«Անորտոսիսի» նախագահ Անդրեաս Սանտիսը հաստատել է, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը կհեռանա Կիպրոսը ներկայացնող ակումբից։
«Մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնք պետք է հեռանան թիմից։ Նրանք ոչ թե վատ խաղացողներ են, այլ չեն մտնում մեր ծրագրերի մեջ։ Խոսքը Համբարձումյանի, Կիկոյի ու Էրիկ Սաբոյի մասին է։ Նրանք ունեն պայմանագիր, պետք է գտնել լուծումներ»,- ասել է Անդրեաս Սանտիսը, հաղորդում է Themasports-ը։
Հիշեցնենք, որ Հովհաննես Համբարձումյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 32-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Երևանի «Նոայում»։
Համբարձումյանը 2020 թվականից է խաղում «Անորտոսիսում», որի կազմում անցկացրել է 86 հանդիպում, դարձել է 8 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: Կարիերայի ընթացքում նա խաղացել է նաև Կիպրոսի «Էնոսիսում», մակեդոնական «Վարդարում» ու Երևանի «Ուրարտուում», որի հետ 2014-ին դարձել է Հայաստանի չեմպիոն։ Transfermarkt-ը 400 հազար եվրո է գնահատում պաշտպանի տրանսֆերային արժեքը։
Հովհաննես Համբարձումյանը 2010 թվականից է հրավիրվում Հայաստանի հավաքական, որի կազմում մասնակցել է 50 խաղի ու խփել 4 գոլ։