Logo

Արամ Ոսկանյան. «Մեզ համար կարևորն ազգը ներկայացնելն է»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:21 / 14.07.2022• Հայկական ֆուտբոլ
Արամ Ոսկանյան-ասուլիս

«Արարատը» հուլիսի 14-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը կանցկացնի հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» հետ: Երևանյան թիմի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը նախախաղային ասուլիսի ընթացքում խոսել է դիմակայության մասին:

ՊԱՏԱՍԽԱՆ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Պատասխան խաղից առաջ, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ և կորուստներ չկան։ Միայն թեթև վնասվածք ունի Բաբու Չամը։

Իհարկե, ակումբը սահմանել է պարգևավճար, բայց մեզ համար կարևորն ազգը ներկայացնելն է, սա «Արարատն» է, և այսքանով ամեն ինչ ասված է։ Պարգևավճարը երկրորդական է։

Ճիշտ է՝ կարճ ժամանակում դժվար է թիմ կառուցել, նոր փիլիսոփայություն, բայց այն ֆուտբոլիստները, որոնք այժմ կան, բավարար են, չնայած աշխատում ենք նոր համալրումների ուղղությամբ։

Մենք ունեինք ցանկություն, որ մինչև Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկը 1-2 ֆուտբոլիստ միանա մեզ, սակայն ինչ-ինչ պատճառներով չստացվեց»։

ԱՌԱՋԻՆ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Երկրորդ կեսում մարտավարություն փոխեցինք, առաջինում լավ պահեր ունեին Հրայր Մկոյանը, Գլիշիչը, Էդգար Մալաքյանը։ Նման խաղերում այդ հնարավորությունները պետք է օգտագործել։ Մրցակիցն «ամուր ընկույզ» թիմ է։

Երկրորդ կեսի մեկնարկում փորձեցինք հարձակողական ֆուտբոլ խաղալ, սակայն ֆիզիկական վիճակը չհերիքեց։ Հասկացանք, որ շատ հակագրոհներ ենք բաց թողնում։ Ռիսկի գնալ չարժեր, քանի որ տեսնում էինք, որ մրցակցի ֆիզիկական վիճակն ավելի լավ էր։

Ես միշտ նշել եմ, որ եվրագավաթներին պետք է սկսել նախապատրաստվել հունվարից։ Այսինքն՝ հունվարից պետք է սկսել ֆիզիկական վիճակի հիմքը դնել և աշխատել կազմի համալրման ուղղությամբ։ Մեր կազմից մի շարք առաջատարներ հեռացել են, ու այս ընթացքում նույնիսկ կախարդական փայտիկով չես կարող հրաշք գործել։ Առաջին խաղի երկրորդ կեսում մի քանի սուր հակագրոհ բաց թողեցինք, դրա համար որոշեցինք ավելի հուսալի խաղալ»։

ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Եթե նույնիսկ չլինի որևէ խնդիր, յուրաքանչյուր մարզիչ խաղադաշտ է դուրս գալիս հաղթանակի համար։ Մեր թիմում ունենք փորձառու ֆուտբոլիստներ, որոնք ցանկանում են հաջորդ փուլ դուրս գալ։ Խնդիր կա, բայց հստակ պարտականություն դրված չէ։

Ակումբի ղեկավարությունն էլ ամեն ինչ հասկանում է, իսկ թիմի տղաներն ու մարզչական շտաբը մարտական տրամադրված պատրաստվում են վաղվա խաղին։ Չեմ կարող ասել, որ հստակ խնդիր ունենք հաղթահարելու մեկ կամ երկու փուլ»,- Ոսկանյանի խոսքը մեջբերում է «Արարատի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Շկենդիան» հաղթել է 2:0 հաշվով: Պատասխան հանդիպումը կմեկնարկի ժամը 19:00-ին:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ