Logo

Առաջնության ամենատարեց ու ամենաերիտասարդ ֆուտբոլիստները՝ մեկ թիմում. «Շիրակի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
19:47 / 20.06.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

FastNews-ը շարունակում է Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ առաջնությունում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Շիրակին»:

1. Բարձրագույն խմբի առաջնությունների մասնակցության թվով (32 անգամ) ռեկորդակիր Գյումրիի «Շիրակը» Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ առաջնությունն ավարտեց 7-րդ տեղում՝ 30 հանդիպումներում վաստակելով 35 միավոր (10 հաղթանակ, 5 ոչ-ոքի,15 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 30-50), ինչը հնարավոր միավորների 38,8 տոկոսն է:

Ընդ որում հաղթանակներից մեկը տեխնիկական է: Շիրակցիներին 3-0 հաշվով հաղթանակ է գրանցվել առաջնությունից հեռացված «Վեստ Արմենիայի» հետ չկայացած խաղում:

Նախորդ առաջնության համեմատ «Շիրակը» որոշ առաջընթաց գրանցել է: Հիշեցնենք, որ 2023/24թթ. առաջնության 36 հանդիպումներում «Շիրակը» 33 միավոր էր վաստակել (8 հաղթանակ, 9 ոչ-ոքի, 19 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 28-46) և զբաղեցրել էր 8-րդ տեղը:

2. Առաջնությունում «Շիրակի» գործողությունները ղեկավարեցին 2 մարզիչներ: Մեկնարկային 9 խաղերում թիմի գլխավոր մարզիչն  Արսեն Հովհաննիսյանն էր, որի օրոք շիրակցիներն ընդամենը 10 միավոր վաստակեցին (3 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 5 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 6-17), ինչը հնարավոր միավորների 37 տոկոսն է:

Արսեն Հովհաննիսյանը թիմի ղեկը ստանձնել էր նախորդ առաջնության 5-րդ տուրից՝ փոխարինելով էդգար Թորոսյանին: Հովհաննիսյանի գլխավորությամբ «Շիրակը» Fastex Պրեմիեր լիգայում ընդհանուր առմամբ 41 խաղ է անցկացրել (10 հաղթանակ, 10 ոչ-ոքի, 21 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 30-55)՝ վաստակելով հնարավոր միավորների 32,5 տոկոսը:

Առաջնության մնացած հատվածում «Շիրակի» գործողությունները ղեկավարեց Ռաֆայել Նազարյանը, որի օրոք գյումրեցիները 25 միավոր վաստակեցին (7 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 10 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 24-33), ինչը հնարավոր միավորների 39,6 տոկոսն է: Հաղթանակներից մեկը գրանցվել է «Վեստ Արմենիայի» հետ չկայացած խաղում:

Ռաֆայել Նազարյանը Հայաստանի առաջնություններում «Շիրակը» գլխավորած ընդամենը 8-րդ մարզիչն է: Ռեկորդակիրը փորձառու մասնագետ Անդրանիկ Ադամյանն է, որի գլխավորությամբ գյումրեցիները 1992-2004թթ. ՀՀ առաջնություններում 339 խաղ են անցկացրել (226 հաղթանակ, 56 ոչ-ոքի, 57 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 884-296)՝ վաստակելով հնարավոր միավորների 72,1 տոկոսը:

3. Որքան էլ որ տարօրինակ է, «Շիրակն» ավելի հաջող խաղաց մրցակիցների դաշտում՝ 15 հանդիպումներում վաստակելով 19 միավոր (6 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 8 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 17-31), ինչը հնարավոր միավորների 42,2 տոկոսն է:

Հյուրընկալվելիս գյումրեցիները հաղթել են ԲԿՄԱ-ին (2-0), «Արարատին» (2-1, 2-1), «Գանձասարին» (2-1), «Ալաշկերտին» (3-1) և «Ուրարտուին» (2-1):

Իսկ ահա Գյումրիում նախատեսված 15 հանդիպումներում «Շիրակի» օգտին ընդամենը 16 միավոր գրանցվեց (4 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 7 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 13-19), ինչը հնարավոր միավորների 35,5 տոկոսն է: Հաղթանակներից մեկը գրանցվել է «Վեստ Արմենիայի» հետ չկայացած խաղում:

Ընդ որում սեփական դաշտում Արսեն Հովհաննիսյանի օրոք անցկացրած առաջին 4 հանդիպումներում «Շիրակն» ընդամենը մեկ միավոր էր վաստակել՝ չգտնելով մրցակիցների դարպասի բանալին («Նոա»՝ 0-5, «Վան»՝ 0-2, «Ուրարտու»՝ 0-2, «Ալաշկերտ»՝ 0-0):

Եվ միայն հոկտեմբերի 17-ին Գյումրիում անցկացրած 5-րդ խաղում, որում թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտն էր նշել Ռաֆայել Նազարյանը, «Շիրակին» հաջողվեց վերջապես հաղթանակ տոնել՝ 2 անպատասխան գնդակ ուղարկելով «Վեստ-Արմենիայի» դարպասը: Այդպիսով, ընդհատվեց սեփական դաշտում թիմի կրած 6 անընդմեջ պարտությունների շարքն ու 565 րոպե տևած գոլային երաշտը:

Գյումրիում նախորդ հաղթանակը շիրակցիները տարել էին 2023/24թթ. առաջնությունում՝ ապրիլի 27-ին Մորի Կոնեի խփած միակ գոլի շնորհիվ պարտության մատնելով «Նոային»:

4. «Շիրակն» Արսեն Հովհաննիսյանի օրոք 4 անընդմեջ պարտություն կրեց, 5 խաղ շարունակ հաղթանակ չտոնեց, 531 րոպե անընդմեջ չգտավ մրցակիցների դարպասի բանալին: Իսկ Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ գյումրեցիները 5 անպարտելի խաղերի շարք գրանցեցին, նաև 2 անգամ 5 խաղ շարունակ հաղթանակ չտոնեցին:  

29 հանդիպումներից 8-ում շիրակցիները սեփական դարպասն անառիկ պահեցին, 14-ում գյումրեցիներին չհաջողվեց գոլ խփել:

«Շիրակը» խոշոր հաշվով ընդամենը մեկ հաղթանակ տոնեց՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով «Ալաշկերտի» դարպասը: Գյումրեցիներն այդ կարգի 6 պարտություն կրեցին՝ զիջելով «Նոային» (0-5, 0-4), «Արարատ-Արմենիային» (0-4, 0-3, 1-5) և «Փյունիկին» (1-6):

Նոյեմբերի 4-ին «Ալաշկերտի» դարպասը Սեդրիկ Դոյի խփած առաջին գնդակը  Fastex Պրեմիեր լիգայում «Շիրակի» հոբելյանական՝ 1450-րդ գոլն էր: Այդ ցուցանիշով «Շիրակը» Հայաստանի առաջնություններում 2-րդն է «Փյունիկից» հետո:

Իսկ նոյեմբերի 20-ին «Ուրարտուի» նկատմամբ 2-1 հաշվով տարած հաղթանակը Հայաստանի առաջնություններում 400-րդն էր: Այդ ցուցանիշով «Շիրակը» ևս զիջում է միայն «Փյունիկին»:

5. «Շիրակի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 9 հարված, որից իրացվել է 7-ը: Թիմի օգտին նշանակված 11մ 2 հարվածները դիպուկ են իրացրել Մորի Կոնեն և Ռազմիկ Հակոբյանը՝ գրավելով համապատասխանաբար արարատցի Տիագո Գոմեսի և «Ուրարտուի» դարպասապահ Ալեքսանդր Մելիխովի պաշտպանած դարպասները:

Դարկո Վուկաշինովիչի դարպասին նշանակված 11մ 6 հարվածներից 4-ն են դիպուկ իրացվել: Սերբ դարպասապահը մարտի 29-ին «Նոայի» հետ կայացած խաղում երկու անգամ հետ է մղել Գոնսալու Գրեգորիուի հարվածները, իսկ ահա Գոռ Մանվելյանը հստակ է իրացրել այդ խաղում «Շիրակի» դարպասին նշանակված 3-րդ 11մ հարվածը:

Վուկաշինովիչի դարպասը գրավել են նաև արարատցի Մուսա Կանտեն, փյունիկցի Եվգենի Կոչուկը և «Արարատ- Արմենիայի» հարձակվող Արթուր Սերոբյանը:

Սոկրատ Հովհաննիսյանի դարպասին նշանակված 11մ հարվածը դիպուկ է իրացրել բանակային Արայիկ Էլոյանը:

6. Արդյունավետությամբ «Շիրակն» առաջնության մասնակից թիմերից գերազանցեց միայն «Ալաշկերտին» (24 գոլ), «Վեստ-Արմենիային» (22) և «Գանձասարին» (13)՝ անցկացրած 29 հանդիպումներում խփելով ընդամենը 27 գոլ (միջինը մեկ խաղում՝ 0,93 գոլ), որոնց հեղինակներ դարձան թիմի 10 ֆուտբոլիստներ:

Առավել արդյունավետ գործեց Ռաֆիկ Միսակյանը, որը խփած 5 գոլով առաջին անգամ ճանաչվեց «Շիրակի» լավագույն ռմբարկու: Նա նաև արդյունավետության անձնական ռեկորդ սահմանեց: Մինչև այդ Միսակյանն առավել արդյունավետ էր գործել 2022/23 և 2023/24թթ. առաջնություններում՝ խփելով 3-ական գնդակ:

Ռազմիկ Հակոբյանը բացեց գոլերի հաշիվը «Շիրակում»՝ խփելով 4 գոլ:

Իսկ Fastex Պրեմիեր լիգայում «Շիրակի» պատմության ամենաարդյունավետ լեգեոնական Մորի Կոնեն իր օգտին 4 գոլ գրանցելով, թիմի կազմում բոլոր մրցաշարերում խփած գոլերի ընդհանուր քանակով (31) գերազանցեց ռեկորդակիր Մուսա Փոլ Բակայոկոյին:

7. Առաջնությունում «Շիրակի» դարպասը պաշտպանեցին 2 դարպասապահներ: Ողջ ծանրաբեռնվածությունն ընկած էր Դարկո Վուկաշինովիչի վրա, որը 26 հանդիպումներում 46 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,76 գոլ), 7 խաղում դարպասն անառիկ պահեց:

Սոկրատ Հովհաննիսյանը 3 խաղում 4 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,33 գոլ), մեկ խաղում դարպասն անառիկ պահեց:

8. Առաջնությունում շիրակցիներից ամենատարեցը Հրայր Մկոյանն էր, որը մայիսի 17-ին «Գանձասարի» հետ կայացած ավարտական խաղում 38 տարեկան 257 օրական էր: «Շիրակի» ավագը նաև առաջնության ամենատարեց ֆուտբոլիստն էր: Նա Հայաստանի առաջնություններում «Շիրակում» խաղացած ամենատարեց ֆուտբոլիստների եռյակում է՝ զիջելով միայն Հովհաննես Թահմազյանին (41 տարեկան 207 օրական) և Գևորգ Կասպարովին (40 տարեկան 140 օրական):

Եվս երկու ցուցանիշով Մկոյանը թիմի ամենափորձառու ֆուտբոլիստն էր: Թիմի ներկայիս կազմից նա բոլորից շատ խաղ է անցկացրել ՀՀ առաջնություններում հայկական ակումբներում (379) և «Շիրակում» (174):

Սեպտեմբերի 14-ին «Ուրարտուի» հետ կայացած առաջնության հանդիպումը հիշարժան էր Մկոյանի համար, որը հայկական ակումբներում ու Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների կազմում բոլոր մրցաշարերում հոբելյանական՝ 500-րդ խաղն անցկացրեց: Իսկ առաջնության գարնանային հատվածում «Շիրակի» ավագը մի նոր նշանակալի նվաճման հասավ: «Վանի» հետ ապրիլի 12-ին կայացած խաղը 600-րդն էր Մկոյանի ֆուտբոլային հարուստ կարիերայում:

Եթե Հրայրը շարունակի ելույթները նաև հաջորդ մրցաշրջանում, ապա Արտակ Գրիգորյանից հետո կարող է դառնալ 21-րդ դարում ՀՀ առաջնություններում 400 խաղի սահմանագիծը հատած 2-րդ ֆուտբոլիստը:

9. Առաջնությունում թիմում ելույթ ունեցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Ալբերտ Գարեգինյանն էր, որն օգոստոսի 17-ին «Արարատի» հետ կայացած մրցավեճում նորամուտը նշել էր 15 տարեկան 288 օրականում՝ 88-րդ րոպեին փոխարինելով Մորի Կոնեին:

Նա դարձավ Fastex Պրեմիեր լիգայում «Շիրակի» պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ գերազանցելով Էմիլ Պապիկյանի ցուցանիշը, որը 2023թ. գյումրեցիների կազմում իր առաջին խաղն անցկացրել էր 16 տարեկան 125 օրականում:

Ալբերտ Գարեգինյանը փյունիկցի Ժիրայր Աշիկյանի հետ առաջնության ամենաերիտասարդ ֆուտբոլիստն էր: Պատանի շիրակցին ընդգրկվեց Հայաստանի առաջնություններում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում: Ցանկը գլխավորում է «Լոռիի» նախկին ֆուտբոլիստ Կորյուն Բաբայանը, որը 2001թ. Բարձրագույն խմբում նորամուտը նշել էր 14 տարեկան 239 օրականում:

10. Առաջնության 29 հանդիպումներում մարզիչներն ասպարեզ հանեցին 27 ֆուտբոլիստների, որոնցից միայն 7-ն էին այլազգի: Այնպես որ «Շիրակը» ԲԿՄԱ-ից հետո առաջնության «ամենահայկական» 2-րդ թիմն է:

5 ֆուտբոլիստներ՝ Ռազմիկ Հակոբյանը, Ալբերտ Գարեգինյանը, Հովհաննես Փահլևանյանը, Գագիկ Ակուլյանն ու Ալի Կուլիբալին առաջնությունում նորամուտը նշեցին «Շիրակում»:

Առաջնության հանդիպումներում շիրակցիները մյուս թիմերից առավել հաճախ՝ 78 անգամ զգուշացվել են: Իսկ ահա կարմիր քարտերի քանակով «Շիրակն» ամենակարգապահն է: Խաղադաշտից միայն Սերյոժա Ուռուշանյանն է հեռացվել: Առավել հաճախ՝ 9-ական անգամ դեղին քարտ են ստացել Ալեքսա Վիդիչն ու Ռոբերտ Դարբինյանը:

FastNews-ը ներկայացնում է «Շիրակի» ֆուտբոլիստների ցուցանիշներն ընթացիկ առաջնության աշնանային հատվածում:

Ֆուտբոլիստներ

Խաղ

Գոլ

Զ (Հ)

1. Ռաֆիկ Միսակյան

28

5

7

2 Սեդրիկ Դո

28

3

8

3. Մաջիկո Ջունիոր Տրաորե

28

-

5

4. Ալեքսա Վիդիչ

27

1

9

5. Ռոբերտ Դարբինյան

27

1

9

6. Դարկո Վուկաշինովիչ

26

-46

1

7. Ռուդիկ Մկրտչյան

26

1

7

8. Հրայր Մկոյան

25

-

2

9. Համլետ Մնացականյան

25

-

3

10. Լյովա Մրյան

24

4

-

11. Դոնալդ Կոդիա

22

3

6

12. Սերյոժա Ուռուշանյան

22

1

8 (1)

13. Լևոն Դարբինյան

20

-

7

14. Մորի Կոնե

19

4

1

15. Սերգեյ Մանուկյան

19

-

-

16. Ռազմիկ Հակոբյան

17

4

3

17. Ալբերտ Գարեգինյան

10

-

1

18. Տիգրան Սումբուլյան

9

-

1

19. Ալի Կուլիբալի

9

-

-

20. Սամվել Ղուկասյան

7

-

-

21. Գագիկ Ակուլյան

6

-

-

22. Հովհաննես Փահլևանյան

4

-

-

23. Էմիլ Պապիկյան

3

-

-

24. Սոկրատ Հովհաննիսյան

3

-4

-

25. Ալբերտ Դարբինյան

2

-

-

26. Յուրի Վարդանյան

1

-

-

27. Վազգեն Սարգսյան

1

-

-

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ