«Արարատ-Արմենիան» դժգոհ է մնացել Երևանի «Փյունիկի» դեմ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի վերջին խաղի մրցավարությունից: Հայաստանի կրկնակի չեմպիոնը հանդես է եկել հայտարարությամբ:
«Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, կայացած Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 11-րդ մրցափուլի «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» խաղի 32-րդ րոպեին՝ 1:1 հաշվի ժամանակ, «Արարատ-Արմենիայի» հարձակվող Ուիլֆրեդ Էզան գրավեց մրցակցի դարպասը, սակայն հանդիպումը սպասարկող մրցավարների կողմից գոլը չարձանագրվեց՝ խաղից դուրս իրավիճակի պատճառով։
Տարբեր դիտանկյուններից և տեսախցիկներից դիտած կրկնապատկերներից պարզ է դառնում, որ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստը ավելի հետ էր գտնվում մրցակցի դարպասից, քան մրցակցի պաշտպանները, հետևաբար՝ հանդիպման մրցավարները պարտավոր էին արձանագրել խփած գնդակը։
Սա մրցավարական հերթական կոպիտ սխալն էր մեր թիմի հանդեպ, որի պատճառով հերթական անգամ «Արարատ-Արմենիան» հայտնվում է տուժողի դերում ու կորցնում թանկարժեք միավորներ:
Այսօրինակ սխալները ևս մեկ անգամ ապացուցում են րոպե առաջ VAR համակարգի տեղակայման անհրաժեշտությունը մրցավարական նմանատիպ սխալներից խուսափելու համար»,- ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ այդ խաղում գործող չեմպիոն «Փյունիկը» հաղթել էր 2-1 հաշվով: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 10 խաղից վաստակած 18 միավորով չորրորդ տեղում է, «Արարատ-Արմենիան» անցկացրել է նույնքան հանդիպում ու 19 միավորով երրորդն է: Առաջատարը Երևանի «Ուրարտուն է», որն անցկացրել է 11 խաղ և ունի 25 միավոր: