Logo

«Անտառի պահապանները». հետնապահից մինչև քառյակի հավակնորդ

Հեղինակ
Արտուշ Հարությունյան
13:23 / 14.01.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

1970-ականների վերջին «Նոթինգհեմ Ֆորեսթը» լրջորեն աղմկեց ոչ միայն Անգլիայում, այլ նաև Եվրոպայում: Լեգենդար Բրայան Քլաֆի գլխավորությամբ «Անտառայինները» 1977/78 մրցաշրջանում առաջին անգամ դարձան Անգլիայի չեմպիոն, իսկ հաջորդ երկու տարիներին նվաճեցին ՉԼ գավաթը: Փառքի ժամանակահատվածը Ուեսթ-Բրիջֆորդը ներկայացնող ակումբի համար երկար չտևեց: Պրեմիեր լիգայի հիմնադրման առաջին մրցաշրջանում (1992/93) «Նոթինգհեմը» եզրափակեց մրցաշարային աղյուսակը և հայտնվեց Չեմպիոնշիփում, իսկ հետո՝ 3-րդ դիվիզիոնում:

Անգլիական ֆուտբոլի էլիտա վերադառնալու համար պահանջվեց ավելի քան 2 տասնամյակ, իսկ նախորդ 2 մրցաշրջաններում Սթիվ Կուպերի գլխավորած թիմը մեծ դժվարությամբ մնաց Պրեմիեր լիգայում՝ համապատասխանաբար զբաղեցնելով 16-րդ (38 միավոր) և 17-րդ (36 միավոր) տեղերը: 2023/24 մրցաշրջանի ընթացքում թիմի ղեկը ստանձնեց նախկինում Պրեմիեր լիգայում աշխատած Նունու Էշպիրինտու Սանտուն: Նույնիսկ այն երկրպագուները, որոնք բախտ են ունեցել ականատես լինելու Բրայան Քլաֆի ժամանակահատվածին, չէին կարող պատկերացնել, որ 20-րդ տուրից հետո «Նոթինգհեմը» կունենա ավելի շատ միավոր (40), քան նախորդ մրցաշրջանում, կլինի լավագույն քառյակում և միավորների քանակով կզիջի միայն առաջատար «Լիվերպուլին», որն այս մրցաշրջանում միակ պարտությունը կրել է հենց Էշպիրինտու Սանտուի թիմից:

FastNews-ը ներկայացնում է այն գործոնները, որոնց շնորհիվ «Ֆորեսթը» հետնապահից վերածվել է քառյակի հավակնորդի:

ՆՈՒՆՈՒ ԷՇՊԻՐԻՆՏՈՒ ՍԱՆՏՈՒ

50-ամյա մասնագետն առաջին հերթին բարձրացրել է թիմի ինքնագնահատականը և «ստիպել» է հավատալ սեփական ուժերին: Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը Նունուն օգտագործեց՝ ֆուտբոլիստների կարողություններին ծանոթանալու և թիմի կազմը զտելու համար: Իսկ անցած ամռանն Իսպանիայում կայացած նախամրցաշրջանային հավաքի ժամանակ պորտուգալացու գլխավոր կոչը միասնական լինելն ու որևէ մրցակցից չվախենալն էր.

«Մենք պետք է լինենք միասնական, պետք է հավատանք, որ կարող ենք լինել մեկ ամբողջական օրգանիզմ և ցուցաբերել ոգու ու հավատի կատարյալ մակարդակ: Գուցե չստացվի հաղթել բոլորին, բայց առնվազն պետք է հավատալ, որ կարող ենք»:

Թիմին անհավանական վստահություն ու կայունություն «ներարկելուց» բացի, պորտուգալացի մասնագետը կարողանում է հրաշալի վերլուծել մրցակիցներին ու նրանց հաղթել տակտիկապես: Պրեմիեր լիգայում մեծ փորձը, հարձակողական ու պաշտպանողական ֆուտբոլի կատարյալ համադրությունն այն գործոններն են, որոնք Նունուին դարձնում են թոփ մարզիչ, իսկ «Նոթինգհեմին»՝ թոփ թիմ և հեղինակություններ չճանաչող մրցակից: Պատահական չէ՝ վերջին 1.5 ամսվա ընթացքում «Նոթինգհեմը» Պրեմիեր լիգայում ամենաշատ միավոր վաստակած թիմն է, իսկ Նունուն արդեն 2 անգամ ճանաչվել է ամսվա լավագույն մարզիչ:

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԽԱՂ

Նունուի գալուց հետո ոչ մի փոփոխություն չի եղել ավելի ազդեցիկ, քան «Նոթինգհեմի» պաշտպանական խաղը: Այս պահին բոլոր մրցաշարերում «Անտառայինները» տարել են 7 անընդմեջ հաղթանակ, որոնցից վերջին 5-ը՝ «չոր» հաշվով: Նախորդ մրցաշրջանում «Ֆորեսթը» դարպասից հանեց 67 գնդակ, իսկ այս մրցաշրջանում ընդունել է ընդամենը 19 գոլ (ավելի քիչ բաց է թողել միայն «Արսենալը»):

Թիմում ահռելի դերակատարում ունեն կենտրոնական պաշտպաններ Նիկոլա Միլենկովիչն ու Մուրիլիոն, որոնք հանդիսանում են «Նոթինհգեմի» սեյսմիկ կայունության գլխավոր կատալիզատորները: Կարելի է առանձնացնել նաև դարպասապահ Մատս Սելսին, որն այս մրցաշրջանում առաջատար է «չոր» հանդիպումների քանակով (9):

ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂԵՐՈՒՄ

Ընթացիկ մրցաշրջանում միավորների կեսից ավելին «Նոթինգհեմը» վաստակել է դրսում (արտագնա խաղերում ավելի շատ միավորներ վաստակել է միայն «Լիվերպուլը»): Նունուի գլխավորած թիմը հաղթել է «Էնֆիլդում» ու «Օլդ Թրաֆորդում», ընդհատել է «Բրենթֆորդի» տնային անպարտելի ու ռեկորդային շարքը: «Ֆորեսթի» համար մրցաշրջանի երկրորդ հատվածում առավելություն է նաև այն, որ գրեթե բոլոր թոփ մրցակիցներին հանդիպելու է տանը՝ «Սիթի Գրաունդում»:

ՔՐԻՍ ՎՈՒԴԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Նունու Էշպիրիտու Սանտուի՝ «Նոթինգհեմի» ղեկը ստանձնելուց հետո Պրեմիեր լիգայում ավելի շատ գոլ խփել են միայն Էրլինգ Հոլանդն ու Մոհամեդ Սալահը: Նոր Զելանդիայի հավաքականի հարձակվողն այս մրցաշրջանում խփել է իր թիմի գոլերի 40 տոկոսից ավելին (12), իսկ նախորդ մրցաշրջանում 31 խաղում աչքի էր ընկել 14 անգամ:

12 անգամ մրցակիցների դարպասը գրավելու համար Վուդից պահանջվել է ընդամենը 36 հարված, ինչը ցույց է տալիս, որ 33-ամյա հարձակվողին բավարար է անգամ կես պահը: Վուդը մեծ սպառնալիք է նաև «երկրորդ հարկում», քանի որ գլխի հարվածներով խփել է ամենաշատ գոլերը (4): Խփած գոլերից բացի, ֆիզիկական հրաշալի տվյալներով օժտված հարձակվողը մեծ ծավալի աշխատանք է կատարում և կարևոր դերակատարում ունի մենապայքարների ու գրոհների կառուցման փուլում:

Դեռևս նախորդ օգոստոսին դժվար էր կանխատեսել, որ 21-րդ տուրի «Նոթինգհեմ» - «Լիվերպուլ» խաղը «Սիթի Գրաունդում» կլինի առաջատարների հանդիպում: Ռևանշի միտված մերսիսայդցիներն ամեն ինչ կանեն՝ Ուեսթ-Բրիջֆորդի անտառում հրդեհ առաջացնելու համար, բայց անկախ այսօրվա խաղի արդյունքից՝ «Ֆորեսթը» շարունակելու է պահպանել 1995 թվականից հետո առաջին անգամ Եվրոպա վերադառնալու անհավանական երազանքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա