Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական ու Եվրոպայի Մ22 առաջնությունների չեմպիոնուհի Անուշ Գրիգորյանն իր առջև առավելագույն նշաձող է սահմանել ընթացիկ մրցաշրջանում։ Տարվա առաջին հաղթանակը նա գրանցեց օրեր առաջ ավարտված կանանց Հայաստանի առաջնության մինչև 52 կգ քաշային կարգում։
Հերթական ոսկե մեդալի և այս տարվա նպատակների մասին բռնցքամարտի «Մոնթե» մարզադպրոցի սանը (անձնական մարզիչ՝ Հակոբ Մելքոնյան) պատմել է VNews-ի թղթակցի հետ զրույցում։
- Հայաստանի առաջնություններում հաղթելու բավականին հարուստ փորձ ունեք։ Այս հաղթանակը տարբերվո՞ւմ է նախորդներից։
- Անկեղծ ասած, արդեն չեմ հիշում, թե քանի անգամ եմ մասնակցել Հայաստանի մեծահասակների առաջնություններին։ Եթե չեմ սխալվում՝ 3-րդ կամ 4-րդ անգամ նվաճեցի հաղթողի տիտղոսը։ Առհասարակ, կարևորում եմ բոլոր մրցաշարերը և որևէ տարբերություն նշել չեմ կարող։ Առանձնահատուկ են թերևս աշխարհի առաջնությունները, որոնց շատ ավելի լուրջ եմ տրամադրվում, քան այլ մրցումների։ Տվյալ դեպքում ինձ համար ամենակարևորը մասնակցությունն էր։ Որքան շատ ես մասնակցում մրցումների, այնքան ավելի փորձառու ես դառնում։
- Այդ առումով առաջնությունը ծառայե՞ց նպատակին՝ հաշվի առնելով, որ մասնակիցները շատ չէին։
- Անցկացրեցի երկու մենամարտ։ Երբեք որևէ մրցակցի ոչ թերագնահատում, ոչ էլ գերագնահատում եմ։ Պայքարում էի հաղթանակի համար և լուծեցի այդ խնդիրը։ Ցանկացած մենամարտ սեփական հնարավորությունները վերաիմաստավորելու, առավելությունները և թերությունները նկատելու հնարավորություն է տալիս։ Այս մենամարտերը բացառություն չէին. դրսևորեցին թե՛ առավելություններս, թե՛ բացերը, որոնք լրացնելու կարիք ունեն։ Առանձնապես չեմ սիրում բարձրաձայնել դրանց մասին։ Կարող եմ ասել միայն, որ ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնությանը հնարավորինս լավ ներկայանալու համար։ Հավանաբար, ավելի շատ պետք է աշխատեմ տակտիկական պատրաստությունս հղկելու վրա։
- Ո՞րն է մենամարտելու ձեր նախընտրելի ոճը։
- Դժվար է միանշանակ ասել՝ ամեն ինչ կախված է մրցակցից և մենամարտի ընթացքից։ Իհարկե, նախընտրում եմ մենամարտել հարձակողական ոճով, սակայն երբեմն զգում եմ, որ կարող եմ պաշտպանողականով ավելի լավ ներկայանալ և ընտրում եմ այդ տարբերակը։ Ոչինչ չեմ ծրագրում մենամարտից առաջ, ռինգն ամեն ինչ հուշում և ցույց է տալիս։ Բնականաբար, միշտ ձգտում եմ տիրել առավելությանը, այնպես անել, որ մրցակիցը հենց սկզբից հասկանա՝ հաղթելու հնարավորություն չունի։ Իսկ կոնկրետ մարտավարությունը՝ հարձակողական, պաշտպանողական, միջին տարածություններից աշխատանք և այլն, որոշվում է միայն ռինգում։ Ռինգ մտնելուց 10-15 վայրկյան անց նոր սկսում ես կառուցել մենամարտը։ Այլ իրավիճակ է, երբ մրցակցիդ շատ լավ ես ճանաչում, ծանոթ ես նրա ուժեղ և թույլ կողմերին, քո առավելություններին և թերություններին։ Այդ դեպքում հնարավոր է նախօրոք որևէ տարբերակ մշակել։ Սովորաբար նախապես ծրագրելը ճիշտ չէ, քանի որ ռինգում կարող ես այլ իրականության բախվել։
- Արդեն սկսել եք պատրաստվել մարտին կայանալիք աշխարհի առաջնությանը։ Ինչպե՞ս է ընթանում հավաքը, ունե՞ք մարզումային մրցակիցների խնդիր։
- Առայժմ ամեն ինչ նորմալ է։ Շատ լավ եմ տրամադրված։ Բոլորը ջանքերը ներդնելու ենք աշխարհի առաջնությանը լավ ներկայանալու, հաղթելու և հայրենիքի պատիվը բարձր պահելու համար։ Հիմա ոչինչ չեմ կարող խոստանալ. ամեն օր ձգտում եմ մարզվել այնպես, որ արժանի լինեմ ոսկե մեդալին։ Ինչ վերաբերում է մարզումային մրցակիցներին, ապա նախկինի համեմատ հիմա ավելի շատ են աղջիկ բռնցքամարտիկները, սակայն անհրաժեշտության դեպքում դիմում ենք նաև տղաների օգնությանը, նրանց հետ ենք մենամարտում։ Իմ քաշային կարգն այնպիսին է, որ կարող եմ մարզումային մենամարտեր անցկացնել ինչպես ավելի թեթև, այնպես էլ ծանր մարզուհիների հետ։ Այդ խնդիրն ավելի սուր է բարձր քաշային կարգերում։
- Մարզական ի՞նչ նպատակներ ունեք այս մրցաշրջանում։
- Նպատակներս, ինչպես միշտ, առավելագույնն են՝ դառնալ աշխարհի ու Եվրոպական խաղերի չեմպիոն, նվաճել օլիմպիական ուղեգիր։ Սակայն, դեռևս այնքան էլ պարզ չէ օլիմպիական ուղեգրերի խաղարկության կարգը։ Հայտնի չէ նաև միջազգային ստուգողական մրցաշարերի ժամանակացույցը։ Հուսով եմ՝ ամեն ինչ հաջող կդասավորվի։
Ռաֆայել Մեհրաբյան. «Անկախ ամեն ինչից՝ լավագույնս ենք պատրաստվելու աշխարհի առաջնությանը»