FastNews-ը սկսում է Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք մրցաշարային աղյուսակը գլխավորող «Նոային»:
1.Բարձրագույն խմբում 7-րդ մրցաշրջանն անցկացնող «Նոան» դարձավ Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ առաջնության աշնանային հատվածի հաղթող՝ 16 հանդիպումներում վաստակելով 40 միավոր (13 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 53-10), ինչը հնարավոր միավորների 83,3 տոկոսն է: Ռուի Մոտայի գլխավորած թիմը 2 միավորով գերազանցում է «Ուրարտուին», որից երկու խաղ պակաս է անցկացրել:
2023/24թթ. առաջնության 16 հանդիպումներում «Նոայի» հաշվին 33 միավոր էր գրանցված (11 հաղթանակ, 5 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 32-14):
Իսկ նախորդ առաջնության աշնանային հատվածի ավարտից հետո «Նոան» 2-րդ տեղում էր, 20 հանդիպումներում վաստակել էր 42 միավոր (14 հաղթանակ, 6 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 43-19), ինչը հնարավոր միավորների 70 տոկոսն էր: Երևանյան թիմը 6 միավոր էր զիջում առաջատար «Փյունիկին»:
2. «Նոան» գերազանց ելույթներ ունեցավ սեփական դաշտում՝ հաղթելով բոլոր 8 խաղերում էլ ընդհանուր 33-3 հաշվով: Միայն «Ուրարտուին», «Արարատ-Արմենիային» և «Վեստ Արմենիային» է հաջողվել հյուրընկալվելիս մեկական անգամ գրավել «Նոայի» դարպասը:
Հյուրընկալվելիս անցկացրած 8 հանդիպումներում «Նոան» 16 միավոր վաստակեց (5 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 20-7), ինչը հնարավոր միավորների 66,6 տոկոսն է: Միայն «Արարատը» և «Ուրարտուն» սեփական դաշտում առավելության հասան «Նոայի» նկատմամբ՝ հաղթելով միևնույն 2-1 հաշվով:
«Նոան» առաջնության ամենաարդյունավետ թիմն է (53 խփած գոլ), որը նաև ամենահուսալի պաշտպանությունն ունի (10 բաց թողած գոլ): Հայաստանի փոխչեմպիոնը միակն է, որ անցկացրած բոլոր 16 հանդիպումներում էլ գրավել է մրցակիցների դարպասները: Թիմի դարպասն 8 անգամ անառիկ է մնացել:
3. «Նոան» թիմային մի քանի ռեկորդներ թարմացրեց: Առաջին անգամ թիմն առաջնությունը սկսեց 2 անընդմեջ հաղթանակով՝ առավելության հասնելով «Շիրակի» (5-0) և ԲԿՄԱ-ի (2-1) նկատմամբ: «Նոան» մեկնարկային 16 հանդիպումներում էլ գոլ խփեց (նախորդ ռեկորդը՝ 9 խաղ, 2021/22թթ.): Հայաստանի փոխչեմպիոնը 10 անընդմեջ հաղթանակ տոնեց (նախորդ ռեկորդը՝ 4, 2019/20, 2023/24թթ.):
Ռեկորդային է նաև խոշոր հաշվով հաղթանակների քանակը՝ 7: Մինչև այդ նման կարգի առավելագույն հաղթանակներ (4) «Նոան» տարել էր 2020/21թթ.: Ընդ որում «Գանձասարի» նկատմամբ 7-0 հաշվով տարած հաղթանակը ոչ միայն ամենախոշորն էր ընթացիկ առաջնությունում, այլև թիմի պատմության մեջ: Մինչև ընթացիկ մրցաշրջանը «Նոայի» օգտին ամենախոշոր հաշվով հաղթանակը գրանցվել էր 2021/22թթ. ԲԿՄԱ-ի նկատմամբ՝ 5-0:
4. «Նոայի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 5 հարված, որից իրացվել է 4-ը: Թիմի օգտին նշանակված 11մ 3 հարվածներից իրացվել են 2-ը: Գոնսալո Գրեգորիոն խոցել է ալաշկերտցի Վալերիո Վիմերկատիի պաշտպանած դարպասը, Մաթեուս Այասը հաղթող է դուրս եկել ԲԿՄԱ-ի դարպասապահ Արման Ներսեսյանի հետ մենամարտում: Իսկ ահա «Ուրարտուի» հետ խաղում Այասի 11մ հարվածը բարձր է ստացվել:
Թիմի դարպասին նշանակված 11մ երկու հարվածներն էլ իրացվել են: ԲԿՄԱ-ի հարձակվող Արայիկ Էլոյանը գրավել է Ալեքսեյ Պլոշադնիի պաշտպանած դարպասը, փյունիկցի Էդգար Մալաքյանն էլ հաղթող է դուրս եկել Օգնյեն Չանչարևիչի հետ մենամարտում:
5. «Նոայի» խփած 53 գոլերի հեղինակներ դարձան 16 ֆուտբոլիստներ, մեկ գնդակ էլ սեփական դարպասը խփեց «Արարատ-Արմենիայի» պաշտպան Խոսե Բուենոն: 13 ֆուտբոլիստներ բացեցին գոլերի հաշիվը «Նոայում»:
12 գնդակով թիմում ամենաարդյունավետը Գոնսալո Գրեգորիոն է, որն ընդգրկվեց Fastex Պրեմիեր լիգայում «Նոայի» պատմության լավագույն ռմբարկուների քառյակում: 23 գնդակով ցանկը գլխավորում է Արթուր Միրանյանը: Պորտուգալացի ֆուտբոլիստն ընդամենը մեկ գնդակով է զիջում առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորող Իվան Իգնատևին:
29-ամյա Գրեգորիոն գերազանցեց թիմի նախկին հարձակվող Արթուր Միրանյանի արդյունավետության տարիքային ռեկորդը, որն օրացուցային այս տարում 9 գոլ էր խփել: Գրեգորիոն նաև ընթացիկ առաջնության մեկ խաղի արդյունավետության ռեկորդ սահմանեց՝ դեկտեմբերի 15-ին «Վեստ Արմենիայի» հետ մրցավեճում դառնալով ֆուտբոլային պոկերի հեղինակ: Դա «Նոայի» պատմության մեջ առաջին պոկերն էր:
Էրալդ Չինարին էլ դարձավ Հայաստանի առաջնություններում հեթ-տրիկ գրանցած «Նոայի» առաջին ֆուտբոլիստը: Չինարին և Իմրան Ուլադ Օմարը 8-ական գոլով ընդգրկվեցին թիմի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում:
32-ամյա Պաբլո Ռենան դոս Սանթոսը 2024թ. օրացուցային տարում խփած 4 գոլով արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով թիմի նախկին ֆուտբոլիստներ Գեղամ Հարությունյանի և Փոլ Գլադոնի ցուցանիշը, որոնք այդ տարիքում 2-ական գոլ էին խփել:
6. Զավեն Խուդավերդյանը դարձավ «Նոայում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ դեկտեմբերի 8-ին «Գանձասարի» դարպասը գրավելով 17 տարեկան 176 օրականում: Նա գերազանցեց թիմի նախկին ֆուտբոլիստ Իսրայել Օպոկուի ցուցանիշը, որը «Նոայում» գոլերի հաշիվը բացել էր 18 տարեկան 145 օրականում՝ 2022թ. հոկտեմբերի 2-ին գրավելով «Վանի» դարպասը:
Խուդավերդյանը նաև «Նոայի» պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է: Նա թիմի կազմում Fastex Պրեմիեր լիգայում նորամուտը նշել է 17 տարեկան 71 օրականում՝ մասնակցելով օգոստոսի 25-ին ԲԿՄԱ-ի հետ կայացած հանդիպմանը: Զավենը գերազանցեց թիմի նախկին ֆուտբոլիստ Գոռ Աբրահամյանի ցուցանիշը, որն առաջին խաղը «Նոայում» անցկացրել էր 17 տարեկան 94 օրականում:
7. Հովհաննես Համբարձումյանը դարձավ Fastex Պրեմիեր լիգայում «Նոայում» գոլ խփած ամենատարեց հայ ֆուտբոլիստը՝ «Ալաշկերտի» դարպասը գրավելով 34 տարեկան 37 օրականում: Նա գերազանցեց Ալեքսանդր Կարապետյանի ցուցանիշը, որը թիմի կազմում իր վերջին գոլը խփել էր 33 տարեկան 312 օրականում:
Գոնսալո Սիլվան (33 տարեկան 194 օրական) և Գուդմունդուր Թորարինսոնն (32 տարեկան 188 օրական) ընդգրկվեցին «Նոայում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում:
8. «Նոայի» դարպասը պաշտպանեցին 2 դարպասապահներ, որոնք 8-ական խաղ անցկացրին: Օգնյեն Չանչարևիչը 8 գոլ բաց թողեց, 2 խաղում դարպասն անառիկ պահեց:
Ալեքսեյ Պլոշադնին ընդամենը 2 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 0,25 գոլ), որից մեկը՝ 11մ հարվածով: Այդ ցուցանիշով նա առաջնության ամենահուսալի դարպասապահն է: Իր անցկացրած 6 անընդմեջ հանդիպումներում Պլոշադնին գոլ բաց չթողեց՝ դարպասը 616 րոպե շարունակ պահելով անառիկ: Այդ ցուցանիշով «Նոայի» դարպասապահը ևս լավագույնն է առաջնությունում, ինչպես նաև թիմի պատմության մեջ: Մինչև այդ ռեկորդակիրը Վալերիո Վիմերկատին էր, որը 2020/21թթ. առաջնությունում «Նոայի» դարպասը 436 րոպե շարունակ անառիկ էր պահել:
20-ամյա Պլոշադնին տարիքային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով «Սևանի» նախկին դարպասապահ Դիոգո Ֆիգերեդոյի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում Հայաստանի առաջնություններում հանդես եկած դարպասապահներից բոլորից երկար՝ 569 րոպե շարունակ գոլ բաց չէր թողել:
9. Առաջնության աշնանային հատվածում «Նոայի» ամենատարեց ֆուտբոլիստները 35-ամյա Օգնյեն Չանչարևիչն ու Արտակ Դաշյանն էին: Թիմում նորամուտը նշած Դաշյանը Fastex Պրեմիեր լիգայում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (265) «Նոայի» ամենափորձառու ֆուտբոլիստն էր: Նա նաև բոլորից շատ՝ 49 գոլ է խփել Հայաստանի առաջնություններում: Դաշյանն ու 33-ամյա Գոնսալո Սիլվան ընդգրկվեցին Հայաստանի առաջնություններում «Նոայում» խաղացած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում:
Թիմի ներկայիս կազմի ֆուտբոլիստներից Fastex Պրեմիեր լիգայում «Նոայում» բոլորից շատ հանդիպումների է մասնակցել Սերգեյ Մուրադյանը՝ 53: Նոյեմբերի 20-ին «Արարատի» հետ կայացած խաղում նա բացել էր գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում և ընդգրկվել էր «Նոայում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում (20 տարեկան 85 օրական):
10. Առաջնության աշնանային հատվածում «Նոայի» մարզիչներն ասպարեզ դուրս բերեցին 25 ֆուտբոլիստների, որոնցից միայն 7-ն էին ազգությամբ հայ: Միայն 8 ֆուտբոլիստներ՝ Օգնյեն Չանչարևիչը, Սերգեյ Մուրադյանը, Ալեքսանդր Միլկովիչը, Հովհաննես Համբարձումյանը, Պաբլո Ռենան դոս Սանթոսը Մարտին Գամբոշը, Գոռ Մանվելյանն ու Մարսել Վիրժիլ Պինսոնն էին նախորդ առաջնությունում խաղացել «Նոայում»:
Առաջնության հանդիպումներում «Նոայի» ֆուտբոլիստները 30 անգամ զգուշացվել են, Պաբլո Ռենան դոս Սանթոսը, Յան Էտեկին և Հելդեր Ֆեռեյրան մեկական անգամ հեռացվել են խաղադաշտից: Առավել հաճախ՝ 4-ական անգամ դեղին քարտի են արժանացել Գոռ Մանվելյանն ու Մարսել Վիրժիլ Պինսոնը:
FastNews-ը ներկայացնում է «Նոայի» ֆուտբոլիստների ցուցանիշներն ընթացիկ առաջնության աշնանային հատվածում:
Ֆուտբոլիստներ |
Խաղ |
Գոլ |
Զ (Հ) |
1. Գոնսալո Գրեգորիո |
15 |
12 |
- |
2. Իմրան Ուլադ Օմար |
15 |
8 |
2 |
3. Սերգեյ Մուրադյան |
15 |
1 |
2 |
4. Գոնսալո Սիլվա |
15 |
1 |
- |
5. Արտյոմ Ավանեսյան |
15 |
1 |
1 |
6. էրալդ Չինարի |
13 |
8 |
- |
7. Գոռ Մանվելյան |
13 |
- |
4 |
8. Մաթեուս Այաս |
12 |
5 |
3 |
9. Մարսել Վիրժիլ Պինսոն |
12 |
3 |
4 |
10. Հովհաննես Համբարձումյան |
12 |
1 |
1 |
11. Բրայան Մենդոզա |
12 |
1 |
2 |
12. Գուստավո Սանգարե |
12 |
- |
2 |
13. Յան Էտեկի |
12 |
- |
- (1) |
14. Հելդեր Ֆեռեյրա |
11 |
4 |
1 (1) |
15. Գրենիկ Պետրոսյան |
11 |
2 |
- |
16. Օգնյեն Չանչարևիչ |
8 |
- 8 |
3 |
17. Ալեքսեյ Պլոշադնի |
8 |
-2 |
1 |
18. Արտակ Դաշյան |
8 |
- |
1 |
19. Պաբլո Ռենան դոս Սանթոս |
7 |
2 |
- (1) |
20. Ալեքսանդր Միլկովիչ |
7 |
- |
2 |
21. Մարկոս Պեդրո Մասիել |
6 |
1 |
- |
22. Մարտին Գամբոշ |
6 |
- |
1 |
23. Գուդմունդուր Թորարինսոն |
5 |
1 |
- |
24. Զավեն Խուդավերդյան |
5 |
1 |
- |
25. Բիլալ Ֆոֆանա |
1 |
- |
- |