Logo

Մեսիի ռեկորդից մինչև «անիծված 11-մետրանոցներ». Ուշագրավ փաստեր Կոպա Ամերիկայի մասին

Հեղինակ
Էդմոն Մարտիրոսյան
15:05 / 02.07.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

ԱՄՆ-ում շարունակվում է ֆուտբոլի Ամերիկայի գավաթի 48-րդ խաղարկությունը, որը միշտ առանձնացել է թեժ հանդիպումներով։ Ներկայացնում ենք Կոպա Ամերիկայի պատմության ամենաուշագրավ փաստերը, որոնք շատերը չգիտեն։

Առաջին գոլը Ամերիկայի գավաթի խաղարկությունում

Կոպա Ամերիկայում առաջին գոլը խփել է Խոսե Պիենդիբենեն: Ուրուգվայցի ֆուտբոլիստը դարպասի գրավմամբ է աչքի ընկել 1916 թվականի հուլիսի 2-ին կայացած Ուրուգվայ - Չիլի խաղում: Այդ ժամանակ մրցաշարը կոչվում էր Հարավային Ամերիկայի գավաթի խաղարկություն: Բուենոս Այրեսում կայացած հանդիպումն ավարտվել էր Ուրուգվայի հավաքականի հաղթանակով՝ 4-0 հաշվով:

Պելեն մասնակցել է ընդամենը մեկ Կոպա Ամերիկայի

Շատերի կարծիքով ֆուտբոլի պատմության մեջ լավագույն խաղացողը՝ Պելեն, որքան էլ զարմանալի է, ընդամենը 1 անգամ է մասնակցել Կոպա Ամերիկային: 1959 թվականին աստղային կազմ ունեցող Բրազիլիայի հավաքականը չկարողացավ նվաճել գավաթը՝ այն զիջելով Արգենտինայի թիմին: Դրանից մեկ տարի առաջ Պելեն ու ընկերները դարձել էին աշխարհի չեմպիոն ու բարդ էր պատկերացնելը, որը Կոպա Ամերիկայում հաջողությունը չի ուղեկցի Բրազիլիային: Այն ժամանակ Հարավային Ամերիկայի գավաթի խաարկությունն անցկացվում էր այլ ձևաչափով ու հաղթողը որոշվում էր միավորների տարբերությամբ: Արգենտինայի հավաքականը վաստակեց 11 միավոր՝ դառնալով մրցաշարի հաղթող, իսկ Բրազիլիայի թիմը, հավաքելով մեկ միավորով քիչ, զբաղեցրեց երկրորդ տեղը: Մրցաշարի վերջին խաղում մրցեցին Արգենտինայի ու Բրազիլիայի հավաքականները: Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով: Բրազիլացիների միակ գոլն էլ խփեց Պելեն: «Ֆուտբոլի արքան» մրցաշարն ավարտեց 8 գոլով՝ դառնալով գլխավոր ռմբարկու:

Լեո Մեսին ամենաշատ հանդիպումներն է անցկացրել Կոպա Ամերիկայում

Արգենտինայի հավաքականի ավագ Լեո Մեսին Ամերիկայի գավաթի խաղարկությունում անցկացրել է արդեն 36 հանդիպում: Կոպա Ամերիկայի այս խաղարկության առաջին տուրում «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը շրջանցեց Չիլիի հավաքականի նախկին դարպասապահ Սերխիո Լիվինգսթոնին, որն իր ակտիվում ունի 34 խաղ: Լիվինգսթոնը վերջին հանդիպումը Կոպա Ամերիկայում անցկացրել է 1953 թվականի մարտի 28-ին Բոլիվիայի հավաքականի դեմ խաղում: 

37-ամյա Մեսին Կոպա Ամերիկայի այս խաղարկությունում կարող է ևս մեկ ռեկորդ գրանցել: Լեոն Ամերիկայի գավաթի խաղարկությունում խփել է 13 գոլ: Մրցաշարի պատմության գլխավոր ռմբարկուն բրազիլացի Զիզինյոն է, որը մրցակիցներին տխրեցրել է 17 անգամ: Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող ԱՄՆ-ում արդեն անցկացրել է 2 հանդիպում, սակայն դարպասի գրավմամբ աչքի չի ընկել:

«100-ամյակի գավաթ», որն անցկացվեց Հարավային Ամերիկայի սահմաններից դուրս

Կոպա Ամերիկան անցկացվում է 4 տարին մեկ, բայց Ամերիկայի գավաթի խաղարկության յուրահատկություններից է նաև այն, որ այս «օրենքը» շատ հաճախ է խախտվում: CONMEBOL-ը որոշում կայացրեց մրցաշարն անցկացնել 2016 թվականին, և դա այն պարագայում, որ նախորդ խաղարկությունն անցկացվել էր 2015 թվականին: Պատճառն արդացաված էր՝ 2015-ից հետո հաջորդ մրցաշարը լինելու էր 100-րդը պատմության մեջ, ու կազմակերպիչները ցանկացան ժամանակից շուտ հասնել հոբելյանական թվին: 2016 թվականին կայացած Կոպա Ամերիկան հայտնի դարձավ «100-ամյակի գավաթ» անվանումով: Մրցաշարն անցկացվեց ԱՄՆ-ում՝ պատմության մեջ առաջին անգամ Հարավային Ամերիկայի սահմաններից դուրս: Երկրորդ անգամ անընդմեջ եզրափակիչում Չիլիի հավաքկաանը 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց Արգենտինայի թիմին ու ստացավ հատուկ՝ «Ոսկե գավաթը»:

 «Անիծված 11-մետրանոցների» հանդիպումը

1999 թվականին կայացած Արգենտինա - Կոլումբիա հանդիպումն ամենաուշագրավներից էր: Կոլումբիայի հավաքականը հաղթեց 3-0 հաշվով, բայց հանդիպումը կարող էլ այլ ճակատագիր ունենալ, եթե արգենտինացիների ֆուտբոլիստ Մարտին Պալերմոն 3 անգամ չվրիպեր 11-մետրանոց նշակետից: Հետաքրքիր է, բայց փաստ է, որ Կոլումբիայի հավաքականը ևս 11-մետրանոցների «քաղց» չէր զգացել: «Կաֆետերոսը» վաստակել էր 11-մետրանոց երկու հարված, բայց իրացրել էր միայն մեկը:

«Լեգենդար 10-ը», որը խաղում էր «6» համարի մարզաշապիկով

Դիեգո Արմանդո Մարադոնան 1979 թվականին կայացած Ամերիկայի գավաթի խաղարկությունում հանդես է եկել «6» համարի մարզաշապիկով: Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստը Կոպա Ամերիկայում նորամուտը նշել է այդ մրցաշարի երկրորդ տուրում՝ մասնակցելով Բրազիլիայի հավաքականի դեմ հանդիպմանը: «Ալբիսելեստեն» պարտվել էր 1-2 հաշվով: Այդ տարի տիտղոսը նվաճեց Չիլիի հավաքականը, որը եզրափակիչում առավելության հասավ Պարագվայի թիմի նկատմամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա