«Արարատ-Արմենիան» առաջին ընկերական հանդիպումներն է անցկացրել Կիպրոսի ուսումնամարզական հավաքի ընթացքում՝ մեկ օրում գրանցելով երկու ոչ-ոքի։
Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հունվարի 28-ի առաջին խաղում մրցել է Կիպրոսի երկրորդ լիգան ներկայացնող «Սպարտակոս Կիտիոյի» դեմ։ Հայկական ակումբից գոլով աչքի է ընկել գանացի վինգեր Էրիկ Օկանսին, իսկ խաղն ավարտվել է 1-1 հաշվով։
Երկրորդ խաղում նույնպես «Արարատ-Արմենիայի» մրցակիցը եղել է Կիպրոսի երկրորդ լիգայից։ «Ախիրոնաս Օնիսիլոսի» դեմ խաղում գրանցվել է մարտական ու գոլառատ ոչ-ոքի` 3-3։ «Արարատ-Արմենիայի» գոլերը խփել են Ժիրայր Շաղոյանը, կոլումբացի հարձակվող Ջոնաթան Դուարտեն ու բելառուս պաշտպան Ալեքսանդր Պավլովեցը։
«Արարատ-Արմենիան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի փետրվարի 2-ին՝ մրցելով «Այա Նապայի» (Կիպրոս, երկրորդ լիգա) դեմ։