Լոնդոնի «Արսենալի», կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին մեկնաբանել է Փարիզի ՊՍԺ-ի` Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում Էյնդհովենի ՊՍՎ-ի հետ գրանցած ոչ-ոքին (1-1)։
«Մբապեի հեռանալուց հետո նրանք ասում էին, թե ավելի կայուն և համախմբված են դարձել։ Սկզբում դա աշխատում էր. ՊՍԺ-ն նման էր թիմի։
Նման խաղերում Կիլիանը կարող էր բեկել հանդիպման ընթացքն ու 2-1 հաշվով հաղթանակ պարգևել։ Մբապեի հեռանալուց հետո ՊՍԺ-ն կորցրել է իր կախարդանքի մի մասը։ Ակնհայտ է, որ ակումբին անհրաժեշտ է նրա մակարդակի ֆուտբոլիստ։
Ակումբը որոշեց հաշվի առնել, որ երկրպագուբերը լավ հարաբերություններ չունեն թիմի աստղերի հետ ու ազատվեց որոշ ֆուտբոլիստներից։ Ղեկավարները որոշեցին շեշտը դնել երիտասարդների վրա։ Բայց այդ պարագայում էլ հնարավոր չէ միանգամից արդյունք ապահովել։ Անհրաժեշտ են նաև այնպիսի փորձառու ֆուտբոլիստներ, որոնք կօգնեն երիտասարդներին»,- Անրիի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն «Պարի Սեն-Ժերմենում» հանդես է եկել 2017-2024 թթ., 308 խաղում խփել 256 գոլ, կատարել 108 արդյունավետ փոխանցում։ Նա ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է։