«Արարատ-Արմենիան» պատմության մեջ առաջին անգամ դարձավ ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր։ Մրցաշարի եզրափակիչում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հետխաղային 11-մետրանոցներով առավելության հասավ գավաթի նախորդ խաղարկության հաղթող «Ուրարտուի» նկատմամբ։
Հավասար պայքարում անցած առաջին խաղակեսում կողմերը փոխանակվեցին մեկական գոլով։ 31-րդ րոպեին «Ուրարտուին» առաջ մղեց Միքայել Միրզոյանը, իսկ 38-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» պատասխան գոլը խփեց արգենտինացի Ալեքսիս Ռոդրիգեսը։
Երկրորդ խաղակեսում հաշվի մեջ առաջ անցնելու ամենաիրական պահն ուներ «Ուրարտուն», երբ դրվագներից մեկում վինգեր Գևորգ Տարախչյանը մեն-մենակ մնաց Արսեն Բեգլարյանի դեմ, շրջանցեց դարպասապահին, սակայն հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Լրացուցիչ ժամանակն անցավ լարված և համառ պայքարում, բայց դարպասի գրավումներ չեղան։
Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում վճռորոշ դարձավ «Ուրարտուի» ավագ, Հայաստանի հավաքականի պաշտպան Ժիրայր Մարգարյանի վրիպումը, որի հարվածից հետո «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը փրկեց իր թիմին։
«Արարատ-Արմենիան» չորրորդ տիտղոսը նվաճեց ակումբի պատմության մեջ, բոլորը՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ։ Երևանյան ակումբը Հայաստանի սուպերգավաթակիր (2019թ․) ու կրկնակի չեմպիոն է (2019թ․, 2020թ․)։
Հայաստանի գավաթ, եզրափակիչ
«Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»` 1-1 (11-մետրանոցներով` 5-3)
Ալեքսիս Ռոդրիգես, 38 - Միքայել Միրզոյան, 31