Հունվարի 29-ին կայացել է Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված արագ շախմատի Հայաստանի առաջնությունը, հայտնում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։
Չեմպիոն է դարձել գրոսմայստեր Արամ Հակոբյանը, որը 7 հնարավորից 6 միավոր է վաստակել։ 5,5-ական միավորով 2-3-րդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Զավեն Անդրեասյանը։
Վետերանների պայքարում լավագույնը միջազգային վարպետ Աշոտ Նադանյանն էր, իսկ կանանց շրջանում հաղթել է կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը։
Մինչև 18 տարեկան պատանիների պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Ռոբերտ Փիլիպոսյանը, մինչև 16 տարեկանների պայքարում` վարպետի թեկնածու Վոլոդյա Թորոսյանը։
Աշոտ Անաստասյանը Հայաստանի 8-ակի չեմպիոն էր, 1992 և 2002թթ. Հայաստանի հավաքականի կազմում դարձել էր Համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, իսկ 1999թ.` Եվրոպայի չեմպիոն։