Logo

Առաջին փուլի արգելքը կրկին չհաղթահարվեց, 9 անընդմեջ պարտությունների շարքն ու գոլային երաշտն ընդհատվեց. «Զրինսկի» - «Ուրարտու» հանդիպումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
13:51 / 19.07.2023• Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Ուրարտուն» թեև Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթեց բոսնիական «Զրինսկիին»՝ հավասարեցնելով երկխաղյա դիմակայության ընդհանուր հաշիվը (3-3), սակայն հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում պարտություն կրեց (3-4): Մրցակարգի համաձայն՝ «Ուրարտուն» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում՝ մրցելով Ռումինիայի չեմպիոն «Ֆարուլի» հետ, որը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի երկխաղյա դիմակայությունում պարտվել էր մոլդովական «Շերիֆին» (1-0, 0-3):

VNews-ը «Զրինսկի» - «Ուրարտու» հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. «Ուրարտուն» 15-րդ անգամ մեկնարկի դուրս գալով եվրագավաթների մրցաշարերում, կրկին չկարողացավ հաղթահարել առաջին փուլի արգելքը: Հայաստանի գործող չեմպիոնին առայժմ միայն մեկ անգամ է հաջողվել հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Դա տեղի է ունեցել 2005/06թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: «Ուրարտուն», որ այն ժամանակ կրում էր «Բանանց» անվանումը, սեփական դաշտում Թբիլիսիի «Լոկոմոտիվին» 2-3 հաշվով պարտվելուց հետո պատասխան խաղում 2 անպատասխան գնդակ էր խփել ու մտել էր հաջորդ փուլ:

2. «Ուրարտուի» 2-րդ ելույթն էլ Չեմպիոնների լիգայի մրցաշարում անհաջող ստացվեց: Հիշեցնենք, որ 2014/15 թթ. խաղարկությունում «Բանանցը» սլովակ մարզիչ Ժոլտ Հոռնյակի գլխավորությամբ երկխաղյա դիմակայությունում զիջել էր Անդորրայի «Սանտա Կոլոմային» (0-1, 3-2):

3. Չեմպիոնների լիգայի մրցաշարին հայկական ակումբները մասնակցում են 1997/98թթ. խաղարկությունից: 27 անգամ մեկնարկի դուրս գալով եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցաշարում, հայկական ակումբները 10 անգամ հաղթահարել են առաջին փուլի արգելքը: 6 անգամ դա հաջողվել է «Փյունիկին», 3 անգամ՝ «Ալաշկերտին», մեկ անգամ էլ հաջողությունն ուղեկցել է «Շիրակին»:

Հայկական ակումբներից առաջինը «Փյունիկին» է հաջողվել հաղթահարել Չեմպիոնների լիգայի մրցաշարի առաջին փուլի արգելքը: Դա տեղի է ունեցել 2002/03թթ. խաղարկությունում, երբ փյունիկցիները երկու հանդիպումներում էլ հաղթել են ֆիննական «Տամպերեին» (4-0, 2-0):

4. «Ուրարտուին» վերջապես հաջողվեց ընդհատել եվրագավաթներում կրած 9 անընդմեջ պարտությունների և 669 րոպե տևած գոլային երաշտը: Վերջին անգամ թիմը միավոր էր վաստակել 2014թ. հուլիսի 8-ին՝ Երևանում Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում 3-2 հաշվով հաղթելով Անդորրայի «Սանտա Կոլոմային»:

Իսկ նախորդ գոլը եվրագավաթներում «Ուրարտուն» խփել էր 2018/19թթ. Եվրոպա լիգայի խաղարկությունում բոսնիական «Սարաևոյի» դարպասը: Հանդիպման 34-րդ րոպեին աչքի էր ընկել Վահագն Այվազյանը:

5. Եվրագավաթներում «Ուրարտուի» մասնակցությամբ հանդիպումներում 2-րդ անգամ լրացուցիչ ժամանակ նշանակվեց: Առաջին անգամ դա տեղի է ունեցել  2016/17թթ. Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում, Կիպրոսի «Օմոնիայի» հետ հյուրընկալվելիս կայացած պատասխան խաղում:

Երևանում նվազագույն հաշվով պարտվելուց հետո «Բանանցը» մրցակցի դաշտում Ացամազ Բուրաևի խփած միակ գոլի շնորհիվ հավասարեցրել էր դիմակայության ընդհանուր հաշիվը: Սակայն լրացուցիչ ժամանակում «Օմոնիան» 4 անգամ գրավել էր «Բանանցի» դարպասը ու հաջորդ փուլի ուղեգիր էր նվաճել:

Իսկ հետխաղյա 11մ հարվածաշար առաջին անգամ նշանակվեց «Ուրարտուի» մասնակցությամբ հանդիպումներում:

6. Բոսնիական թիմի հետ «Ուրարտուի» 3-րդ դիմակայությունն էլ անհաջող ստացվեց: 2009/10թթ. Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Բանանցը» երկխաղյա դիմակայությունում զիջել էր «Շիրոկի Բրիեգին» (0-2, 1-0), իսկ 2018/19թթ. նույն մրցաշարի խաղարկությունում պարտվել էր «Սարաևոյին» (1-2, 0-3):

7. Իսկ ահա «Զրինսկին» յուրօրինակ ռևանշի հասավ 2015/16թթ. Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում երկխաղյա դիմակայությունում Գյումրիի «Շիրակից» կրած անհաջողության դիմաց (0-2, 2-1): Ընդհանուր առմամբ բոսնիացիների հետ անցկացրած 8 հանդիպումներում հայկական ակումբներն ընդամենը 3 հաղթանակ են տարել, կրել են 5 պարտություն, խփել են 8 գոլ, բաց են թողել 12 գնդակ:

8. Նարեկ Գրիգորյանը բացեց գոլերի հաշիվը եվրագավաթներում՝ դառնալով դուբլի հեղինակ: Նա դարձավ եվրագավաթներում դուբլ ձևակերպած 3-րդ ֆուտբոլիստը:

Նման հաջողության առաջինը հասել էր Արամ Հակոբյանը՝ 2005/06թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության 2-րդ փուլում Երևանում երկու անգամ գրավելով Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» դարպասը: 2014/15 թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Անդորրայի «Սանտա Կոլոմայի» հետ երևանյան մրցավեճում Ռումյան Հովսեփյանն էր դարձել դուբլի հեղինակ:

Նարեկ Գրիգորյանն ընդգրկվեց թիմի կազմում եվրագավաթներում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների հնգյակում՝ «Զրինսկիի» դարպասը գրավելով 22 տարեկան 31 օրականում: Ցանկը գլխավորում է Արտակ Դաշյանը, որը 2009թ. բոսնիական «Շիրոկի Բրիեգի» հետ խաղում գոլի հեղինակ էր դարձել 19 տարեկան 231 օրականում:

9. Արտյոմ Մաքսիմենկոն առաջին գոլը խփեց «Ուրարտուի» կազմում: Նա ընդգրկվեց թիմի կազմում եվրագավաթներում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: Ռուսաստանցի ֆուտբոլիստը «Զրինսկիի» դարպասը գրավեց 25 տարեկան 52 օրականում:

10. Էդուարդո Տեյշեյրան նորամուտը նշեց «Ուրարտուի» կազմում: Իվան Զոտկոն,  Թեմուր Ջիքիան  և Արման Ղազարյանն էլ եվրագավաթներում թիմի կազմում առաջին խաղն անցկացրին: «Զրինսկիի» հետ երկու հանդիպումներում ընդհանուր առմամբ «Ուրարտուի» կազմում խաղադաշտ դուրս եկան 21 ֆուտբոլիստներ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ