Logo

Արամ Գյուլբուդաղյան. «Եթե բոլորը լինեն այդպիսին, կտեսնենք արդեն գլոբալ նվաճումներ»

14:51 / 23.10.2024Ֆուտբոլ
null

«Փյունիկի» ակադեմիայի նորանշանակ սպորտային տնօրեն Արամ Գյուլբուդաղյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է նոր պաշտոնում առաջիկա ծրագրերի մասին:

- Խոսենք Ձեր նշանակման մասին:

- Շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանն ինձ վստահելու համար, այս պահին ինձ մոտ շատ մեծ է պատասխանավության զգացումը։

- Ինչի՞ վրա է շեշտը դնելու ակումբը՝ կապված երեխաների և նրանց զարգացման հետ:

- Մեզ համար առաջնայինը երեխային որպես անհատ զարգացնելն է: Եթե թիմում ունենանք այդպիսի անգամ մեկ ֆուտբոլիստ, դա կարող է դրվագային հաջողություններ բերել, իսկ եթե բոլորը լինեն այդպիսին, ապա կտեսնենք արդեն գլոբալ նվաճումներ։

- Ինչպե՞ս հասնել Ձեր նշած արդյունքին: 

- Առաջին հերթին մարզումների միջոցով: Երեխան պետք է հասկանա՝ ինչի համար է անում տվյալ վարժությունը, ստանա բավարար պատասախան: Կարող եմ ասել, որ շատ տարիներ առաջ  եղել է ճիշտ հակառակը, երեխաները մեքենաբար են արել ամեն ինչ, և մեզ համար առաջնային է դա փոխելը:

- Դուք 7 տարի է «Փյունիկում» եք և գիտեք ակադեմիայի ուժեղ ու թույլ կողմերը, սա կօգնի՞ ավելի արագ սկսելու գործընթացը:

- Գիտեք՝ ֆուտբոլում, հատկապես այս տարիքայինների շրջանում, երբ հաղթում ես, չի նշանակում՝ ամեն ինչ ճիշտ ես արել, իսկ երբ պարտվում ես, չի նշանակում՝ ամեն ինչ սխալ է ընթացել: Կրկին նշում եմ, որ մեզ համար սկզբունքային է երեխաներին որպես անհատ զարգացնելը, իսկ մնացած ֆուտբոլային հարցերը կապված երեխայի տեխնիկական զարգացման, մարզչական տակտիկական ճկունության հետ և այլն, իհարկե, նույնպես կենսական նշանակություն ունեն:

- Խոսենք զարգացման ճանապարհին միջազգային մրցաշարերի կարևորության մասին:

-Իհարկե դրանք օգնում են: Հիշում եմ՝ «Փյունիկ-2006»-ի հետ Մոսկվայում մասնակցում էինք մրցաշարի, որի շրջանակում խաղացինք Մոսկվայի ԲԿՄԱ, «Լոկոմոտիվ», «Դինամո» թիմերի հետ։ Զբաղեցնելով 3-րդ տեղը խմբում, ֆուտբոլային ապտակը ես ստացա, բայց երբ վերադարձանք Հայաստան, երեխաներիս գործողություններում և աչքերում տեսա համարձակություն, վստահություն և զգոնություն, որն էլ դրական ազդեցության մասին է խոսում: Կարևոր է նաև այն, որ ծանոթանում ենք տարբեր ֆուտբոլային մշակույթների հետ: 

- Խոսեցիք անհատների, առաջատար լինելու և միջազգային մրցաշարերի մասին. մենք ունե՞նք այնպիսի մարզիչներ, որոնք կարող են կյանքի կոչել Ձեր և ակումբի նախագծերը։

- Մենք բոլորս, ինչպես նաև ակումբի ղեկավարությունը, մշտապես հանդիպումներ ենք ունենում՝ քննարկելով բոլոր կետերը: Ճանաչում եմ մարզիչներին, շատերի հետ երկար ժամանակ աշխատել եմ, կարծում եմ՝ ի զորու ենք հասնելու մեր նպատակներին։

Հոկտեմբերի 28-ին Արամ Գյուլբուդաղյանը կմեկնի Ռոտերդամ՝ մասնակցելու ECA-ի կողմից կազմակերպված դասընթացի՝ «Ֆուտբոլիստի զարգացումը, ֆուտբոլը և դրա մեթոդոլոգիաների ազդեցությունը խաղի վրա» թեմայով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ