Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է աշխատանքի անցնել հայրենիքում։
Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ Իտալիայի չեմպիոն «Նապոլին» կապ է հաստատել իտալացի մասնագետի հետ հնարավոր աշխատանքը քննարկելու համար: Ակումբի նախագահ Աուրելիո դի Լաուրենտիսն անձամբ է վարում բանակցությունները:
«Նապոլին» առայժմ հստակ որոշում չի կայացրել գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիայի վերաբերյալ, սակայն նրա հեռացումը բացառված չէ:
Իտալիայի Ա սերիայում չեմպիոն դառնալուց հետո Նեապոլը ներկայացնող թիմում տեղի ունեցավ մարզչական փոփոխություն: Լուչանո Սպալետին ակումբի ղեկավար կազմի հետ կոնֆլիկտի պատճառով հեռացավ և որոշ ժամանակ անց գլխավորեց Իտալիայի ազգային հավաքականը: