Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել Ամստերդամի «Այաքսի» հետ բրազիլացի վինգեր Անտոնիի տրանսֆերի շուրջ, հաստատում է «Կարմիր սատանաների» պաշտոնական կայքը:
Կողմերը պայմանավորվել են, որ բուժզննումից և միջազգային վիզայի վերաբերյալ թղթաբանական հարցերը լուծելուց հետո պայմանները վերջնական տեսքի կբերվեն:
«Այաքսը» պաշտոնապես հայտնել է, որ տրանսֆերի արժեքը կկազմի 95 միլիոն եվրո՝ ևս 5 միլիոն եվրո հավելավճարի հնարավորությամբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 22-ամյա ֆուտբոլիստն ու Անգլիայի 20-ակի չեմպիոնը կկնքեն պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Անտոնին «Այաքսի» ֆուտբոլիստ էր 2020 թվականից, երբ տեղափոխվել էր բրազիլական «Սան Պաուլուից»։ Էրեդիվիզիի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 2 խաղի, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: «Այաքսի» ու «Սան Պաուլուի» կազմում անցկացրած ընդհանուր 134 խաղում բրազիլացին խփել է 31 գոլ, կատարել 27 գոլային փոխանցում: