոլի հեղինակ դարձավ: Թիմն աչքի ընկավ նաև հուսալի պաշտպանությամբ՝ բաց թողնելով ընդամենը 11 գոլ, ինչը ևս լավագույն արդյունքն է առաջնությունում: Առաջնության 15 հանդիպումներից միայն մեկում՝ «Ուրարտուի» հետ մրցավեճում «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներին չի հաջողվել գրավել մրցակցի դարպասը՝ խաղն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի: 8 հանդիպումներում «Արարատ-Արմենիայի» դարպասն անառիկ է մնացել:
Սեփական հարկի տակ անցկացրած 8 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» վաստակեց 21 միավոր (+7=0-1, 21-8), ինչը հնարավոր միավորների 87,5 տոկոսն է: Միակ պարտությունը սեփական դաշտում «Արարատ-Արմենիան» կրել է «Փյունիկից» (1-2):
Հյուրընկալվելիս անցկացրած 7 հանդիպումներում«Արարատ-Արմենիան» իր օգտին գրանցեց 19 միավոր (+6=1-0, 14-3): Դա հնարավոր միավորների 90,4 տոկոսն է:
«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով 5 հաղթանակ տոնեց՝ միևնույն 3-0 հաշվով պարտության մատնելով «Ալաշկերտին», «Փյունիկին», «Ուրարտուին» և «Արարատին», 5-2 հաշվով առավելության հասնելով «Նոայի» նկատմամբ:
3. «Արարատ-Արմենիայի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 5 հարված, որոնցից իրացվել են 4-ը: Թիմի օգտին նշանակված բոլոր 4 հարվածներն էլ դիպուկ է իրացրել Մաիլսոն Լիման՝ երկու անգամ խոցելով ԲԿՄԱ-ի դարպասապահ Արման Ներսեսյանի պաշտպանած դարպասը, մեկական անգամ հաղթող դուրս գալով Գրիգորի Մաթևոսյանի («Նոա») և Անատոլի Այվազովի («Ուրարտու») հետ մենամարտերում:
«Արարատ-Արմենիայի» դարպասին նշանակվել է ընդամենը մեկ 11մ հարված: Վալերիո Վիմերկատին հետ է մղել «Վանի» ֆուտբոլիստ Բրունո Միրանդայի հարվածը:
4. Առաջնության աշնանային հատվածում առավել արդյունավետ գործեց Մաիլսոն Լիման՝ խփելով 12 գոլ: Նա ընդամենը մեկ գնդակով է զիջում առաջնության լավագույն ռմբարկուների առաջատար Սերժ Դեբլեին: 27-ամյա Մաիլսոնն արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով նախկին արարատցի Ալեքսանդր Ռակիչի ցուցանիշը, որն այդ տարիքում ՀՀ առաջնություններում հանդես եկած լեգեոնականներից բոլորից շատ՝ 11 գոլ էր խփել: Իսկ «Արարատ-Արմենիայում» 27 տարեկանում բոլորից արդյունավետ էր գործել Սերգեյ Վակուլենկոն՝ խփելով 4 գոլ:
Մաիլսոն Լիման VBET ՀՊԼ-ում խփած 25 գնդակով հավասարվեց Յուսուֆ Օտուբանջոյին և նրա հետ դարձավ «Արարատ-Արմենիայի» պատմության լավագույն ռմբարկուն: Այդ տիտղոսին մինչ այդ 19 գնդակով տիրում էր Անտոն Կոբյալկոն: Իսկ պաշտոնական մրցումներում խփած 33 գնդակով Մաիլսոնը դարձավ թիմի պատմության լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով 30 գոլի հեղինակ դարձած Անտոն Կոբյալկոյի ռեկորդային ցուցանիշը:
5. 29-ամյա Յուսուֆ Օտուբանջոն էլ գերազանցեց «Բանանցի» նախկին հարձակվող Դու Բալայի տարիքային ռեկորդը, որը 11 գոլի հեղինակ էր դարձել: Օտուբանջոն 2021թ. օրացուցային տարում առաջնության հանդիպումներում 15 գոլ է խփել: Այդ արդյունքը նաև գերազանցում է «Արարատ-Արմենիայի» նախկին հարձակվող Իվայլո Դիմիտրովի տարիքային ռեկորդը (10 գոլ):
Թիմի մի քանի ֆուտբոլիստներ ևս տարիքային ռեկորդներ սահմանեցին: 25-ամյա Ուիլֆրեդ Կուասի Էզան 7 գնդակով գերազանցեց Մաիլսոն Լիմայի տարիքային ռեկորդը, որը 2019թ. այդ տարիքում 6 գոլ էր խփել: Արտյոմ Ավանեսյանը 4 գնդակով դարձավ թիմի ռեկորդակիրը 22 տարեկան ֆուտբոլիստների մեջ, իսկ Ժիրայր Շաղոյանը 2 գոլով ամենաարդյունավետն է «Արարատ-Արմենիայում» 20 տարեկանում հանդես եկած ֆուտբոլիստներից:
6. Արմեն Համբարձումյանը VBET ՀՊԼ-ում «Արարատ-Արմենիայում» անցկացրած խաղերի քանակը հասցրեց 71-ի և շրջանցելով Դմիտրի Աբակումովին (65 խաղ), դարձավ թիմի ռեկորդակիրը: Յուսուֆ Օտուբանջոն (48 խաղ) և Յոհան Գուֆրանը (40) ընդգրկվեցին «Արարատ-Արմենիայում» հանդես եկած ամենափորձառու ֆուտբոլիստների տասնյակում:
7. Ժիրայր Շաղոյանը դարձավ VBET ՀՊԼ-ում «Արարատ-Արմենիայում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ «Նոայի» դարպասը գրավելով 20 տարեկան 137 օրականում: Նա գերազանցեց Արթուր Դանիելյանի ցուցանիշը, որն աչքի էր ընկել 21 տարեկան 76 օրականում:
Ալվին Թերան էլ (24 տարեկան 210 օրական) ընդգրկվեց VBET ՀՊԼ-ում «Արարատ-Արմենիայում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում:
8. Առաջնության աշնանային հատվածում «Արարատ-Արմենիայում» ամենաերիտասարդը 20-ամյա Ժիրայր Շաղոյանն էր, ամենատարեցը՝ 35-ամյա Յոհան Գուֆրանը:
«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներից Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի քանակով (211) ամենափորձառուն 29-ամյա Կարեն Մուրադյանն էր:
9. Վալերիո Վիմերկատին առանց փոխարինման պաշտպանեց թիմի դարպասն առաջնության բոլոր 16 հանդիպումներում (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված խաղը), որոնցում 11 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 0,68 գոլ): Վիմերկատին 9 հանդիպումներում դարպասն անառիկ է պահել: Այդ ցուցանիշներով նա առաջնության աշնանային հատվածի ամենահուսալի դարպասապահն է:
2021թ. կայացած Հայաստանի առաջնության հանդիպումներում 26-ամյա Վիմերկատին 15 «չոր» խաղ է անցկացրել: Նա դարպասապահների տարիքային նոր ռեկորդի հեղինակ դարձավ՝ գերազանցելով Գարեգին Նաջարյանի («Բանանց», 1992թ.) և Արթուր Լեսկոյի («Փյունիկ», 2010թ.) տարիքային ռեկորդը: Նրանք 26 տարեկանում ՀՀ առաջնություններում հանդես եկած դարպասապահներից բոլորից հաճախ՝ 14-ական անգամ դարպասն անառիկ էին պահել:
10. Առաջնության աշնանային հատվածի 16 հանդիպումներում (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված խաղը) Դմիտրի Գունկոն խաղադաշտ դուրս բերեց 22 ֆուտբոլիստների, որոնցից 15-ը լեգեոնականներ էին: Բացի Վիմերկատիից, բոլոր խաղերին մասնակցել են նաև Մաիլսոն Լիման և Արտյոմ Ավանեսյանը:
Վալերիո Վիմերկատին, Ուիլֆրեդ Կուասի Էզան, Ալվին Թերան, Կարեն Մուրադյանը և Դիեգո Գոնսալեսը նորամուտը նշեցին թիմի կազմում:
«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները 31 անգամ զգուշացվել են, Դավիթ Տերտերյանն ու Խոսե Բուենոն հեռացվել են խաղադաշտից: Առավել հաճախ՝ 4-ական անգամ դեղին քարտի են արժանացել Մաիլսոն Լիման ու Վբեյմար Անգուլոն:
VNews.am-ը ներկայացնում է «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստների ցուցանիշներն ընթացիկ առաջնության աշնանային հատվածում (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված խաղը):
Ֆուտբոլիստներ | Խաղ | Գոլ | Զ (Հ) |
1. Մաիլսոն Լիմա | 16 | 12 | 4 |
2. Վալերիո Վիմերկատի | 16 | -11 | – |
3. Արտյոմ Ավանեսյան | 16 | 4 | – |
4. Ուիլֆրեդ Կուասի Էզա | 15 | 7 | 1 |
5. Վբեյմար Անգուլո | 15 | – | 4 |
6. Ֆուրջել Նարսինգ | 15 | – | – |
7. Յուսուֆ Օտուբանջո | 14 | 8 | 1 |
8. Ալվին Թերա | 14 | 1 | 1 |
9. Ալեմաո | 14 | – | 2 |
10. Դավիթ Տերտերյան | 14 | – | 2 (1) |
11. Սերգեյ Վակուլենկո | 14 | – | 2 |
12. Ժիրայր Շաղոյան | 13 | 2 | 2 |
13. Խոսե Բուենո | 13 | – | 2 (1) |
14. Կարեն Մուրադյան | 13 | – | 2 |
15. Զաքարիա Սանոգո | 12 | – | 2 |
16. Եգոր Կլիմենչուկ | 11 | – | 1 |
17. Արմեն Համբարձումյան | 10 | 1 | 2 |
18. Յոան Գուֆրան | 4 | – | – |
19. Դանու Սպատառու | 4 | – | 1 |
20. Դիեգո Գոնսալես | 4 | – | – |
21. Ալբերտ Խաչումյան | 3 | – | 2 |
22. Արմեն Հովհաննիսյան | 2 | – | – |