ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համաժողովի շրջանակում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի` սպորտը համակարգող կառույցների պատվիրակները Հայաստանի սպորտային ենթակառուցվածքներին ծանոթանալու նպատակով շրջել են Երևանի, Գյումրիի և Ծաղկաձորի մարզական կառույցներում, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Ներկայացնելով Ծաղկաձորի գլխավոր մարզաբազայի պայմանները՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է, որ մարզահամալիրը կառուցվել է 1968 թվականին` Մեխիկոյի օլիմպիական խաղերին ընդառաջ, որպեսզի գրեթե նույն կլիմայական պայմաններում գտնվող Ծաղկաձորում մարզվեն Մեխիկո մեկնող մարզիկները: Համաժողովի մասնակիցները շրջել են մարզահամալիրում, դիտել 50 մ տարածությամբ լողավազանը, բռնցքամարտի և ծանրամարտի համար նախատեսված մարզադահլիճները:
Նրանք այցելել են նաև մարզահամալիրի աթլետիկական մանեժ, գրունտային և փակ կորտեր, հետաքրքրվել ընթացիկ աշխատանքներով և քննարկել հետագա համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ Ծաղկաձորի մարզահամալիրում իրենց երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ուսումնամարզական հավաքների կազմակերպման վերաբերյալ:
Ռուսաստանի մարզիկների միության նախագահ, ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն Դավիդ Մուսուլբեսը հիշել է, որ ինքն այստեղ արդյունավետ մարզումներ է ունեցել և բազմաթիվ մեդալներ նվաճել հենց Ծաղկաձորում մարզվելուց հետո:
ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովի մասնակիցներn այցելել են նաև Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր: Կատարված աշխատանքները ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ նշելով, որ վերջին երկու տարիների ընթացքում այստեղ մի շարք մարզական խոշոր մրցաշարեր են հյուրընկալվել տարբեր մարզաձևերից՝ մարզահամերգային համալիրին լիովին վերադարձնելով «մարզական» բաղադրիչը:
Գյումրիում կայացած համաժողովից հետո աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոնի Իսրայել Միլիտոսյանը հյուրերին ուղեկցել է իր անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց: Նրանք ծանոթացել են մարզադպրոցի պայմաններին, հանդիպել այնտեղ մարզվող երեխաների հետ: Գյումրիում հյուրերը շրջել են նաև քաղաքի տեսարժան վայրերով, այցելել Մհեր Մկրտչյանի թանգարան:
ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակները, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի ուղեկցությամբ, այցելել են նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։
ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համաժողովն անցկացվել է մայիսի 24-25-ը, այն մեկնարկել էր Գյումրիում:
Ֆոտո՝ ԿԳՄՍ


