Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆատին դժգոհ է ակումբում իր կարգավիճակից:
«Չեմ պատրաստվում ստել. սպասում էի, որ ավելի շատ խաղաժամանակ կստանամ, սակայն որոշումներ կայացնում է մարզիչը: Ցանկանում եմ կարևոր խաղացող լինել «Բարսելոնայի» համար: Պետք է քրտնաջան աշխատեմ յուրաքանչյուր օր, որ շտկեմ իրավիճակը»,- իսպանացու խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:
20-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում ընդամենը 5 խաղում է դաշտ դուրս եկել կատալոնական ակումբի մեկնարկային կազմում: Ֆատին մասնակցել է 20 հանդիպման, խփել 3 գոլ ու կատարել նույնքան ասիստ:
Անսու Ֆատին Կոստա Ռիկայի և Գերմանիայի թիմերի դեմ Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի մեկնարկային երկու խաղերում մնացել է Իսպանիայի հավաքականի պահեստայինների նստարանին, իսկ Ճապոնիայի դեմ երրորդ տուրի խաղում փոխարինման է մտել 68-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչում իսպանացիներն ուժերը կչափեն Մարոկկոյի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 6-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին:


