«Արարատ-Արմենիան» պաշտոնապես հայտարարել է 2 տրանսֆերի մասին։
Երևանյան ակումբին է միացել Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դարպասապահ Դամիան Շիշկովսկին։ 28-ամյա դարպասապահը մակեդոնական «Ռաբոտնիչկիի» սան է, կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև բելգիական «Գենտում», ֆիննական «Լահտի», ՌոՊՍ ակումբներում, իսկ նրա նախորդ թիմը Կիպրոսի «Դոքսան» էր։
«Արարատ-Արմենիա» է վերադարձել կիսապաշտպան Նարեկ Ալավերդյանը։ 2018-2020 թվականներին 21-ամյա ֆուտբոլիստը խաղացել է «Արարատ-Արմենիա-2»-ում, ինչպես նաև մի քանի խաղ է անցկացրել հիմնական թիմի կազմում։ Ալավերդյանը «Փյունիկի» ակադեմիայի սան է, վերջին 3.5 մրցաշրջաններում հանդես է եկել ԲԿՄԱ-ի կազմում։
«Ֆասթ Մեդիայի» մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանի տվյալներով, ռուսական «Խիմկիի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայի» կազմում: 28-ամյա ֆուտբոլիստն արդեն մարզում է անցկացրել Վարդան Մինասյանի գլխավորած թիմում: Ավետիսյանն «Արարատ-Արմենիայում» խաղացել է նաև 2019-ին, իսկ «Խիմկիին» միացել էր նախորդ տարի։
«Արարատ-Արմենիան» հունվարի 24-ից փետրվարի 15-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Կիպրոսում: Հավաքի ընթացքում նախատեսված են մի շարք ստուգողական հանդիպումներ: